ԱՅԼԸ․ ԱՎԱԳ ԵՓՐԵՄՅԱՆ
ՊԱՐԱԳԻՐ
Ես կծկվում եմ` ծածկվում բառի խառնակույտով:
Եւ բառերի դատարկ ակնախոռոչներից
Արցունքներն են կաթում բառի արքաների:
Կյանքը շատ է սիրում ստեպ-ստեպ նահատակվել`
Մեղադրելով իրեն անհույս սիրողներին`
Ճամփի խոսքերն հանկարծ դարձնում արկանելի:
Իսկ երբ ողջ ու մեռյալ սարսուռներն են մեկվում,
Այս Աշխարհը սպասում կոչած հայացքները
Փշուր-թափթփվում են ցասման սալքարերին.
Էլ ուշքի չեն գալիս, պարտակվում է ուշքը
Վաղորդայնի վիհում, որտեղ միշտ է եղել
Երկինքն ի վեր ստելն – այդքան – անկարելի:
ԱԼՔ
Ջրերը – մակընթաց, տեղատու –
վերջնավճիռ են տեսնում
գոյության մեջ հսկա քարերի,
որոնց երազներում… ալիքներ են ծփում…
Այստեղ նույնն ենք:
Ճակատագրության թիրախը
բանաստեղծությունն է,
միակը,
որը կշրջանցի ճակատագիրը...
Այստեղ` տարբեր:
Ճչա՞լ, թե՞ չճչալ բառը:
Անապատի մասին չէ,
որ խոսում եմ,
այլ` որ այս բանաստեղծության
դուռը չեմ փակելու, ինչ է թե
շեմին ոչ ոք չկա:
Ահա ինչպիսի վճիռներ են ծփում
մարդու արդեն քարե սրտում,
երբ արժանանում է
մի քանի բառ էլ
ինքը իր համար գրելու բախտին,
հասկանալի,
անչափ հասկանալի մի աշխարհում,
մի երեկո, որը…
նույն անդունդն է, որտեղ…
Կենաց Ծառն է աճում,
մարդուց թաքուն:
ԵՐԿՈՒ ՃԵՊԱՆԿԱՐ
1.
Տղմուտ, պատահական
ու կանխակալ`
կյանքը
մոտակայքն է:
Մոտակայքում միայն
կեսարներ են,
նրանց կողքին`
իրենց զեռունները:
Պարզ գծեր են`
ոչ մի խորապատկեր,
ոչ մի հեռանկար:
Հեռանկարների տեղից
մի քայլ այնկողմ`
միշտ գրկաբաց,
իրենց տրտմության մեջ
պատահական մարդուց ազատ
ու փղձկալու պատրաստ
հեռուները:
2.
Վերեւներից
ոչինչ չի երեւում,
սակայն պարզ լսվում է
վերեւների համար
լացող ձայնը:
ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔ
Ամեն օր հեռանում եմ
փոքր քաղաքից`
ամեն օր հաստատվելով
փոքրացող քաղաքում:
Ինձ հետ միայն իմ սեւ
ագռավներն են,
կյանքն են
աղղ-աղղ-ղաա-կուում:
ԱՅԼԸ
Թե` մարդու տեղը չարիքի մեջ է:
Թե` մինչեւ փոքրիկ ճրագի վերջը
դեռ կշնչի:
Թող: Երկինք հյուսիր: Անհառելի:
Նորը: Հելունով ԱՅՆ բառերի,
որ չեն հնչի:
Lուսանկարները՝ Ֆրունզ Ավետիսյանի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել