Բացահայտվել են աննախադեպ քանակի ծխախոտային արտադրանքի անօրինական տեղափոխման դեպքեր․ ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն հաղորդում է, որ Մաքսանենգության դեմ պայքարի և Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությունների աշխատակիցները զննման են ենթարել ԻԻՀ-ից ՀՀ ժամանած երկու բեռնատար ավտոմեքենա, որոնք բեռնված են եղել շինարարության համար նախատեսված տարբեր ապրանքներով։
«Զննության արդյունքում բեռնատարների կցորդներից հայտնաբերվել է չհայտարարագրված ընդհանուր 247 հազ․ 100 տուփ ծխախոտ:
Կատարված նախնական հաշվարկների համաձայն՝ Հայաստանի քաղաքացիների կողմից վերոգրյալ ծխախոտները ՀՀ տարածք անօրինական ներմուծելու արդյունքում չի հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել ընդհանուր՝ 96 369 000 ՀՀ դրամ ակցիզային հարկ։
Նշված դեպքերով, ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի հատկանիշներով, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները առերևույթ հանցանքի մասին հաղորդումներ են ուղարկել Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել են քրեական վարույթներ»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել