Մնալու գինը
Արագիլները չվող թռչուններ են, համենայն դեպս, այդպես ընդունված է աշխարհում։ Նորմալ պայմաններում չվում են օգոստոսի վերջում, վերադառնում՝ մարտի սկզբին։ Սակայն հիմա՝ նոյեմբերին, Երևանում կարելի է տեսնել արագիլներ։ Հայաստանում գտել են սննդի նոր աղբյուր և այլևս չեն չվում դեպի Մերձավոր Արևելք։ Երևանում սնունդի աղբյուրը, հիմնականում, Նուբարաշենի աղբավայրն է, որտեղ սնվում են մարդկանց ուտելիքի մնացորդներով։
Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի կրտսեր գիտաշխատող Լուսինե Աղաջանյանը նշում է, որ չչվելու գլխավոր պատճառը հենց սննդի հասանելիությունն է։ Եթե թռչունները կարողանում են բավարար սնունդ գտնել, ձմռանը հեռանալը նրանց համար էներգիայի ավելորդ վատնում է։
Այս միտումը նոր չէ։ Դեռ 2000-ականներին, երբ Հայաստանում սկսեց զարգանալ ձկնաբուծությունը, ստեղծվեցին արհեստական լճեր, արագիլները սկսեցին ձմեռել այդտեղ։ «Օրինակ՝ Արմաշի ջրաճահճային հատվածներում դեռևս քսան տարի առաջ դեկտեմբեր ամսին արձանագրվում էին 2,500-ից ավելի արագիլների կուտակումներ։ Ժամանակի ընթացքում, սակայն, սննդի հիմնական աղբյուրներն ու կուտակման վայրերը փոխվեցին»,- նշում է Լուսինե Աղաջանյանը։
Դասական գրականության մեջ արագիլը նկարագրվում է որպես ջրաճահճային տարածքների թռչուն, որը սնվում է մանր անողնաշարավորներով, սողուններով, մանր թռչուններով ու ձկներով։ Հիմա արագիլները փոխել են իրենց կեցավայրը և սննդակարգը։ Լուսինե Աղաջանյանը պատմում է, որ դեռևս մի քանի տարի առաջ արված մի հետազոտության շրջանակում 22 արագիլներից, որոնց վրա դրված էր GPS, 2-ն են չվել, մնացածը ձմեռել են կա՛մ Մասիսի, կա՛մ Նուբարաշենի աղբավայրում։ Արագիլների թռիչքի օրվա հետագիծը անփոփոխ է եղել. ցերեկային ժամերին գնացել են Նուբարաշեն, գիշերները` վերադարձել Երևանի ՋԷԿ-ի և դրա հարակից տարածք, քանի որ տեղանքը համեմատաբար տաք է և կան բարձր շինություններ, էլեկտրասյուներ։ Նույն այդ GPS-ի միջոցով հնարավոր է հետևել նրանց շարժին։ Օրինակ՝ երբ 2023-ին Մասիսի աղբավայրը հողով ծածկեցին, թռչունները տեղափոխվեցին Նուբարաշեն կամ Թուրքիայի Իգդիրի հարակից մեծ աղբավայր։
Վերջին տարիներին Հայաստանում աճել է բնադրող արագիլների քանակը։ 2016 թվականի տվյալներով` Հայաստանում կար ընդամենը մոտ 700 բնադրող զույգ, իսկ այժմ այդ թիվը հասել է շուրջ 3200-ի։ Լուսինե Աղաջանյանի գնահատմամբ՝ Հայաստանում բնադրող մոտ 3200 զույգ արագիլներից ձմռանը երկրում մնում է 1500-2000 առանձնյակ։
Երևան, Էրեբունի վարչական շրջան
Նրանք բնադրում են բարձր վայրերում։ Որպես բնադրման հիմնական վայրեր սկսել են զանգվածաբար օգտագործել էլեկտրասյուները։ Բացի էլեկտրասյուներից, նրանք բնադրման համար հարմարեցնում են ցանկացած բարձր մարդածին կառույց՝ ալեհավաքներ, գազատար խողովակների անկյունային հատվածներ կամ տան տանիքներին դրված ջրի բաքեր, չգործող վերամբարձ կռունկներ։
Երասխահուն գյուղ
Արագիլները, սնվելով մարդկանց ուտելիքի մնացորդներով, որոշ չափով կատարում են նաև բնության սանիտարի դեր։ Սակայն, մարդու ստեղծած միջավայրը նրանց համար ոչ միայն սննդի աղբյուր է, այլև վտանգների պատճառ։ Դրանցից մեկը էլեկտրահարումն է։

Էլեկտրասյան վրա գիշերելիս կամ բնադրելիս արագիլները էլեկտրահարվում են։ Քանի որ արագիլների թևերի բացվածքը լայն է, հաճախ թռչունը միաժամանակ բախվում է տարբեր լարում ունեցող երկու կետերի և էլեկտրահարվում։ Լուսինե Աղաջանյանի փոխանցմամբ՝ դեպք է եղել, երբ կողք կողքի նստած արագիլներից մեկը հոսանքահարվել է, և հոսանքը փոխանցվել է մյուսներին, այդպես բոլորը սատկել են։
Այս իրավիճակը տարիներ շարունակ լուրջ խնդիրներ է պատճառել նաև էներգետիկ ենթակառուցվածքներին։ «ՏԷՑ-ից զանգում էին, բողոքում էին, ասում՝ ի՞նչ անենք արագիլների հետ, որովհետև իրենք թռիչքի ժամանակ չեն նկատում այդ էլեկտրագծերը ու էլեկտրահարվում են։ Իսկ երբ իրենք էլեկտրահարվում են, համակարգում անջատումներ են լինում, ինչի պատճառով տնտեսվարողները խնդիրներ են ունենում»,- պատմում է Լուսինե Աղաջանյանը։ Հիմա այդ ենթակառուցվածքներում աշխատողները ժամանակավոր լուծում են գտել. տարբեր միջոցներ են կիրառում վախեցնելու նպատակով, չվնասելով արագիլներին, որ թռչունները հեռանան այդ տարածքից։
Էլեկտրահարման դեպքերի կտրուկ աճ նկատվեց 2019 թվականից, երբ արագիլների փետուրները սկսեցին աղտոտվել յուղային թափոններով։ Յուղոտված փետուրները կորցնում են աերոդինամիկ հատկությունները, ինչի պատճառով թռչունները չեն կարողանում ճիշտ մանևրել թռիչքի ընթացքում, բախվում են էլեկտրագծերին և զանգվածաբար էլեկտրահարվում։
Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը իրականացրել է մի հետազոտություն, որտեղ ներկայացված են թռչունների էլեկտրահարման մասշտաբներն ու վտանգները։ Հետազոտողները ոտքով անցել են Հայաստանի չորս մարզերի (Շիրակ, Արարատ, Կոտայք և Արմավիր) շուրջ 114 կիլոմետր էլեկտրագծերի երկայնքով՝ մանրամասն ստուգելով 2071 էլեկտրասյուն և դրանց հարակից 40-մետրանոց տարածքը։
Դաշտային աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է էլեկտրահարված 15 տարբեր տեսակների 252 թռչուն։ Հետազոտությունը ցույց է տվել, որ անկած թռչուններ հիմնականում եղել են բետոնե սյուների մոտ, որոնց տակ գրանցվել է դեպքերի 94.8%-ը (239 թռչուն), մինչդեռ փայտե սյուների տակ հայտնաբերվել է ընդամենը 13 անկած թռչուն։
Ամենադաժան տեսարանը եղել է «Արփի լիճ» ազգային պարկի շրջակայքում, որտեղ լճափի երկայնքով իրար զուգահեռ անցնում են 10 կիլովոլտանոց չմեկուսացված էլեկտրագծեր։ Այստեղ որոշ էլեկտրասյուների տակ հայտնաբերվել է մինչև 10 սատկած թռչուն։ Էլեկտրահարվածների թվում եղել են նաև ՀՀ Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ տեսակներ՝ քարարծիվ, բվեճ, փոքր հողմավար բազե և այլն։
Լուսինե Աղաջանյանը նշեց, որ հիմա շահագրգիռ կազմակերպությունների հետ քննարկվում է այդ սյուների վրա տեղադրել հատուկ հարմարություններ, որ թռչունը կանգնելիս կամ բնադրելիս չշփվի էլեկտրասյան հետ։
Արագիլներն արդեն հարմարվել են։ Բայց այդ հարմարվողականությունն ունի իր գինը։ Մարդու ստեղծած միջավայրը մի կողմից օգնում է գոյատևել, մյուս կողմից՝ վտանգում կյանքը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել