Ինչպես սնանկացած հայկական ավիաընկերության օդանավերը «երկրորդ կյանք» ստացան Iran Airtour-ի ավիապարկում
Հայկական «Ատլանտիս Յուրոփիան Էյրվեյզ» (Atlantis European Airways) ավիաընկերության կողմից նախկինում շահագործված բոլոր 3 ինքնաթիռները հայտնվել են իրանական Iran Airtour ավիաընկերության շարժակազմում։
Հիշեցնենք, որ «Ատլանտիսը» 2020-ի սեպտեմբերին սնանկ է ճանաչվել «Յունիբանկի» պահանջով, որը համարվում էր ավիափոխադրողի իրական/փաստացի տերը (փաստաթղթերով դրա սեփականատերը երեւանցի Կարեն Բդոյանն էր):
Սնանկացած ավիաընկերության շարժակազմում կար 3 հատ Airbus A320 տիպի օդանավ, որոնք Հայաստանում գրանցված էին իբրեւ EK-32002, EK-32003 եւ EK-32008: Սնանկությունից 3 տարի անց՝ 2023-ի նոյեմբերին, այս ինքնաթիռները դուրս են բերվել (ապագրանցվել են) ՀՀ օդանավերի ռեգիստրից, սակայն շարունակել են կայանված մնալ Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում։
Ապագրանցումից միայն 2 տարի անց՝ 2025-ին, դրանք դուրս բերվեցին Հայաստանի տարածքից։ Նկատենք, որ «Ատլանտիսը» դրանց շահագործողն էր, սակայն սեփականատերերն այլ ընկերություններ էին, որոնց մասին տարբեր առիթներով «Հետքը» գրել է: Ըստ այդմ՝ EK-32002-ի սեփականատերը կիպրական Arolova Enterprises Limited-ն էր, EK-32003-ինը՝ Բելիզում գրանցված Gratsyn Enterprises Corp.-ը, իսկ EK-32008-ինը՝ հայկական «Յունիբանկ» ԲԲԸ-ն: Սրանք բոլորը փոխկապակցված են «Յունիբանկի» վերջնական շահառու տերերին՝ Գագիկ Զաքարյանին ու Գեորգի Պիսկովին, որոնք խորհրդային տարիներին ավիացիոն կրթություն են ստացել Մոսկվայում, սակայն հետո հաջողության են հասել բանկային ոլորտում:
Planespotters.net-ի տվյալներով՝ նախկին EK-32002-ն ու EK-32003-ը 2025-ի օգոստոսին գրանցվել էին Հնդկական օվկիանոսում գտնվող Կոմորյան կղզիների օդանավերի ռեգիստրում (առանց գրանցման՝ օդանավը չի կարող երկինք բարձրանալ), իսկ հետո մեր երկրից Օմանի տարածքով տեղափոխվել էին Իրան՝ անցնելով Երեւան-Սոհար-Թեհրան երթուղին: Ինչ վերաբերում է նախկին EK-32008-ին, ապա այն, ըստ նույն աղբյուրի, 2025-ի հոկտեմբերին է գրանցվել Կոմորյան կղզիների ռեգիստրում եւ ապա Թեհրան տեղափոխվել անմիջապես Երեւանից։
Կոմորյան կղզիներում օդանավերը գրանցելը իրականում եղել է ժամանակավոր միջոց՝ Երեւանից դրանք տեղափոխելու համար (ինչպես ասվեց, առանց գրանցման՝ ինքնաթիռները չեն կարող երկինք բարձրանալ)։ Ընդ որում՝ կոմորյան գրանցում կրելիս այս 3 օդանավերը գտնվում էին Lion Alliance Europe ընկերության հաշվեկշռում, որը, բրիտանական ռեգիստրի համաձայն, շոտլանդական ընկերություն է։ Վերջինիս հիմնական մասնակիցը ուկրաինացի Եվգենի Կուլիկն է: Ըստ Lion Alliance Europe-ի կայքի՝ սա օդանավերի պահեստամասեր ու բաղադրիչներ վաճառող ընկերություն է, գործունեության մյուս ուղղությունը փոքր օդանավերի վաճառքն է: Այս ֆոնին հարց է ծագում, թե ինչու են «Ատլանտիսի» նախկին Airbus-ները գրանցվել Lion Alliance Europe-ի հաշվեկշռում, որը չի զբաղվում ուղեւորային փոխադրումներով:
Ահա այս եւ հետագայում օդանավերը Իրան տեղափոխելու փաստերը հուշում են, որ դրանք Կոմորյան կղզիներում գրանցելը, ինչպես նաեւ Օմանի տարածքով փոխադրելը եղել են միջոց՝ դեպի Իրան տեղափոխելու հանգամանքը, ըստ էության, որոշակի մեղմելու համար։ Նախկինում «Հետքը» գրել է, թե ինչպես են մեր երկրից տարբեր օդանավեր հայտնվել արեւմտյան պատժամիջոցների տակ գտնվող Իրանում, ինչը գրավել է հատկապես ԱՄՆ-ի ուշադրությունը, եւ իրանական կողմի հետ համագործակցած որոշ հայկական ավիաընկերություններ հայտնվել են ամերիկյան պատժամիջոցների տակ:
Այսպիսով՝ նախկին EK-32002-ը Iran Airtour-ի կազմում դարձել է EP-MDT եւ այս տարվա օգոստոսից թռիչքներ է իրականացնում իրանական ավիաընկերության գույներով։
EP-MDT-ն՝ Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան օդանավակայանում, 13.08.2026, jetphotos.com
Նախկին EK-32003-ը Iran Airtour-ի կազմում ստացել է EP-MDR գրանցումը, սակայն մինչ այս պահը չվերթեր չի կատարել։
Ինչ վերաբերում է նախկին EK-32008-ին, ապա այս բորտը (իրանական ներկա գրանցումը՝ EP-MDQ), ինչպես արդեն գրել ենք, իր թռիչքները Iran Airtour-ի կազմում սկսել է այս տարվա հուլիսին։
EP-MDQ-ն՝ Թավրիզի օդանավակայանում, 22.09.2026, հեղ․՝ Մեհդի Փիլթան, jetphotos.com
Տարբեր առիթներով գրել ենք, որ արեւմտյան պատժամիջոցների տակ գտնվող Իրանի ավիաընկերություններն իրենց ավիապարկը թարմ ու սարքին պահելու մեծ դժվարությունների առաջ են կանգնել վերջին տարիներին, ինչը դրդում է նրանց տարբեր զարտուղի ճանապարհներով, երրորդ երկրների միջոցով ձեռք բերել օդանավեր, որոնք կա՛մ իրենք են երկինք բարձրանում, կա՛մ պահեստամաս են դառնում իրանական բորտերի համար:
Իր հերթին Հայաստանը տարիներ շարունակ այդպիսի ցատկահարթակ է եղել այն օդանավերի համար, որոնք իրականում ձեռք են բերվել իրանական ավիաընկերությունների կողմից, սակայն նրանց հասնելուց առաջ ժամանակավոր գրանցվել են մեր երկրում՝ ցույց տալու համար, թե իբր հայկական փոխադրողներն են շահագործողները:
Եվ չնայած «Ատլանտիսի» 3 օդանավերն այդպիսին չեն եղել, ժամանակը ցույց տվեց, որ 29-35 տարեկան այս ինքնաթիռները եւս ցանկալի թիրախ էին օդանավերի ու դրանց պահեստամասերի խիստ կարիք ունեցող իրանական շուկայի համար, որտեղ եւ այս Airbus A320-ները շարունակում են իրենց գործունեությունը։
Առաջին նկարում՝ իրանական EP-MDQ եւ EP-MDT գրանցումներով բորտերը, jetphotos.com
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել