HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայտնի են «ԱրմՌոբոտիքս 2026» ազգային առաջնության հաղթողները․ տարվա չեմպիոնը Ներքին Կարմիրաղբյուրի թիմն է

Digitec 2026-ի շրջանակում Երևանի «Մերիդիան» էքսպո կենտրոնում տեղի ունեցավ «ԱրմՌոբոտիքս» ինքնավար ռոբոտների ազգային առաջնության եզրափակիչը, որն Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) կազմակերպում է արդեն 18-րդ տարին անընդմեջ։

«Խելացի ռոբոտներ ԱԲ գործարանում» խորագրի ներքո անցկացվող առաջնությանն այս տարի մասնակցության հայտ էր ներկայացրել ռեկորդային թվով՝ 180 թիմ (ավելի քան 700 աշակերտ)։ Մարզային փուլերը հաղթահարած 35 լավագույն թիմերը դուրս էին եկել եզրափակիչ։

Առաջին օրվա ընթացքում մասնակիցները հաքաթոնի ձևաչափով փորձարկեցին իրենց լիովին ինքնավար ռոբոտները, որոնք ունակ էին ինքնուրույն որոշումներ կայացնել և իրական արդյունաբերական խնդիրներ լուծել արհեստական բանականության գործարանում։ Մասնակիցները հաքաթոնի ընթացքում ստացան մենթորական աջակցություն NVIDIA ընկերության մասնագետների կողմից։

Երկրորդ օրը տեղի ունեցած եզրափակիչ փուլում թիմերն իրենց լուծումները ներկայացրին ժյուրիի դատին՝ պայքարելով ազգային չեմպիոնի կոչման համար։ Օրվա ընթացքում պատանի ճարտարագետների մրցապայքարին հետևեցին և նրանց ստեղծած ռոբոտներին ծանոթացան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը, NVIDIA-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանը և Digitec-ի այլ հյուրեր։

Եզրափակիչի պաշտոնական բացմանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց․ «Այս ռոբոտները մեր աշակերտների և նրանց խմբավարների ամենօրյա աշխատանքի շոշափելի արդյունքն են։ Սակայն այս մրցույթը միայն տեխնոլոգիական հաջողությունների մասին չէ․ այն միավորում է Հայաստանի տարբեր մարզերի երիտասարդներին, որտեղ Կարմիրգյուղի երեխաները ծանոթանում են Ներքին Կարմիրաղբյուրի իրենց հասակակիցների հետ, ընկերանում և փոխանակվում գաղափարներով։ Ահա սա է իրական կրթությունն ու մեր երկրի զարգացման հիմքը»։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանն իր ելույթում շեշտեց․ «Գիտությունն է ձևավորում տեխնոլոգիան, և մենք ցանկանում ենք, որ այստեղ ներկայացված գաղափարները մի օր դառնան արտահանվող պրոդուկտներ։ Ուրախալի է տեսնել, որ Հայաստանի երիտասարդները ոչ միայն օգտագործում են առաջատար տեխնոլոգիաները, այլև ստեղծում են դրանք»։

«Այսօր այս դահլիճում հավաքվածներն ապագային չեն սպասում․ նրանք այն կառուցում են սեփական ձեռքերով։ Ձեր ռոբոտներից յուրաքանչյուրի հետևում ամիսների աշխատանք է, անքուն գիշերներ, չստացված փորձեր ու նորից սկսելու համարձակություն։ Սա է իսկական ճարտարագետի ուժը»,- մասնակիցներին ուղղված խոսքում ասաց ԱՏՁՄ նախագահ Արմեն Քոչարյանը։

«Մենք աջակցում ենք «ԱրմՌոբոտիքս»-ին, որովհետև վաղվա խելացի մեքենաները կառուցող մարդիկ այսօր այստեղ են։ Եվ մեզ համար կարևոր է, որ նրանք մեծանան ու ստեղծեն հենց Հայաստանում։ Այդ պատճառով այս տարի մեր գործընկեր NVIDIA-ի հետ միասին NVIDIA-ի մենթորներ ներգրավեցինք «ԱրմՌոբոտիքս»-ի հաքաթոն, թիմերի հետ աշխատելու համար։ NVIDIA-ի չիպերով են այսօր աշխատում աշխարհի ամենահզոր ԱԲ համակարգերը, և այդ ընկերության մասնագետներից ուղիղ սովորելու հնարավորությունը շատ ինժեներներ ստանում են միայն տարիներ անց։ Դուք այն ստացաք շատ ավելի շուտ։ Այսօր ով էլ հաղթի, դուք արդեն արել եք ամենադժվարը՝ ձեր գաղափարը դարձել է աշխատող ռոբոտ։ Շարունակեք կառուցել։ Մենք սպասում ենք այն օրվան, երբ կգաք և կկառուցեք մեզ հետ»,- իր ողջույնի խոսքում նշեց «ԱրմՌոբոտիքս 2026»-ի հովանավոր Eleveight AI-ի հիմնադիր Արման Ալեքսանյանը։

Լարված պայքարի արդյունքում հայտնի դարձան առաջնության հաղթողները․ «ԱրմՌոբոտիքս 2026»-ի տարվա չեմպիոն ճանաչվեց Ներքին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցի թիմը։ Կրտսեր տարիքային խմբում առաջին տեղը զբաղեցրեց Ներքին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցը, երկրորդը՝ ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի ավագ դպրոցը, իսկ երրորդը՝ Կարմիրգյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցը։ Ավագ տարիքային խմբում հաղթող դարձավ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի թիմը, երկրորդ և երրորդ հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցրին Քարահունջի միջնակարգ դպրոցի և Գյումրու թիվ 4 հիմնական դպրոցի թիմերը։

«ԱրմՌոբոտիքս»-ի հովանավոր Eleveight AI-ը NVIDIA-ի հետ համագործակցությամբ մրցույթի լավագույն մասնակիցների համար ապահովեց ուսուցման բացառիկ հնարավորություն՝ հաղթող թիմերին տրամադրելով անվճար մասնակցություն NVIDIA Deep Learning Institute-ի (DLI) մասնագիտացված դասընթացներին։ Բացի այդ, հաղթող թիմերի համար կկազմակերպվի նաև ճանաչողական էքսկուրսիա Eleveight AI-ի գործարանում։

Արդեն 18 տարի «ԱրմՌոբոտիքս» առաջնությունը ԱՏՁՄ առանցքային կրթական նախաձեռնություններից է, որը դպրոցական ինժեներական կրթությունը կապում է իրական արդյունաբերական մարտահրավերների հետ և պատրաստում Հայաստանի տեխնոլոգիական առաջնորդների հաջորդ սերնդին։ Այս տարվա առաջնությունն անցկացվեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության բարձր հովանու ներքո և Eleveight AI-ի հովանավորությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter