Արսեն Գևորգյանի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
Քննչական կոմիտեից հայտնում են, որ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Թե որ հոդվածով է քրեական վարույթը նախաձեռնվել, նախաքննական մարմինը չի մանրամասնում։
«Հետքի» աղբյուրների փոխանցմամբ՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կալանավորված անձի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով։
Հարկ է նշել, որ նույն հոդվածով քննվում են նաև հանկարծամահության դեպքերը։ Հետևաբար վարույթն այդ հոդվածով նախաձեռնելը դեռ չի նշանակում, որ տեղի է ունեցել սպանություն։ Մահվան պատճառը պետք է պարզվի քննության ընթացքում։
Հիշեցնենք, որ այսօր՝ 2026թ. նոյեմբերի 10-ին՝ ժամը 07։55-ի սահմաններում, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող Արսեն Գևորգյանի ինքնազգացողությունը վատացել է, բուժօգնություն ցուցաբերելու նպատակով շտապօգնություն է կանչվել։
Ինչպես հայտնում են Քրեակատարողական ծառայության լրատվության բաժնից, ժամը 08։30-ի սահմաններում շտապօգնության անձնակազմն արձանագրել է կալանավորված անձի կենսաբանական մահը։
Նախնական տեղեկություններով՝ Ա. Գևորգյանը մահացել է սրտի կաթվածից, սակայն մահվան իրական պատճառը հնարավոր կլինի պարզել միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո։
Հակակոռուպցիոն դատարանը 2026թ. հոկտեմբերի 21-ին 2 ամսով կալանավորել էր Ստեփանավան համայնքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանին։
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում նույն օրը` վաղ առավոտյան, Ստեփանավանում ձերբակալված 14 անձանցից մեկը Արսեն Գևորգյան էր։
2026թ. հոկտեմբերի 21-ին վաղ առավոտյան խուզարկություններ և այլ քննչական գործողություններ էին իրականացվել Ստեփանավան համայնքում։ Ձերբակալվել էր 14 անձ։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ձերբակալվածները «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրներ էին։
Նշենք, որ 2026թ. հոկտեմբերի 25-ին Ստեփանավան համայնքում անցկացվել են համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ։ Ընտրապայքարին մասնակցում էին չորս քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հանրապետություն» և «Գործարար» կուսակցությունները։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները քարոզարշավի ընթացքում պարբերաբար ահազանգում էին, որ իրենց թիմակիցները ենթարկվում են քաղաքական հետապնդումների, օգտագործվում է վարչական ռեսուրս և այլն։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել