HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Ամասիայում նախընտրական կրքերը չեն հանդարտվում

Ամասիա խոշորացված համայնքում նախընտրական քարոզարշավն ընթանում է բավական լարված մթնոլորտում: Ընտրապայքարի դուրս եկած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թիմը մրցակցին մեղադրում է իշխանության անունից հանդես գալու մեջ: «Բարոյական արժեքներ» կուսակցության ներկայացուցիչներն էլ իրենց հերթին, մատնացույց անելով համայնքապետարանի կողմից իրականացվող ճանապարհաշինական աշխատանքները, դրանք որակում են «նախընտրական փոսալցումներ»: 

Երկու կողմն էլ վրդովված է, որ համայնքի բնակիչներին բաժանել են ամասիացիների (բնիկների) և ախալքալաքցիների (եկվորների): Կուլիսներում շրջանառվող խոսակցությունները, դրանց կապակցությամբ արվող հայտարարություններն ու պատասխանները հիմնականում հանրայնացվում են համացանցում: 

Տիրող խառնաշփոթի հիմնական պատճառն այն է, որ գործող համայնքապետ Ջեմմա Հարությունյանը վայելում է իշխող կուսակցության աջակցությունը, մինչդեռ Ամասիայի ՔՊ տեղական խորհրդի նախկին նախագահ Սամվել Ղարիբյանը դուրս է եկել կուսակցությունից և ընտրություններին մասնակցում է «Բարոյական արժեքներ» կուսակցության ցուցակով։ 

ՔՊ թեկնածու Ջեմմա Հարությունյանը դժգոհել է, որ մրցակիցը շարունակում է ներկայանալ նախկին կուսակցության անունից ու պնդել, որ վայելում է իշխանությունների աջակցությունը և իրենք ամեն անգամ ստիպված են հերքել այդ լուրերը:

Նոյեմբերի 23-ին ՔՊ նախընտրական շտաբում հյուրընկալվել էր կուսակցության վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը: Ավագանու թեկնածուների և համախոհների հետ հանդիպման ժամանակ Նազելի Բաղդասարյանը ևս մեկ անգամ հավաստիացրել էր, որ կուսակցությունն աջակցում է մեկ թեկնածուի և այդ մեկ թեկնածուն Ջեմմա Հարությունյանն է, ում աշխատանքն իրենք տեսել են: 

Նազելի Բաղդասարյանի համոզմամբ, իրական ղեկավարը նա է, ով իր ընտանիքով, ազգակիցներով կապված է սեփական ծննդավայրին, ունենալով հնարավորություն հեռանալու՝ շարունակում է ապրել և աշխատել նույն վայրում: «Դու չես կարող Ամասիայի դարդ ու ցավը չիմանալով, հոգսը չիմանալով` գաս, էսօր առաջադրվես համայնքի ղեկավար»,- հանդիպման ժամանակ հայտարարել է Նազելի Բաղդասարյանը՝ հորդորելով իրենց թեկնածուին թույլ չտալ, որպեսզի որևէ մեկը հանդես գա ՔՊ կուսակցության անունից: 

«Վարչության որոշումից հետո ես կանչել եմ մյուս թեկնածուին, ով էն ժամանակ դեռ մեր կուսակցությունից էր՝ հորդորել եմ, ասել եմ՝ մի արա էդպիսի բան, դու վարչապետի որոշմանը, վարչության որոշմանը դեմ ես գնում, և դա չի բխելու ժողովրդի շահերից: Բայց իրենք չեն լսել, լավ ճանապարհով չեն գնացել, Աստված իրենց հետ»,- հանդիպման ժամանակ ասել է Ն. Բաղդասարյանը՝ ներկաներին հավաստիացնելով, որ անպայման հաղթելու են, և եթե որևէ մեկը փորձի ժողովրդի վրա ճնշում գործադրել, նրանցով կզբաղվեն իրավապահ մարմինները:

«Բարոյական արժեքներ» կուսակցությունը ներկայացնող, նախկին ՔՊ-ական Սամվել Ղարիբյանը ֆեյսբուքյան էջում պատասխանել է ԱԺ պատգամավորին՝ նկատելով, որ Նազելի Բաղդասարյանը չի տիրապետում իրականությանն ու փաստերին: «Ես՝ Սամվել Ղարիբյանս, դեռևս 1995 թվականից, իմ ընտանիքի հետ բնակություն եմ հաստատել Ամասիա համայնքի Արդենիս գյուղում: Ավելի քան երեք տասնամյակ իմ կյանքն ու գործունեությունը կապել եմ այս տարածաշրջանի հետ՝ ապրելով ու զբաղվելով գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ, ծավալելով գործունեություն՝ առնչվելով հենց այն խնդիրներին, որոնց ամեն օր բախվում են համայնքի բազմաթիվ բնակիչներ»,-նշված է հայտարարության տեքստում:

Անդրադառնալով իր հետ հանդիպմանն ու հետագայում իր ընտրած ուղուն, Սամվել Ղարիբյանը ճիշտ չի համարում, երբ անհամաձայնությունը ներկայացվում է որպես թշնամանք, իսկ այլընտրանքային կարծիքը` որպես սպառնալիք: «Մեզ համար քաղաքական մրցակցությունը մարդկանց բաժանելու միջոց չէ, այլ տարբեր մոտեցումներ ներկայացնելու, խնդիրները բացահայտելու և հանրության առջև պատասխանատվություն ստանձնելու հնարավորություն է»,- նշել է Ս.Ղարիբյանը:

«Բարոյական արժեքներ» կուսակցության ներկայացուցիչները նաև բնակավայրերի ճանապարհների հարթեցման տեսանյութեր էին տարածել և մեղադրել մրցակցին, որ զբաղված են «նախընտրական փոսալցումներով», և որ այդ աշխատանքները կարող էին ավելի վաղ կատարել, ոչ թե քարոզարշավի ակտիվ փուլում: 

Փորձեցինք Ամասիայի համայնքապետարանից ճշտել` արդյո՞ք հնարավոր չէր նշված աշխատանքներն իրականացնել ավելի վաղ, և ինչ տեղի կունենա, եթե դրանք հետաձգվեն մինչև ընտրությունների ավարտը:

«Մենք տարվա ընթացքում 2 անգամ՝ գարնանն ու աշնանը, պարտադիր փոսալցման, հարթեցման աշխատանքներ ենք կատարում,- բացատրեց փոխհամայնքապետ Արտավազդ Ղուկասյանը,- մեր 19 բնակավայրերի ճանապարհները գրունտային են, եթե անձրևներից հետո փոսալցման աշխատանքներ չանենք, շատ ավելի լուրջ պրոբլեմների առաջ կկանգնենք: Բացի դրանից, չունենք բավարար տեխնիկա, մինչև մի տեղում գործն ավարտում ենք, մյուս հատվածում էլի գործ է բացվում: Իսկ նոյեմբերին պիտի պարտադիր անենք-վերջացնենք, որ դեկտեմբերին ձյունը գալուց հետո մեքենաները չընկնեն փոսերը, չջարդվեն: Ասենք մշակութային միջոցառում չէ, որ հետո անենք կամ չանենք, սա ամեն տարի պարտադիր արվող աշխատանք է»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 29-ին Ամասիա համայնքում ավագանու 15 մանդատի համար պայքարելու են «Քաղաքացիական պայմանագիր» (45 թեկնածու) և «Բարոյական արժեքներ» (36 թեկնածու) կուսակցությունները: 2021թ․-ի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն ստացել էր ձայների 38,8 տոկոսը, սակայն հրաժարվել էր հասանելիք 6 մանդատից (ավագանու ցուցակը ղեկավարում էր Մերգել Ղարիբյանը): 

Գլխավոր լուսանկարում՝ Ջեմմա Հարությունյանը և Սամվել Ղարիբյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter