HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Պրոբացիայի ծառայողների ատեստավորման փոփոխությունները կարժենան 173 մլն դրամ

Արդարադատության նախարարությունն առաջարկում է փոխել Պրոբացիայի ծառայության աշխատակիցների ատեստավորման կարգը։ Եթե գործող կարգով հարցազրույց անցնում են միայն գլխավոր խմբի ծառայողները, ապա նոր կարգավորմամբ այն պարտադիր կդառնա բոլոր ծառայողների համար՝ անկախ զբաղեցրած պաշտոնից։ Նոր կարգի ներդրումը կարժենա 173.3 մլն դրամ։ Այդ գումարը նախատեսվում է հատկացնել ծառայողների ատեստավորման հետ կապված աշխատավարձերի եւ դրանց հավասարեցված վճարների համար։

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել որոշման նախագիծ, որով առաջարկվում է ատեստավորումն անցկացնել երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի։ Ներկայում այն բաղկացած է երեք փուլից՝ ընդհանուր զարգացվածության թեստավորում, մասնագիտական գիտելիքների թեստավորում և հարցազրույց։ Վերջինս նախատեսված է միայն գլխավոր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար։

Նախագծի հիմնավորման համաձայն՝ գործող համակարգը հիմնականում ստուգում է ծառայողների ընդհանուր զարգացվածությունն ու մասնագիտական գիտելիքները, սակայն բավարար չափով չի գնահատում նրանց գործնական հմտությունները, վերլուծական մտածողությունը, խնդիրներ լուծելու և հաղորդակցվելու կարողությունները։

Փոփոխությունների իրականացման համար նախատեսվում է 173 մլն 320 հազար դրամ լրացուցիչ ծախս։ Հաշվարկը կատարվել է՝ հիմք ընդունելով մինչև 2027թ․-ի մայիսը պարտադիր ատեստավորման ենթակա 56 և կամավոր ատեստավորմանը մասնակցելու ցանկություն հայտնած 14 ծառայողների աշխատավարձերի և դրանց հավասարեցված վճարների ցուցանիշները։

Նոր կարգով ընդհանուր զարգացվածության և մասնագիտական գիտելիքների ստուգումները կմիավորվեն մեկ թեստավորման փուլում։ Այն հիմնականում կանցկացվի էլեկտրոնային եղանակով, իսկ անհրաժեշտ տեխնիկական պայմանների բացակայության կամ էլեկտրոնային եղանակով թեստավորում անցկացնելու անհնարինության դեպքում՝ թղթային տարբերակով։

Մասնագիտական գիտելիքների ստուգման առաջադրանքներում նախատեսվում է ներառել նաև իրավիճակային խնդիրներ։ Դրանց միջոցով կգնահատվի ոչ միայն իրավական կարգավորումների իմացությունը, այլև այն, թե ծառայողն ինչպես է պատկերացնում դրանց կիրառումը գործնական իրավիճակներում։ Թեստավորման հարցերի թեմատիկ բովանդակությունն ու հարաբերակցությունը կտարբերվեն՝ ըստ զբաղեցրած պաշտոնի խմբի։

Հարցազրույցով կգնահատվեն նաև ծառայողների անձնական և կառավարչական կարողությունները։ Մասնավորապես՝ թիմ ղեկավարելու, նախաձեռնողականություն դրսևորելու, սեփական հույզերը կառավարելու, ինքնատիրապետման, այլ անձանց ունկնդրելու և նոր միջավայրին հարմարվելու հմտությունները։

Նախարարությունը պարտադիր հարցազրույցի անհրաժեշտությունը հիմնավորում է նրանով, որ պրոբացիայի շահառուների հետ աշխատանքը պահանջում է ոչ միայն օրենքների իմացություն, այլև հաղորդակցման հմտություններ, կոնֆլիկտային իրավիճակները կառավարելու, շահառուների անհատական առանձնահատկությունները հաշվի առնելու և մասնագիտական էթիկայի կանոնները պահպանելու կարողություն։

Ատեստավորման երկու փուլերից յուրաքանչյուրի առավելագույն գնահատականը կլինի 80 միավոր։ Անցողիկ շեմը սահմանվելու է 41 միավորը։ Հաջորդ փուլին կանցնեն միայն նախորդ փուլում անցողիկ միավոր ստացած ծառայողները։ Ատեստավորումն անցած կհամարվեն նրանք, ովքեր երկու փուլերում էլ կհավաքեն առնվազն 41 միավոր։ Վերջնական գնահատականը կորոշվի երկու փուլերի միավորների թվաբանական միջինով։

Նախագծով առաջարկվում է նաև փոխել ատեստավորման հանձնաժողովի կազմը։ Հանձնաժողովի անդամների թիվը յոթից կդառնա ինը՝ ավելացնելով հասարակական կազմակերպությունների և Պրոբացիայի ծառայության ներկայացուցիչների ներգրավվածությունը։ Հանձնաժողովը կձևավորվի երեք տարի ժամկետով։ Նախարարության հիմնավորմամբ՝ այս փոփոխությունները նպատակ ունեն բարձրացնելու ատեստավորման գործընթացի թափանցիկությունն ու ապահովելու դրա շարունակականությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter