HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում մահացել է Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը 

Այսօր՝ 2026թ. հոկտեմբերի 10-ին՝ ժամը 07։55-ի սահմաններում, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող Արսեն Գևորգյանի ինքնազգացողությունը վատացել է, բուժօգնություն ցուցաբերելու նպատակով շտապօգնություն է կանչվել։

Ինչպես հայտնում են Քրեակատարողական ծառայության լրատվության բաժնից՝ ժամը 08։30-ի սահմաններում, շտապօգնության անձնակազմն արձանագրել է կալանավորված անձի կենսաբանական մահը։

Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը «Հետքին» հայտնել է, որ այս պահի դրությամբ Կոմիտեն դեպքի վերաբերյալ հաղորդումն ու նյութերը դեռ չի ստացել։

Նախնական տեղեկություններով՝ Ա. Գևորգյանը մահացել է ինֆարկտից, սակայն մահվան իրական պատճառը հնարավոր կլինի պարզել միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո։

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանը 2026թ. հոկտեմբերի 21-ին 2 ամսով կալանավորել էր Ստեփանավան համայնքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանին։ 

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում նույն օրը վաղ առավոտյան Ստեփանավանում ձերբակալված 14 անձանցից մեկը Արսեն Գևորգյան էր։ 

2026թ. հոկտեմբերի 21-ին վաղ առավոտյան, խուզարկություններ և այլ քննչական գործողություններ էին իրականացվել Ստեփանավան համայնքում։ Ձերբակալվել էր 14 անձ։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ձերբակալվածները «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրներ են։

Նշենք, որ 2026թ. հոկտեմբերի 25-ին Ստեփանավան համայնքում անցկացվել են համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ։ Ընտրապայքարին մասնակցում էին չորս քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հանրապետություն» և «Գործարար» կուսակցությունները։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները քարոզարշավի ընթացքում պարբերաբար ահազանգում էին, որ իրենց թիմակիցները ենթարկվում են քաղաքական հետապնդումների, օգտագործվում է վարչական ռեսուրս և այլն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter