Ովքե՞ր են հավակնում Բաղրամյանի ավագանու մանդատներին․ թեկնածուների ունեցվածքն ու եկամուտները
Արմավիրի մարզի Բաղրամյան խոշորացված համայնքում 2026թ.-ի նոյեմբերի 29-ին կայանալիք ավագանու ընտրություններին մասնակցում է երկու քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) ու «Գործարար» կուսակցությունները։ «Հետքն» ուսումնասիրել է նախընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների հայտարարագրերը՝ պարզելու, թե ինչ գույք, եկամուտներ և դրամական միջոցներ ունեն ընտրապայքարի մասնակիցները, ինչով են զբաղվում, ինչպես նաև` ինչպիսին է երկու ցուցակների տարիքային և սեռային կազմը։
Ովքեր են գլխավորում ընտրական ցուցակները
Բաղրամյան խոշորացված համայնքում ավագանու ընտրություններն անցկացվելու են համամասնական ընտրակարգով։ ՔՊ-ի նախընտրական ցուցակն ի սկզբանե կազմված էր 31 հոգուց, սակայն թեկնածուներից մեկը մինչև գրանցումն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել, և ընտրապայքարում մնացել է 30 թեկնածու։
Ցուցակը գլխավորում է Բաղրամյան համայնքի գործող ղեկավար Շանթ Առաքելյանը, որը համայնքի ղեկավար է ընտրվել 2021թ.-ի դեկտեմբերի 5-ին և այժմ ցանկանում է վերընտրվել։
Շանթ Առաքելյանը հայտարարագրել է 11 մլն 109 հազար դրամ եկամուտ։ Դրանից 8 մլն 859 հազար դրամը աշխատավարձն է, իսկ 2 մլն 250 հազար դրամը՝ գյուղմթերքի իրացումից ստացած եկամուտը։ Հայտարարագրի համաձայն՝ նա ունեցել է նաև 700 հազար դրամ դրամական միջոց։
Թեկնածուն իր ծննդավայր Հուշակերտ գյուղում ունի 11 միավոր հողատարածք՝ ընդհանուր 1.84 հա մակերեսով։ Բնակելի տարածք և շարժական գույք չի հայտարարագրել։
ՔՊ-ի ցուցակի երկրորդ համարը Բաղրամյան համայնքի ղեկավարի տեղակալ Հովնան Ավետիսյանն է։ Մինչև համայնքների խոշորացումը՝ 2021թ.-ի դեկտեմբերի 5-ը, նա եղել է Երվանդաշատ գյուղի ղեկավարը։ Նախկինում եղել է «Հայաստանի Հանրապետական» կուսակցության թիմի անդամ։
Վերջին մեկ տարվա ընթացքում Ավետիսյանը հայտարարագրել է 10 մլն 900 հազար դրամ եկամուտ։ Դրանից 6 մլն 400 հազար դրամն աշխատավարձն է, իսկ 4 մլն 500 հազար դրամը ստացել է գյուղատնտեսությունից։
Թեկնածուն Երվանդաշատ գյուղում ունի ավելի քան 111 հա հողատարածք։ Բնակելի տարածք չի հայտարարագրել։ Ունի 1981թ.-ի արտադրության «ԳԱԶ 53» մակնիշի բեռնատար ավտոմեքենա։
Ցուցակի երրորդ համարը զբաղեցնում է Արևադաշտ գյուղի միջնակարգ դպրոցի դասվար Նազիկ Օհանյանը։ Նա նույն գյուղի նախկին ղեկավար, այդ ժամանակ «Հայաստանի Հանրապետական» կուսակցության անդամ Հովսեփ Օհանյանի դուստրն է։ Նրա եղբայրը՝ Դավիթ Հովսեփյանը, նույնպես ՔՊ-ի ցուցակում է՝ 26-րդ համարով։ Նա Արևադաշտի վարչական ղեկավարն է։
Նազիկ Օհանյանը վերջին մեկ տարվա ընթացքում հայտարարագրել է 1 մլն 581 հազար դրամ եկամուտ, որը աշխատավարձն է։ Դրամական միջոցները կազմել են 30 հազար դրամ։
Նա համասեփականության իրավունքով ունի բնակելի տուն և երկու հողատարածք Արևադաշտ գյուղում։ Հայտարարագրել է նաև 1996թ.-ի արտադրության «Mercedes-Benz E280» մակնիշի ավտոմեքենա։
ՔՊ-ի ցուցակում կան նաև թեկնածուներ, որոնք ունեն մի քանի միավոր անշարժ գույք, այդ թվում՝ գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ, սակայն դրանցից եկամուտ չեն հայտարարագրել։
Օրինակ՝ ցուցակի 20-րդ համար Մարինե Հովհաննիսյանն ունի 13 միավոր անշարժ գույք։ Դրանցից երեքը բնակելի տներ են, իսկ մյուս տասը՝ վարելահողեր և այգիներ։ Վերջիններիս ընդհանուր մակերեսը 1.28 հա է։ Չնայած դրան՝ թեկնածուն հողատարածքներից ստացած եկամուտ չի հայտարարագրել։
«Գործարար»-ի ցուցակը գլխավորում է համայնքի ղեկավարի առաջին տեղակալը
«Գործարար» կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված է 27 թեկնածու։ Ցուցակը գլխավորում է Բաղրամյան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Մհեր Հարթենյանը։ Մինչև համայնքի խոշորացումը նա եղել է Քարակերտ գյուղի ղեկավարը՝ դարձյալ «Հայաստանի Հանրապետական» կուսակցության թիմի կազմում։
Հարթենյանը հայտարարագրել է 14 մլն 263 հազար դրամ եկամուտ։ Դրանից 8 մլն 100 հազար դրամը գյուղատնտեսությունից ստացած եկամուտն է, իսկ 6 մլն 163 հազար դրամը՝ աշխատավարձը։ 2026թ.-ի նոյեմբերի 2-ի դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 7 մլն 500 հազար դրամ։
Թեկնածուն Քարակերտ գյուղում ունի 12 միավոր անշարժ գույք։ Դրանցից մեկը 155 քմ մակերեսով առանձնատուն է, իսկ 11-ը՝ հողատարածքներ, որոնց ընդհանուր մակերեսը 5.28 հա է։ Հայտարարագրել է նաև 2010թ.-ի արտադրության «Ford Transit 2,2TD» մակնիշի ավտոմեքենա։
Կուսակցության ցուցակի երկրորդ համարը Արշակ Գրիգորյանն է։ Նա աշխատում է «Բաղրամյան» ՍՊԸ-ում։ Նրա միակ եկամուտն ընկերությունից ստացած 3 մլն 600 հազար դրամ աշխատավարձն է։ Դրամական միջոցները կազմել են 3 մլն դրամ։
Գրիգորյանն ունի 4 միավոր անշարժ գույք՝ բնակարան Երևանի Շենգավիթ վարչական շրջանում և 3 միավոր գյուղատնտեսական նշանակության հողատարածք Դալարիկ գյուղում։ Հողատարածքների ընդհանուր մակերեսը 4.45 հա է։ Սակայն դրանցից ստացած եկամուտ չի հայտարարագրել։
Թեկնածուն ունի նաև 2015թ.-ի արտադրության «Ford Focus» մակնիշի մարդատար ավտոմեքենա։
«Գործարար» կուսակցության ցուցակի երրորդ համարը Քարակերտի թիվ 1 դպրոցի մանկավարժ Անի Աբրահամյանն է։ Նրա միակ եկամուտը 1 մլն 80 հազար դրամ աշխատավարձն է։ Նոյեմբերի 2-ի դրությամբ դրամական միջոցները կազմել են 95 հազար դրամ։
Աբրահամյանն ավտոմեքենա չունի։ Նրա միակ անշարժ գույքը Քարակերտ գյուղում գտնվող 160 քմ մակերեսով առանձնատունն է, որը պատկանում է ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով։
Որքան եկամուտ են ունեցել թեկնածուները
Երկու կուսակցությունների թեկնածուների հայտարարագրերի համադրությունը ցույց է տալիս, որ վերջին մեկ տարվա ընթացքում ՔՊ-ի ցուցակում ընդգրկված 7, իսկ «Գործարար»-ի ցուցակում՝ 2 թեկնածու եկամուտ չի ունեցել։
.jpg)
2-5 մլն դրամ եկամուտ են հայտարարագրել երկու քաղաքական ուժերից 8-ական թեկնածու։ 10 մլն դրամից ավելի եկամուտ է ունեցել ՔՊ-ի 3, իսկ «Գործարար» կուսակցության 2 թեկնածու։
Դրամական միջոցների պատկերը հետևյալն է՝ ՔՊ-ի 6, իսկ «Գործարար»-ի 4 թեկնածու հայտարարագիր ներկայացնելու օրվա դրությամբ որևէ արժույթով դրամական միջոց չի ունեցել։
.jpg)
Մինչև 1 մլն դրամ դրամական միջոց է հայտարարագրել ՔՊ-ի 18 և «Գործարար»-ի 13 թեկնածու։ 5-10 մլն դրամի միջակայքում դրամական միջոցներ ՔՊ-ի ցուցակում ընդգրկված թեկնածուներից ոչ ոք չի ունեցել, մինչդեռ «Գործարար»-ի ցուցակից այդպիսի միջոցներ են հայտարարագրել 5-ը։
10 մլն դրամից ավելի դրամական միջոց է ունեցել յուրաքանչյուր քաղաքական ուժից մեկական թեկնածու։
Տարիքային կազմը, սեռը և զբաղվածությունը
Երկու կուսակցությունների ցուցակներում 18-24 տարեկան թեկնածուներ չկան։
25-34 տարեկան է ՔՊ-ի ցուցակի 8, իսկ «Գործարար»-ի ցուցակի 6 թեկնածու։ 35-44 տարեկան են երկու քաղաքական ուժերից 9-ական թեկնածու։ 55 տարեկանից բարձր է ՔՊ-ի 8, իսկ «Գործարար»-ի 3 թեկնածու։

Երկու ցուցակներում էլ գերակշռում են տղամարդիկ։ ՔՊ-ի 30 թեկնածուներից 20-ը տղամարդ է, 10-ը՝ կին։ «Գործարար» կուսակցության 27 թեկնածուներից 18-ը տղամարդ է, 9-ը՝ կին։
Կուսակցական պատկանելության առումով ՔՊ-ի ցուցակում ընդգրկված 30 թեկնածուներից 18-ը կուսակցական է, 12-ը՝ անկուսակցական։ «Գործարար»-ի 27 թեկնածուներից 22-ը կուսակցական է, 5-ը՝ անկուսակցական։
Թեկնածուների մեծ մասն աշխատում է։ Երկու քաղաքական ուժերի ցուցակներում էլ գործազուրկ է 9-ական թեկնածու։

Սակայն, գործազուրկ կարգավիճակը միշտ չէ, որ նշանակում է եկամտի բացակայություն։ Թեկնածուների մի մասը եկամուտ է ստանում գյուղատնտեսությունից։
Օրինակ՝ «Գործարար» կուսակցության ցուցակի 19-րդ համար Սիփան Անտոնյանը հայտարարագրում նշել է, որ գործազուրկ է։ Միաժամանակ, վերջին մեկ տարվա ընթացքում գյուղատնտեսությունից ստացել է 8 մլն 500 հազար դրամ եկամուտ։ Նրա դրամական միջոցները կազմել են 5 մլն 200 հազար դրամ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել