Քննարկվել են ՆԳ նախարարության համար 2027 թ. նախատեսված ֆինանսական հատկացումները
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների՝ նոյեմբերի 4-ի համատեղ նիստում շարունակվել է «ՀՀ 2027 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումը։ Այս մասին հաղորդում են ԱԺ լրատվական ծառայությունից։
«Մինչ ֆինանսական գլխավոր փաստաթղթի քննարկմանն անցնելը պատգամավորները Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լիանա Մանուկյանի առաջարկով մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգել են նախորդ օրը տեղի ունեցած ողբերգական ավտովթարի 9 զոհերի հիշատակը։
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի տեղեկացմամբ 2027 թվականին Ներքին գործերի նախարարությանը նախատեսված է հատկացնել 144 մլրդ 91 մլն դրամ, ինչը 41 մլրդ 446 մլն դրամով ավելի է ընթացիկ տարվա ֆինանսական հատկացումից։ Ընթացիկ ծախսերի համար նախատեսված է օգտագործել 142 մլրդ 634 մլն դրամ, իսկ կապիտալ ծախսերի համար՝ 1 մլրդ 456 մլն դրամ, ինչը 263 մլն դրամով ավելի է 2026 թվականի հատկացումից։ Նախարարությունը գալիք տարում իրականացնելու է 7 ծրագիր։
Վահե Հովհաննիսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին։
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն անդրադարձել է նախարարությանը հատկացվելիք ֆինանսական միջոցներին և ծախսերին՝ նշելով, որ, ընդհանուր առմամբ, էական փոփոխություններ ՆԳ նախարարության բյուջեում տեղի չեն ունեցել։ «Այն ավելացված միջոցները, որոնք նախատեսված են նախարարության 2027 թվականի բյուջետային հատկացման առաջարկով, վերաբերում են մեր ստանձնած օրենսդրական պարտավորությունները կատարելուն՝ նկատի ունեմ թե՛ Ոստիկանության, թե՛ Փրկարար ծառայության ատեստավորման համակարգի ներդրմանը»,- պարզաբանել է Արփինե Սարգսյանը։
Նախարարը հաջորդիվ մանրամասնել է ոլորտում գալիք տարի նախատեսված ծրագրերն ու անելիքները, փոփոխությունները, պատասխանել նաև պատգամավորների հարցերին։
Նիստի երկրորդ մասն ընթացել է դռնփակ ձևաչափով»,- ասված է հաղորդագրության մեջ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել