HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Պետական գույքի ներդրումների չափն ու ժամկետները հնարավոր կլինի փոխել նաև մրցույթից հետո

Կառավարությունը նախատեսում է հնարավորություն տալ մրցույթով պետական գույք ձեռք բերած կամ վարձակալած ընկերություններին՝ անհրաժեշտ հիմնավորումների առկայության դեպքում փոփոխելու իրենց ստանձնած ներդրումային պարտավորությունների չափը կամ կատարման ժամկետները։ Գործող կարգավորմամբ նման հնարավորություն նախատեսված է միայն պետական գույքն ուղղակի վաճառքով ձեռք բերելու կամ օգտագործման ստանալու որոշ դեպքերում։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեն առաջարկում է փոփոխություն կատարել Կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 2102-Ն որոշման մեջ։ Նախագծի նպատակն է պետական գույքի ձեռքբերման տարբեր եղանակներով ներդրումային պարտավորություններ ստանձնած ընկերությունների նկատմամբ միասնական մոտեցում սահմանել։

Գործող կարգավորումը 2025թ.-ի ապրիլի 23-ին փոփոխվել է Կառավարության որոշմամբ։ Դրանով հնարավորություն է տրվել ուղղակի ձևով պետական գույք ձեռք բերած կամ օգտագործման ստացած անձանց՝ իրավական և տնտեսական բավարար հիմնավորումների առկայության դեպքում փոփոխելու ներդրումների չափն ու կատարման ժամկետները։ Ընդ որում, փոփոխություն կարող է կատարվել միայն այն ներդրումների մասով, որոնց չկատարման համար հաշվարկված տուգանքներն արդեն վճարվել են։

Նախագծի հեղինակների գնահատմամբ՝ մրցույթի արդյունքում պետական գույք ձեռք բերած, վարձակալած կամ օգտագործման ստացած ընկերությունների համար նման հնարավորություն նախատեսված չէ։ Արդյունքում՝ նույնատիպ ներդրումային պարտավորություններ ստանձնած ընկերությունների նկատմամբ կարող են կիրառվել տարբեր պայմաններ՝ կախված պետական գույքի ձեռքբերման եղանակից։

Կոմիտեն նշում է, որ պետական գույքի օտարման և վարձակալության մի շարք պայմանագրերի կատարման ընթացքում ընկերությունները բախվել են խնդիրների, որոնք իրենց կամքից կախված չեն եղել։ Մասնավորապես, շինարարական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ պետական մարմինների թույլտվություններն ու համաձայնությունները երբեմն ուշ են տրամադրվել կամ ընդհանրապես չեն տրամադրվել։ Խոսքը, օրինակ, ԿԳՄՍ նախարարության, Երևանի քաղաքապետարանի և Քաղաքաշինության կոմիտեի կողմից տրվող թույլտվությունների ու համաձայնությունների մասին է։

Այս հանգամանքների հետևանքով ընկերությունները չեն կարողացել ժամանակին կատարել պայմանագրերով ստանձնած ներդրումային պարտավորությունները, ինչի համար նրանց նկատմամբ տույժեր են հաշվարկվել։

Հիմնավորման մեջ որպես օրինակ նշվում են Կոմիտեի և «Վանառտ» ՍՊԸ-ի միջև 2022թ.-ի սեպտեմբերի 2-ին կնքված պետական գույքի օտարման և գրավի պայմանագիրը, «Զեթ ընդ էյ», «Մեզոն Մարօմ» ընկերությունների և «Կերոն» զարգացման հիմնադրամի հետ 2024թ.-ի հոկտեմբերի 21-ին կնքված ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագիրը, ինչպես նաև «Ռենշին» և «ՎԻ ԱՌ ԷՅՉ» ընկերությունների հետ կնքված պայմանագրերը։ Այդ ընկերությունները դիմել են Կոմիտեին՝ ներդրումային պարտավորությունների կատարման ժամկետները երկարաձգելու խնդրանքով։

Որպես խնդիրների մեկ այլ պատճառ նշվում են նաև դատական գործերի շրջանակում կիրառված հայցի ապահովման միջոցները։ Դրանցով արգելվել է պայմանագրերի կողմերին որևէ գործողություն կատարել գույքի նկատմամբ, այդ թվում՝ շինարարական աշխատանքներ իրականացնել։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է նաև, որ տնտեսական պայմանների փոփոխությունը, տարածաշրջանային ճգնաժամերը, համավարակներն ու տարադրամի փոխարժեքի տատանումները կարող են ազդել ներդրողների ֆինանսական հնարավորությունների և ծրագրերի իրականացման վրա։ Ներդրումային պայմանների վերանայման հնարավորությունը, ըստ Կոմիտեի, թույլ կտա նման իրավիճակներում խուսափել ծրագրերի դադարեցումից կամ ձախողումից։

Հիմնավորման համաձայն՝ եթե ներդրումային պարտավորությունների կատարման ժամկետները հնարավոր չլինի փոփոխել, որոշ դեպքերում ընկերությունները կարող են դատական կարգով փորձել ազատվել այդ պարտավորություններից՝ վկայակոչելով անհաղթահարելի ուժի հանգամանքները։ Քաղաքացիական օրենսգրքի 417-րդ հոդվածի 3-րդ մասը նախատեսում է, որ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձը կարող է ազատվել պատասխանատվությունից, եթե ապացուցի, որ պարտավորությունը կատարելն անհնար է եղել արտակարգ և անկանխելի հանգամանքների հետևանքով։

Միաժամանակ առաջարկվում է ներդրումային պարտավորությունների փոփոխության կարգը սահմանել Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի որոշմամբ։ Փոփոխությունները հնարավոր կլինեն իրավական և տնտեսական բավարար հիմնավորումների առկայության դեպքում։

Կոմիտեն պնդում է, որ առաջարկվող փոփոխությունը չի նշանակում ընկերություններին ստանձնած պարտավորություններից անհիմն ազատելու հնարավորություն։ Ըստ հիմնավորման՝ պահպանվելու են պետության շահերի պաշտպանության գործող երաշխիքները, իսկ պարտավորությունների փոփոխությունը պետք է ունենա հիմնավորում։

Նախագծի հեղինակներն ակնկալում են, որ նոր կարգավորումը կնվազեցնի ներդրումային ծրագրերի ձախողման ռիսկերը, կնպաստի պետական գույքի արդյունավետ օգտագործմանը և կօգնի ընկերություններին հաղթահարել ժամանակավոր ֆինանսական կամ այլ դժվարությունները։ Ըստ նրանց՝ դա կարող է նպաստել նաև նոր ներդրումների ներգրավմանը, աշխատատեղերի ստեղծմանն ու տնտեսական ակտիվության աճին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter