Կառավարությունն առաջարկում է ևս 6 ամսով արգելել ցորենի արտահանումը Հայաստանից
Կառավարությունը նախատեսում է ևս վեց ամսով երկարաձգել Հայաստանից ցորենի արտահանման արգելքը։ Որոշման նախագծի հիմնավորման համաձայն՝ տեղական արտադրությունը չի բավարարում ներքին շուկայի պահանջարկը, և երկիրը ցորենի պահանջարկը հիմնականում ապահովում է ներմուծման միջոցով։
Նախագծով առաջարկվում է վեց ամսով արգելել Հայաստանից ցորենի արտահանումը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ չհանդիսացող երկրներ։
Էկոնոմիկայի նախարարության մշակած նախագծի հիմնավորման համաձայն՝ արտահանման սահմանափակումը, նպատակ ունի նպաստել երկրի պարենային անվտանգությանն ու տնտեսության կայունությանը։
Արգելքը չի տարածվի այն ցորենի վրա, որը ներմուծվել է Հայաստան, այնուհետև արտահանվում է «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով։
Նշենք, որ ցորենի արտահանման ժամանակավոր արգելք արդեն գործում է։ Կառավարությունը 2026թ.-ի հունիսի 11-ին ընդունած որոշմամբ վեց ամսով սահմանել էր այդ սահմանափակումը, որի գործողության ժամկետն ավարտվում է 2027 թվականի հունվարի 8-ին։ Նոր նախագծով առաջարկվում է արգելքը պահպանել ևս վեց ամիս։
Կառավարության հիմնավորմամբ՝ այս կարգավորումը նաեւ նպատակ ունի ԵԱՏՄ անդամ երկրների արտահանման սահմանափակումները մոտեցնել իրար եւ ապահովել միության միասնական շուկայի անխափան գործունեությունը՝ հաշվի առնելով պարենի միջազգային գների աճն ու համաշխարհային տնտեսական իրավիճակը։
Եթե որոշման այս նախագիծն ընդունվի, ապա ուժի մեջ է մտնելու 2027թ.-ի հունվարի 8-ից և գործելու է մինչև 2027թ.-ի հուլիսի 8-ը ներառյալ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել