HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Միկրոձեռնարկատիրության տարեկան շրջանառության շեմը 24 մլն-ից կդառնա 50 մլն դրամ

Կառավարությունն առաջարկում է բարձրացնել միկրոձեռնարկատիրության համակարգում գործելու համար սահմանված տարեկան շրջանառության շեմը՝ գործող 24 մլն դրամից հասցնելով 50 մլն դրամի։ Միաժամանակ նախատեսվում է սահմանափակել հարկային խախտումներ թույլ տված տնտեսավարողների՝ արտոնյալ հարկման համակարգերից օգտվելու հնարավորությունը։ Փոփոխությունները նախատեսված են «Հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով, որը մշակել է Ֆինանսների նախարարությունը։

Նախագծի հեղինակները նշում են, որ գործող կարգավորումները որոշ տնտեսավարողների հնարավորություն են տալիս արհեստականորեն տեղավորվել հարկման արտոնյալ համակարգերում և այդ կերպ խուսափել հարկերի վճարումից։ Խնդիր է համարվում նաև հարկման տարբեր համակարգերում գործող տնտեսավարողների միջև արհեստական գործարքների իրականացմամբ հարկային պարտավորությունների նվազեցումը։

Արտոնյալ համակարգում գործելու համար կսահմանվի 5 տարվա արգելք

Նախագծով առաջարկվում է հարկային օրենսդրության մի շարք էական կամ պարբերական խախտումների դեպքում տնտեսավարողներին 5 տարով զրկել հարկման այլընտրանքային համակարգերում գործելու հնարավորությունից։

Կներդրվեն նաև փոխկապակցվածության օբյեկտիվ չափանիշներ՝ պարզելու համար, թե արդյոք տնտեսավարողները փոխկապակցված են և արդյոք նրանց գործունեությունը կազմակերպվում է հարկային արտոնություններից օգտվելու նպատակով։

Առանձին սահմանափակումներ են նախատեսվում նաև տարբեր հարկման համակարգերում գործող տնտեսավարողների միջև գործարքների համար։ Մասնավորապես, կսահմանափակվի միկրոձեռնարկատիրության սուբյեկտների կողմից շրջանառության հարկ վճարողներին մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների դիմաց դուրս գրված հաշվարկային փաստաթղթերով ծախսերի նվազեցումը։ Նույն սահմանափակումը կվերաբերի նաև շրջանառության հարկ վճարողների՝ ընդհանուր հարկման համակարգում գործող տնտեսավարողներին մատուցած ծառայություններին և կատարած աշխատանքներին։

Ֆիզիկական անձանց գործունեության համար շեմը չի փոխվի

Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց համար տարեկան իրացման շրջանառության 24 մլն դրամի շեմը կմնա անփոփոխ։

Միաժամանակ կսահմանվի, որ այդ անձինք Հարկային օրենսգրքի հավելված 3-ով նախատեսված գործունեության տեսակները կարող են իրականացնել միայն բնակչության պատվերով։

Նախագծով առաջարկվում է ևս մեկ տարով՝ մինչև 2027թ.-ի դեկտեմբերի 31-ը, երկարաձգել գյուղատնտեսության ոլորտում շահութահարկի արտոնյալ կարգավորումների գործողության ժամկետը։

Հիմնավորման համաձայն՝ արտոնությունը կգործի մինչև գյուղատնտեսական արտադրանքի հարկման համապատասխան մեխանիզմների մշակումը։

Օրենքի նախագծի ընդունմամբ, ըստ հեղինակների, լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանա։ Պետական բյուջեի եկամուտների էական նվազում կամ ծախսերի ավելացում նույնպես չի կանխատեսվում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter