Մեկ թեկնածու (Կարեն Մանուկյան) և զարգացման մեկ տեսլական. Կոճոռ թաղամասի հարցը դարձյալ օրակարգային է
Շիրակի մարզի Աշոցք խոշորացված համայնքում նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունները ևս, ինչպես Ախուրյանում, մրցակցային չեն լինելու: ՔՊ-ն ներկայացնող գործող համայնքապետ Կարեն Մանուկյանը միակ թեկնածուն է, ում օգտին «կողմ» քվեարկելուց զատ, ընտրողը կարող է նաև իր դիրքորոշումը հայտնել՝ «դեմ» գրառմամբ քվեաթերթիկով:
46-ամյա Կարեն Մանուկյանը ծնունդով Մեծ Սեպասար (գտնվում է Աշոցք խոշորացված համայնքում) գյուղից է: 1987-97թթ․-ին սովորել և ավարտել է գյուղի դպրոցը: 1998-2000թթ․-ին ծառայել է ՀՀ զինված ուժերում: Թեկնածուի կենսագրականում 2000-2018թթ․-ի վերաբերյալ ոչ մի հիշատակում չկա՝ ոչ կրթական, ոչ էլ աշխատանքային ոլորտներին վերաբերող: Մեր տեղեկություններով՝ Կարեն Մանուկյանը հիմնականում զբաղվել է արտագնա աշխատանքով:
2018թ․-ին՝ Շիրակի մարզպետի պաշտոնում Կարեն Սարուխանյանի նշանակվելուց 4 ամիս անց, սեփական դիմումի համաձայն, Աշոցքի համայնքապետի պաշտոնից հրաժարական է տալիս համայնքը 13 տարի ղեկավարած Արթուր Ալոյանը։ Իսկ արդեն նոյեմբերի 3-ին համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվում Կարեն Մանուկյանը, որն այդ ժամանակ ՌԴ-ում արտագնա աշխատանքի էր և հայրենիք էր վերադարձել մարզպետ ընկերոջ կանչով:
2019թ․-ի փետրվարի 17-ին Աշոցքում կայացած արտահերթ ՏԻՄ ընտրություններում համայնքապետի պաշտոնի համար առաջադրված 7 թեկնածուներից ստացած քվեների քանակով 1276 քվեով առաջատարը ՔՊ կուսակցության անդամ Կարեն Մանուկյանն էր: Մյուս 6 թեկնածուի միջև ձայները բաշխվել էին հետևյալ կերպ՝ անկուսակցական Կորյուն Սումբուլյանը ստացել էր 118 ձայն, ՔՊ-ական Գուրգեն Գալստյանը՝ 170, Վարդան Ղազարյանը՝ 135, Կարեն Մարտիրոսյանը՝ 435, ՀՅԴ-ական Սուրեն Սարգսյանը՝ 246, Աշոցքի նախկին ղեկավար, անցած նոյեմբերին հրաժարական տված և կրկին առաջադրված Արթուր Ալոյանը՝ 804, Կարեն Մարտիրոսյանը՝ 495 ձայն: 2019թ․-ի ՏԻՄ ընտրություններում Աշոցքում 5708 ընտրողից համայնքի ղեկավարի ընտրությանը մասնակցել էր 3287-ը կամ ընտրողների 57,59 տոկոսը:
2021թ․-ին, երբ Աշոցքը երկրորդ անգամ էր խոշորանում, ընտրության իրավունք ունեցող 7.514 հոգուց ընտրությանը մասնակցել էր 3.507-ը կամ ընտրողների 46,7%-ը: Կուսակցություններից առաջադրվել էին «Քաղաքացիական պայմանագիրը» և «Բարգավաճ Հայաստանը»՝ համապատասխանաբար ստանալով քվեների 68.0 % (10 մանդատ) և 32.0% (5 մանդատ): Ըստ գործող կարգի, այս անգամ էլ համայնքապետ էր ընտրվել ՔՊ-ական Կարեն Մանուկյանը:
Հունիսին կայացած համապետական ընտրությունների նախընտրական փուլի ժամանակ ակտիվ խոսակցություններ էին շրջանառվում, որ գալիք ՏԻՄ ընտրություններում Ախուրյանում ու Աշոցքում «Բարգավաճ Հայաստան»-ը ունենալու է սեփական թեկնածու, սակայն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանավորումից հետո առաջադրման վերաբերյալ լուրերը մարեցին: Թե՛ Ախուրյանում, թե՛ Աշոցքում իշխող կուսակցությունը ՏԻՄ ընտրություններում չունեցավ մրցակից:
Ինչպիսի՞ զարգացումներ են սպասվում Աշոցքում առաջիկա 5 տարվա ընթացքում, ինչ սպասելիքներ պետք է ունենան բնակիչները ծրագրային առումով ու ինչ պահանջներ՝ չիրականացման դեպքում: Առաջարկվող զարգացման ծրագրում առաջին պլան է մղված ասֆալտապատումը: Առաջիկա տարիներին Աշոցքում նախատեսվում է ընդհանուր առմամբ իրականացնել 30 կմ ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում և սալարկում: ՔՊ-ն խոստանում է համայնքի բնակավայրերում արդիականացնել կամ կառուցել ոռոգման և խմելու ջրի մատակարարման ցանցերը, ինչպես նաև շարունակել գազիֆիկացման աշխատանքները Բավրա, Սարագյուղ և Զույգաղբյուր բնակավայրերում: Ընտրվելուց հետո ՔՊ-ն խոստանում է մինչև 2031թ․-ը կապույտ վառելիքը հասցնել բոլոր չգազիֆիկացված բնակավայրերը:
«Առաջիկա 5 տարիներին համայնքի առաջնահերթություններից մեկը լինելու է գյուղատնտեսության արտադրողականության բարձրացումը, բերքատվության ու համախառն արտադրանքի ավելացումը, մշակվող ցանքատարածությունների մակերեսի ընդլայնումը և նոր տեխնոլոգիաների ներդրումը: Կաջակցենք անասնաբուծության արդյունավետության բարձրացմանը՝ անասնաբուժական ծառայությունների հասանելիությամբ, արոտավայրերի և խոտհարքերի բարելավմամբ, կերի արտադրության խթանմամբ և կաթի հավաքման ու իրացման կազմակերպված համակարգերի ձևավորվամբ»,- կարդում ենք ՔՊ-ի ներկայացրած նախընտրական ծրագրում:
Ընդհանրապես, ողջ ծրագիրը շարադրված է ոլորտների վերաբերյալ ընդհանրացված խոստումների ոճով: Օրինակ՝ իշխանության գալու դեպքում, Կարեն Մանուկյանի թիմը խոստանում է զարգացնել զբոսաշրջային ենթակառուցվածքները, իրականացնել աշխատանքներ՝ համագործակցելով ազգային պարկի և մարզային զբոսաշրջային նախաձեռնությունների հետ: Հստակեցված չէ, թե օրինակ, զբոսաշրջային առումով որ բնակավայրերում և ինչ ծրագրերով են պատրաստվում բարձրացնել զբոսաշրջային գրավչությունը: Մշակույթի ոլորտում առաջարկները սահմանափակվում են մշակութային և պատմական վայրերի բարեկարգման, տեղեկատվական ցուցանակների տեղադրման աշխատանքներով, ինչպես նաև տարվա ընթացքում ոլորտային միջոցառումներ կազմակերպելով:
Ինչպես նախորդ, այս ընտրությունների համատեքստում էլ, կրկին շրջանառության մեջ է դրվել Աշոցք բնակավայրի Կոճոռ կոչվող թաղամասի չարչրկված հարցը: Նախընտրական ծրագրում այն չկա, տեղեկությունը հրապարակված է Աշոցքի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում, հոկտեմբերի 25-ին, հետևյալ բովանդակությամբ. «Աշոցքում մարզական նոր հնարավորությունների հիմք է դրվում, կառուցվելիք մարզադպրոցի էսքիզն արդեն պատրաստ է: Նոր մարզադպրոցը կառուցվելու է Աշոցքի Կոճոռ թաղամասում: Պատվիրատուն է ՀՀ քաղաքաշինության կոմիտեն»:
Այս կարճ հաղորդագրության մեջ չկա պարզաբանում, թե ինչ ծրագիր է նախատեսված նույն թաղամասի խարխուլ, փլվող փայտե բնակարաններում ապրող բնակիչների համար: Համալիրը թաղամասի ո՞ր հատվածում է կառուցվելու, արդյո՞ք լուսանկարում պատկերված շքեղությունը համահունչ է լինելու կոճոռցիների, իրենց իսկ բնորոշմամբ՝ «առնետանոց, խոնավ, քայքայված» տների հետ: Այս և այլ հարցերի պատասխաններ փորձեցինք ստանալ գործող համայնքապետ, ՏԻՄ ընտրություններում միակ թեկնածու, ՔՊ ներկայացուցիչ Կարեն Մանուկյանից, սակայն մեկ շաբաթվա ընթացքում արված զանգերն ու ուղարկված հաղորդագրությունը մնացին անպատասխան:
Այս թաղամասը շատ հարմար ու շահարկվող թեմա է եղել գրեթե բոլոր տարիների համապետական ու տեղական ընտրությունների ժամանակ: Թաղամասը կառուցվել է 1989-91թթ․-ին, Սպիտակի երկրաշարժից հետո: Փայտյա երկհարկանի կացարաններն ի սկզբանե նախատեսված էին ժամանակավոր բնակության համար: Շենքերի մաշվածության պատճառով կացարանների զգալի մասը ներկայում վթարային են: Թաղամասի հետ կապված մշտապես բարձրացվել է նոր բնակելի շենքեր կառուցելու և բնակիչների բնակարանային խնդիրները լուծելու հարցը:
2018թ․-ի դեկտեմբերի 9-ի արտահերթ ԱԺ ընտրություններում նման խոստումներ էր հնչեցրել այն ժամանակ Շիրակի մարզպետ, պատգամավորի թեկնածու Կարեն Սարուխանյանը: Սակայն հաջորդ տարիներին ոչինչ տեղի չունեցավ, մինչև 2021 թ․-ի համապետական ու ՏԻՄ ընտրությունները, որոնց ժամանակ կրկին հնչեցին հուսադրող խոստումներ: Եվ միայն 2023թ․-ին հայտարարվեց, որ կոճոռցիների համար կառուցվելու է 15 եռահարկ շենք: Թաղամասի բնակիչների մասնակցությամբ եղավ հանրային քննարկում, հայտարարվեց, որ նախագծանախահաշվային փուլը սկսված է: Կառուցապատման նախագիծը քաղաքաշինության կոմիտեն նախնական գնահատել էր 4,2 մլրդ դրամ: Բայց թե երբ կսկսվի բնակարանաշինությունը, և երբ Կոճոռ թաղամասի 164 ընտանիքները վերջապես կտեղափոխվեն նոր բնակարաններ, այդպես էլ չհայտարարվեց:
2025թ․-ի հունվարի 24-ին, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանն, Աշոցք կատարած այցից հետո, ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Վերջերս այցելել էի Աշոցք համայնքի Կոճոռ թաղամաս՝ տեղում ծանոթանալու խնդիրներին: Թաղամասի բնակիչները դժվարին վիճակում են. փայտե կացարանները հերթով քանդվում են, պատերն անջատվում են, իսկ շատ շենքերում քայլելիս հատակը փլուզվում է: Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026թթ․) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցում նշված է, որ մեկնարկել են Աշոցք համայնքի Կոճոռ թաղամասի 20 վթարային փայտե շենքերի փոխարեն նոր թաղամասի նախագծման աշխատանքները: Սրանով ամեն ինչ վերջանում է»:
Գլխավոր լուսանկարում ձախից առաջինը՝ Կարեն Մանուկյան
Տես նաև`
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել