Դասվարի կողմից աշակերտին հոգեկան տառապանք պատճառելու գործով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հանրակրթական դպրոցի առաջին դասարանի դասվարը 2023թ. սեպտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում հոգեկան ուժեղ տառապանք է պատճառել նույն դասարանի աշակերտին:
«Մասնավորապես՝ դասվարը դասասենյակում, դասընկերների ներկայությամբ, աշակերտի նկատմամբ ցուցաբերել է տարբերակված բացասական վերաբերմունք՝ պարբերաբար թիրախավորել է նրա վարքագիծն ու անձը, նրան դիմելիս խոսել է ոչ նորմատիվային, վիրավորական բառապաշարով, ենթարկել ֆիզիկական և հոգեբանական բռնության, քաշքշել է՝ պատռել հագուստը, արհամարհել և անտեսել է նրան, համադասարանցիներին հորդորել է չշփվել, չխաղալ նրա հետ:
Դասվարի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը):
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է ՔԿ հաղորդագրությունում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել