Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել
ՀՀ Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ նոյեմբերի 12-ին գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ, որին կարող եք հետևել ստորև՝
Օրակարգում ««Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ու կից օրենքների նախագծերն են։
«Առաջարկվում է իրավական համակարգում ներդնել նոր ինստիտուտ՝ միջազգային պայմանագրերի հիման վրա ստեղծվող ընկերությունների համար հատուկ իրավական կարգավորումներ նախատեսելու հնարավորություն։ Հարցը ներկայացնելիս այս մասին հայտնել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ու պարզաբանել, որ խոսքը ոչ թե գործող օրենքից առանձին բացառություններ նախատեսելու մասին է, այլ միջազգային համագործակցության շրջանակում ձևավորվող ընկերությունների գործունեության համար ճկուն ու կանխատեսելի իրավական հիմք ստեղծելու։
Հայաստանն ընդլայնում է միջազգային տնտեսական համագործակցությունը, որի շրջանակում իրականացվում են ենթակառուցվածքային, տրանսպորտային, տարանցիկ, էներգետիկ և ներդրումային կարևոր ծրագրեր։ Դրանց իրագործման համար կարող են ստեղծվել առանձին ընկերություններ, այդ թվում՝ ՀՀ-ի և օտարերկրյա գործընկերների մասնակցությամբ։ Նման ընկերությունների կառավարման մոդելը ձևավորվում է նաև միջազգային բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա։
Դրանք կարող են վերաբերել ընկերությունների մասնակիցների իրավունքներին, կառավարման մարմինների ձևավորմանը, որոշումների ընդունման ընթացակարգերին և այլ հարցերի։ Փոխնախարարի խոսքով ՀՀ օրենսդրությունը, հատկապես՝ «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքը մի շարք կարգավորումների մասով պարտադիր բնույթ ունեցող կարգավորումներ է նախատեսում և ճկունության տեղ չի թողնում, իսկ միջազգային պայմանագիրը չպետք է մանրամասն կարգավորի այդ բնույթի կորպորատիվ կառավարմանն առնչվող հարցերը։
Ըստ Տիգրան Դադունցի՝ արդյունքում կարող է անհամապատասխանություն առաջանալ միջազգային ծրագրի համար համաձայնեցված կառավարման մոդելի ու ներպետական ընդհանուր կանոնների միջև։ Փոխնախարարը հավելել է, որ առաջարկվող ինստիտուտն այս խնդրի համակարգային լուծումն է։ Այն հնարավորություն կտա միջազգային պայմանագրերի հիման վրա ստեղծվող ընկերությունների համար օրենքով սահմանված պայմանների ու հստակ սահմանների շրջանակում նախատեսել գործունեության և կառավարման առանձնահատկություններ։
«Մեր օրենսդրությունը ձեռք կբերի անհրաժեշտ ճկունություն՝ արձագանքելու պետության միջազգային համագործակցության տարբեր ձևաչափերին՝ նաև պահպանելով պետության մասնակցության ու հանրային շահերի պաշտպանության երաշխիքները։ Այս ինստիտուտի անհրաժեշտությունը տեսանելի է դարձել ԹՐԻՓՓ նախագծի շրջանակում և Ազգային ժողովի վավերացրած շրջանակային համաձայնագրի համատեքստում։ Մենք սրանով ստեղծում ենք ընդհանուր կիրառելի իրավական կառուցակարգ, որը կարող է ծառայել նաև ապագա նմանատիպ միջազգային ծրագրերի իրականացմանը»,- նշել է զեկուցողը։
Նախագծով հատուկ կարգավորումների կիրառումն առաջարկվում է թույլատրել միայն այն դեպքում, երբ ընկերությունը ստեղծվում է ՀՀ վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա և դրա իրագործման նպատակով, եթե ՀՀ-ն այդ ընկերությունում ունի առնվազն 25 ու ավելի տոկոս մասնակցություն։ Ըստ Տիգրան Դադունցի՝ հատկանշական է նաև 25 տոկոս շեմի ընտրությունը, քանի որ «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքը կարևոր որոշումների համար պահանջում է բաժնետերերի ձայների 3/4-ը, այդ պայմաններում էլ 25 տոկոս և ավելի մասնակցությունը պետությանը տալիս է ազդեցություն կառավարման մարմիններում՝ հանրային շահի պաշտպանության համար։ «Նախատեսել ենք, որ պետության մասնակցությունը 25 տոկոսից նվազելու դեպքում այս հատուկ ռեժիմն այլևս կիրառելի չի լինի»,- ընդգծել է հիմնական զեկուցողը։
Քվեարկության արդյունքում օրենսդրական փաթեթն ընդունվել է առաջին ընթերցմամբ։ Հարցի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կկազմակերպվի առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո 24 ժամվա ընթացքում, իսկ նախագծերի վերաբերյալ գրավոր առաջարկներն ու գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար սահմանվել է երեքական ժամ»,- նշվում է ԱԺ հաղորդագրությունում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել