Անբարեխիղճ մրցակցություն պետական գնումներում․ «Պռոլաբ» և «Ա.Ա.Բ. Պրոեկտ» ՍՊԸ-ները տուգանվել են 29 854 000 դրամի չափով
Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը 29 854 000 դրամի չափով տուգանք է կիրառել ««Պռոլաբ» և «Ա.Ա.Բ. Պրոեկտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ» անձանց խմբի նկատմամբ անբարեխիղճ մրցակցության համար։ Այս մասին հայտնում են Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովից։
«Պարզվել է, որ «Պռոլաբ» ընկերությունը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հայտարարած ավտոճանապարհների հիմնանորոգման նախագծերի պատրաստման ծառայությունների ձեռքբերման մրցույթներում ներկայացրել է նախահաշվային գների համեմատ անիրատեսական ցածր գնային առաջարկներ՝ սահմանափակելով մյուս մասնակիցների՝ հավասար մրցակցային պայմաններում հաղթելու հնարավորությունը։
Մասնավորապես՝ ուսումնասիրված շուրջ 40 գնման ընթացակարգերից 22-ում ընկերության առաջարկած գները պակաս են եղել նախահաշվային գնի 15%-ից, իսկ 13-ի դեպքում կազմել են նախահաշվային արժեքի 1%-ից էլ պակաս (ընդհուպ մինչև 288 դրամ, 9 դրամ և 0.9 դրամ՝ միլիոնավոր դրամների նախահաշվային արժեք ունեցող մրցույթներում)։
Հանձնաժողովը նաև պարզել է, որ «Պռոլաբ» ընկերության գործունեությունը շարունակաբար և առանց տնտեսական հիմնավորման կանխավճարների տեսքով ֆինանսավորվել է նրա հետ փոխկապակցված և անձանց խումբ կազմող «Ա.Ա.Բ. Պրոեկտ» ընկերության կողմից նախագծման ոլորտի հնարավոր մրցակիցներին պետական գնումներից դուրս մղելու նպատակով։
Հանձնաժողովի որոշումը հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://ef.competition.am/api/decision/772B8C65-3EA1-443D-AC2E-D395C1F68604/download»,- նշված է հաղորդագրությունում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել