HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Վարդանյան

Վանաձորցի զինվորի պատերազմի 19 օրը՝ Արալեռից մինչև Տիգրանավան. Էրիկ Մկրտչյան

44-օրյա պատերազմի ժամանակ, Տիգրանավանի մատույցներում, անօդաչուի հարվածից 16 զինծառայողից 6-ը զոհվեցին, 10-ը վիրավորվեցին։ Ծանր ողնուղեղային վնասվածք ստացավ ժամկետային զինծառայող, վանաձորցի Էրիկ Մկրտչյանը։ Անվասայլակին գամված տղան, սակայն, չհանձնվեց. «Զինվորի տան» աջակցությամբ նա նոր մասնագիտություն ձեռք բերեց և այսօր հաջողությամբ աշխատում է որպես գրաֆիկ դիզայներ։  

«2019թ. հուլիսի 17-ին զորակոչվել եմ ժամկետային զինծառայության Խնձորեսկի 60369 տանկային զորամասում (գումարտակ)։ Զորամասի հրամանատարը փոխգնդապետ Հովիկ Գաբրիելյանն էր։ Զինծառայության ուսումնական փուլը անցել եմ զորամասի առանձին ստորաբաժանումում մեկ ամիս տևողությամբ, հետո տեղափոխվել եմ մոտոհրաձգային գումարտակի առաջին վաշտի երկրորդ դասակի առաջին ջոկ որպես հրաձիգ։ Մեր վաշտի հրամանատարն ավագ լեյտենանտ Մկրտչյանն էր։ 

2020թ. մայիսին գնացել ենք Ջրական՝ զորավարժության, Արալեռի ստորոտին ինժեներական աշխատանքներ ենք կատարել՝ խրամատ ենք փորել և թաքստոց սարքել։ Սպաները ասում էին, որ պատերազմի ժամանակ այդտեղ լինելու են մեր դիրքերը։  

Սեպտեմբերի 23-ից մեր զորամասում զորանոցային վիճակ էր, սպաները տուն չէին գնում, գումարտակը տագնապային իրավիճակում էր։ 

Սեպտեմբերի 26-ին լողանալու օր էր, լողացանք, զինվորական համազգեստը լվացինք, արդուկեցինք ու երեկոյան արդեն մաքուր, կոկիկ պատրաստ էինք հաջորդ օրվան, պարզվեց՝ պատերազմին։ 

Արալեռի դեպքերը

Սեպտեմբերի 27-ի առավոտյան 06:30-ին վաշտի հրամանատարը եկավ մեզ հավաքեց ու ասաց, որ տագնապ է զորամասում, պիտի գնանք առաջնագիծ։ 08:30-ին ստացանք զենք-զինամթերքը և մեր վաշտի «ԲՄՊ»-ներով տագնապով զորամասից դուրս եկանք։ Մոտ մեկ օր ճանապարհ գնացինք։ Մեր «ԲՄՊ»-ի հաշվարկում 7 հոգի էինք։ Ջոկի հրամանատար, մեխանիկ-վարորդ, լիցքավորող, նշանառու, 2 հրաձիգ և 1 նռնականետորդ, ես հրաձիգներից մեկն էի։ Այդ օրվա գիշերը՝ ժամը 01:30-ին, հասանք տեղ՝ Արալեռ և մեր կահավորած խրամատներում դիրքավորվեցինք։ Հաջորդ առավոտ սկսեցին անօդաչուները պտտվել մեր գլխավերևում և հրետակոծել դիրքերը։ Մեր դասակի 3 ջոկերը իրար կողք էին դիրքավորված, «ԲՄՊ»-ները մեզնից քիչ հեռու էին։ Այդ ժամանակ մենք 3-րդ գիծ էինք։ Հետո քիչ-քիչ երկրորդ գիծ դարձանք, քանի որ հակառակորդը առաջ էր գալիս։ 

«ԲՄՊ»-ները գլխացավանք էին դարձել, օգուտ չէին տալիս

Հոկտեմբերի 1-ին ակտիվ հրետակոծության հետևանքով մեր մյուս դասակի մի քանի «ԲՄՊ» խփեցին, շարքից հանեցին։ Այդ օրը նաև մի քանի զոհ ունեցանք։ 

Այդ օրերին մեր մյուս դասակի տեխնիկաներից մեկն էլ գործողություն կատարելիս խփվեց։ «ԲՄՊ»-ները ավելի շատ գլխացավ էին դարձել, չգիտեին ինչ անեն, որտեղ թաքցնեն։ Եթե այդ դիրքից կրակեինք, հարվածը կհասներ մեր առաջնագծի զորքերին։ Հոկտեմբերի 6-ին հրամանատարությունը որոշեց, որ պիտի փոխենք մեր դիրքերը, ու այդ գիշեր գնացինք Հադրութի զորամաս։ Հադրութում մեր «ԲՄՊ»-ներից 3 հատ էլ խոցվեց, շարքից դուրս եկավ։ Մեկ օր մնացինք Հադրութում և գնացինք Ջրական։ Քանի որ «ԲՄՊ»-ների մի մասը շարքից դուրս էր եկել «ուրալներով» Ջրական հետ գնացինք։ Նոր տեղը ինձ համար անծանոթ տարածք էր, միայն գիտեի, որ Ջրականում ենք։ Հոկտեմբերի 14-ի գիշերը տղերքից մեկը եկավ ու մեր դասակի հրամանատարին ասաց, որ թուրքերեն խոսակցություն է լսել մոտակայքում։ Քանի որ դասակի հրամանատար չունեինք, այդ սպային մեր այլ ստորաբաժանումից էին որպես դասակի հրամանատար բերել։ Դասակի հրամանատարը գնաց, հետախուզեց, եկավ ու ասաց. «Զգո՛ն եղեք, ամեն րոպե կարան հարձակվեն մեր վրա»։ Այդ ժամանակ մեր զորամասի դիպուկահարները լավ աշխատեցին խոսողների վրա, որոնց ձայները լսել էին զինակիցներս։ Հոկտեմբերի 15-ին հակառակորդը հարձակվեց, «պիկապներով» վրան «ԴՇԿ»-ներ դրած կրակելով մեր ուղղությամբ եկան ու անցան։ Այդ ժամանակ սպաները ասացին, որ նահանջ ենք անում։ Մենք կրակելով, կռվելով նահանջեցինք։ Այդ օրը նահանջեցինք դեպի Իշխանաձոր և դիրքավորվեցինք Տիգրանավան գյուղի մոտակայքում։ Մի գիշեր մնացինք այդտեղ՝ գյուղի մոտ՝ ճանապարհի եզրին։

Հոկտեմբերի 16-ի 16 տուժածներից մեկը ես էի

Հոկտեմբերի 16-ի առավոտյան 08:00-ին անօդաչուն խփեց մեզ ու ես վիրավորվեցի։ Այդ անօդաչուի հարվածից ունեցանք 6 զոհ և 10 վիրավոր, որոնց մի մասը թեթև վիրավորներ էին։ Հետո շտապօգնության «ՈՒԱԶ»-ով ինձ ու մնացած վիրավորներին տեղափոխեցին Խնձորեսկ։ Մեր զորամասն արդեն զինվորական հոսպիտալ էր դարձել, որ վիրավորներին առաջին բուժօգնություն ցույց տային։ 19 օր հետո հետ եկա զորամաս՝ արդեն որպես բուժառու․ զորամասը հոսպիտալ էր արդեն։ Մտածում էի մի քանի օր մեր զորամասում կմնամ, կդզվեմ ու հետ կգնամ տղերքի մոտ։ Քանի որ ցավեր չունեի, մտածում էի բան չի եղել։ Այդ օրը ինձ տեղափոխեցին Գորիսի հիվանդանոց և հետո ուղղաթիռով տեղափոխեցին Երևան՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոն։ Այնտեղ վիրահատվեցի և անցկացրի հետվիրահատական շրջանը: Պարզվեց՝ անօդաչուի բեկորը մեջքիս ոսկորը ջարդել, ողնուղեղս ճզմել էր, որից էլ ոտքերս ամբողջությամբ թուլացել էին։ 

Նոր մասնագիտություն ստացա և այժմ գրաֆիկ դիզայներ եմ աշխատում

Նոյեմբերի 28-ին տեղափոխեցին «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն։ Անկողնային էի, չէի կարողանում շարժվել։ Մեկ շաբաթ անկողնում պարապեցին կինեզիստները, հետո քիչ-քիչ ակտիվացա, սայլակ նստեցի ու արդեն սայլակով տուն վերադարձա։ Արդեն 6 տարի սայլակին եմ։ 

2022-2024թթ. Զինվորի տանը բացված ծրագրի շրջանակում աշխատում էի՝ չորացրած թիթեռներից կոմպոզիցիաներ էինք պատրաստում։ Այդ ընթացքում Զինվորի տանը տարբեր դասընթացների մասնակցեցի, գրաֆիկ դիզայների մասնագիտություն ձեռք բերեցի։    

Այժմ Էրիկը «Դասագրքերի շրջանառու հիմնադրամում» աշխատում է որպես գրաֆիկ դիզայներ։  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter