HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնակիչները դեմ են Շենգավիթում պրեպրեգի գործարանի կառուցմանը

«Ռայդենա» ընկերությունը ցանկանում է Երևանի Մանանդյան 33/27 հասցեում հիմնել պրեպրեգի (խեժով ներծծված մանրաթելային նյութ) արտադրության գործարան։ Այսօր՝ նոյեմբերի 18-ին, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի է ունեցել առաջին հանրային լսումը։ 

Բնակիչները դեմ են արտահայտվել նախագծին՝ մտահոգություններ հայտնելով  արտանետումների, տարեկան 11 տոննա թափոնի եւ սանիտարապաշտպանական գոտու հիմնավորումների վերաբերյալ։ Ընկերությունը պնդել է, որ արտադրությունը փակ տարածքում է լինելու, իսկ արտանետումները՝ քիչ քանակով, սակայն լսմանը վիճարկվել են ջերմաստիճանի և արտադրության դասակարգման մասին պարզաբանումները։ 

Ինչ են ուզում կառուցել ու արտադրել 

Պրեպրեգի արտադրության գործարանի նախագծող ընկերության ներկայացուցիչ Վռամ Թևոսյանի խոսքով՝ արտադրությունը նախատեսվում է իրականացնել փակ տարածքում։ Ըստ նրա՝ գործընթացը ներառում է հումքի նախապատրաստում և խառնում, ապակաթելային նյութի պատում խեժով, չորացում ու պատրաստի արտադրանքի փաթեթավորում։ Միաժամանակ նշել է, որ խեժը ներմուծվելու է պատրաստի վիճակում, այսինքն՝ խեժի արտադրություն տեղում նախատեսված չէ։ Ներկայացուցչի խոսքով՝ օգտագործվելու են հիմնականում էպօքսիդային խեժեր և ամրանավորող ապակաթելային նյութեր։

Վռամ Թևոսյանը նշել է, որ տարբեր խառնուրդների մշակման ընթացքում ջերմաստիճանը կարող է հասնել մոտ 80 աստիճանի, որոշ դեպքերում՝ մինչև 150 աստիճանի։ Ընկերության հաշվարկներով՝ օդ արտանետվող նյութերի քանակը տարեկան մոտ երկու կիլոգրամ է։ Նրա խոսքով՝ ապակաթելային նյութի մշակման ժամանակ կարող է փոշի առաջանալ, սակայն ընկերության գնահատմամբ դրա քանակը փոքր է։ Ըստ այդմ՝ Վռամ Թևոսյանի խոսքով՝ ֆիլտրեր նախատեսված չեն։ 

Ջուրը, ըստ ներկայացուցչի, օգտագործվելու է հովացման փակ համակարգում․ այն արտադրական խառնուրդների հետ չի շփվելու, իսկ ջրօգտագործման կորուստը լրացվելու է թարմ ջրով,  արտադրական կեղտաջրերի արտահոսք, նրա խոսքով, նախատեսված չէ։

Բացի այդ, նախատեսվում է, որ տարեկան առաջանալու է մոտ 11 տոննա թափոն, այդ թվում՝ խեժի, ապակաթելի, սիլիկոնային և փաթեթավորման նյութերի մնացորդներ։ «Որոշ թափոններ կարող են դասվել վտանգավորների շարքին»,- նշել է Վռամ Թևոսյանը։ Դրանք նախատեսվում է պահել փակ տարաներում և փակ տարածքում՝ մինչև լիցենզավորված կազմակերպությանը հանձնելը։ Ներկայացուցիչն ասել է, որ երկու կազմակերպության հետ քննարկումներ են ընթանում թափոնների տեղափոխման ու մշակման վերաբերյալ։ 

Ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ օդափոխության նախագիծը պատրաստ է, իսկ անվտանգության և արտակարգ իրավիճակների արձագանքման միջոցառումները պետք է վերջնականացվեն մինչև գործունեությունը սկսելը և համաձայնեցվեն համապատասխան մարմինների հետ։ Նա նաև նշել է, որ արտադրական գործընթացը փակ տարածքում է լինելու, և «աղմուկը պետք է որ համապատասխանի սահմանված նորմերին»։

Հատկանշական է, որ ավելի վաղ հրապարակված գործունեության նկարագրության մեջ չի խոսվել այն մասին, որ արտադրության ընթացքում ջերմաստիճանը կարող է բարձրանալ մինչև 150 աստիճան։ Բացի այդ, նույն նկարագրության մեջ նշվել է, որ արտադրության իրենց ներկայացրած արտադրական տեխնոլոգիան թույլ կտա հումքն ամբողջությամբ օգտագործել, իսկ ստանդարտին չհամապատասխանող արտադրանքը հնարավոր կլինի նույն սարքավորումների վրա օգտագործել։ Այդպիսով, նշվել էր, որ արտադրական մնացորդների կամ թափոնների առաջացում չի ակնկալվում։ Տարեկան 11 տոննա թափոնի առաջացման մասին նախագծի նկարագրության մեջ հիշատակում չի եղել։ 

Ընկերությունը լրատվամիջոցներին զգուշացրել է՝ կդիմի դատարան 

Բնապահպան Օլեգ Դուլգարյանը բարձրացրել է բնապահպանների, լրագրողների և ակտիվիստների դեմ ներկայացվող դատական հայցերի հարցը։ Նա մտահոգություն է հայտնել, որ ընկերությունների՝ հրապարակումների կամ քննադատական կարծիքների կապակցությամբ դատարան դիմելու սպառնալիքները կարող են զսպող ազդեցություն ունենալ հանրային խոսքի վրա։ 

Այս մասին հիշեցնելու առիթ են դարձել  նոյեմբերի 13-ին «Ռայդենա» ընկերության «Էկոլուր» և «Քաղաքացու ձայն» լրատվամիջոցներին ուղղված նամակները։ Երկու լրատվամիջոցներն էլ հրապարակում էին արել այն մասին, որ «Ռայդենա» ընկերությունը ցանկանում է պրեպրեգի արտադրության գործարան հիմնել Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ բնակելի շենքերի հարևանությամբ։ Լրատվամիջոցները միաժամանակ նշել էին նմանատիպ արտադրական գործունեության ռիսկերի մասին։ Ընկերությունը լրատվամիջոցներին ուղղված նամակում պահանջել է «ճշգրտել հոդվածի ձևակերպումները»՝ դրանք անվանելով ընդհանրական ու ընկերության նախատեսվող գործունեությանը չհամապատասխանող։ Հրապարակված հոդվածներում լրատվամիջոցները նշել են նմանատիպ գործունեության հնարավոր ռիսկերի մասին։ Նախատեսվող արտադրական գործունեության նախագիծն ամբողջությամբ մինչ օրս հրապարակված չէ։ 

Ընկերությունը նամակներում նշել է, որ ճշգրտման իր պահանջները չկատարելու դեպքում կդիմի դատարան։ 

Հանրային լսման ժամանակ հարց է ուղղվել ընկերությանը՝ արդյոք իրենք՝ բնակիչները, կարող են ազատ արտահայտել նախագծի վերաբերյալ իրենց մտահոգությունները, թե ընկերությունը նաև իրենց կսպառնա դատարան դիմելու նախազգուշացումներով։ 

Քննարկման ընթացքում ընկերության ներկայացուցիչն անմիջապես հստակ պատասխան չի տվել, իսկ բնակիչը պնդել է, որ իր հարցը վերաբերում է ոչ միայն իրավունքներին, այլև  քննադատության և հանրային մասնակցության նկատմամբ ընկերության վերաբերմունքին։ 

Բնակիչներն առաջարկում են այլ տարածք գտնել գործարանի համար 

Ինչո՞ւ է արտադրության համար ընտրվել հենց բնակելի շենքերին այդքան մոտ գտնվող տարածքը․ այս հարցով է սկսվել այսօրվա հանրային լսումը։ Քննարկմանը մասնակցում էին Շենգավիթ վարչական շրջանի Մանանդյան 33/27 հասցեի հարևանությամբ ապրող բնակիչներ ու բնապահպաններ։ 

Բնակչի այս հարցին ընկերության ներկայացուցիչը պատասխանել է, որ, ընկերության գնահատմամբ, տարածքը հարմար է նմանատիպ գործունեության համար՝ հավելելով, որ նախկինում այն արտադրական նշանակություն է ունեցել։ 

Բայց բնակիչների ընդգծմամբ՝ արտադրական տարածք լինելը ինքնին չի վերացնում այն մտահոգությունը, որ գործընթացում օգտագործվելու են քիմիական նյութեր։

Միաժամանակ, բնակիչներից մի քանիսը պահանջել են հստակեցնել, թե անվտանգության ինչ ծրագիր է նախատեսված արտակարգ իրավիճակների դեպքում։

Վռամ Թևոսյանը նշել է, որ անվտանգության ծրագիրը դեռ պետք է վերջնականացվի և ներկայացվի համապատասխան մարմիններին։

Բնակիչները մտահոգություն են հայտնել ընդհանուր ձևակերպումների պատճառով, քանի որ հանրությանը հասանելի չեն արտանետումների հստակ հաշվարկները, օդափոխության տեխնիկական տվյալները, թափոնների դասակարգումը և արտակարգ իրավիճակների ծրագիրը։ 

Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ, բնապահպան Լևոն Գալստյանը հարցրել է, թե ինչպես է հիմնավորվել սանիտարապաշտպանական գոտու 50 մետրանոց սահմանը, և արդյոք այն համապատասխանում է հենց այդ տեսակի արտադրությանը։

Քննարկման ընթացքում տարաձայնություն է առաջացել նաև արտադրության դասակարգման շուրջ։

Ավելի վաղ ներկայացված նկարագրության մեջ ընկերությունը նշել էր, որ նախատեսվող գործունեությունը հանդիսանում է հինգերորդ դասի գործունեություն, որի համար սանիտարապաշտպանական գոտին 50 մետր է։ Ընկերությունն իր արտադրական գործընթացը համարում է մեխանիկական մշակում։ Բնակիչները, սակայն, վիճարկել են այս գնահատականը՝ վկայակոչելով արտադրության ընթացքում ջերմաստիճանի մինչև 150 աստիճան բարձրացումը, և պահանջելով հստակ տեխնիկական հիմնավորումներ։ 

Այս նորմերը սահմանված են Քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի փետրվարի 1-ի հրամանով։ Նույն հրամանով, օրինակ, պլաստմասսայի վերամշակման ձուլվածքը, արտամղումը, մամլումը և վակուում-կաղապարումը ներառվում է չորրորդ դասում՝ 100 մետր սանիտարապաշտպանիչ գոտով, իսկ շինարարական պոլիմերային նյութերի արտադրությունը նշված է երրորդ դասում՝ 300 մետր։ 

Բնապահպան Հայկ Աբրահամյանը նշել է, որ նախագիծը չպետք է դիտարկել առանձին՝ առանց հաշվի առնելու քաղաքի արդեն առկա բնապահպանական ու առողջապահական խնդիրները։ 

«Նույնիսկ եթե առանձին գործունեությունը տեղավորվում է որևէ նորմի սահմաններում, տարբեր արտանետումների ու գործունեությունների համատեղ ազդեցությունը կարող է մեծացնել ճնշումը շրջակա միջավայրի և բնակիչների առողջության վրա։ Պետք է գնահատել ոչ միայն այս նախագծի առանձին ցուցանիշները, այլև դրա հնարավոր կուտակային ազդեցությունը»,- նշել է Աբրահամյանը։

Բնակիչները նշել են մեկ այլ մտահոգության մասին։ Առաջին հանրային լսմանը նախորդած հրապարակումն ու ներկայացված տվյալները բավարար չեն բոլոր ռիսկերը գնահատելու համար։ Սակայն չկա օրենսդրական պահանջ՝ ներկայացնելու մանրամասն նախագիծ ու փորձաքննություն առաջին հանրային լսման ժամանակ։ 

Հանրային լսմանը ներկայացված բոլոր մտահոգությունները, առաջարկները ամփոփվելու են մեկ ընդհանուր փաստաթղթում և ներկայացվելու են Երևանի ավագանուն՝ հետագա քննարկման ու վերջնական որոշման համար։ Հանրային լսմանը մասնակցած բոլոր բնակիչները դեմ են արտահայտվել գործարանի կառուցմանը։ Մասնակիցները միաժամանակ ընդգծել են՝ ոչ թե դեմ են գործարանին ընդհանրապես, այլ հենց նախատեսվող հասցեում ցանկացած նմանատիպ արտադրական գործունեությանը։ Ընկերությանն առաջարկել են այլ տարածք գտնել նման արտադրությամբ զբաղվելու համար։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter