Ոստիկանության պաշտոնյաները մեղադրվում են սպանությանն օժանդակելու համար
Երևանի ոստիկանության երկու բարձրաստիճան պաշտոնյաների՝ Ա. Գևորգյանին և Ա.Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել 5 մլն դրամ կաշառքի խոստում ընդունելու և դրա դիմաց քաղաքացու գտնվելու վայրը պարզելու համար։ Ըստ մեղադրանքի՝ նրանք այդ տեղեկությունը փոխանցել են Ա. Սարկիսյանին, որն այնուհետև կրակոցներ է արձակել ազգականներ Հովսեփյանների ուղղությամբ։ Դրա հետևանքով նրանցից մեկը սպանվել է։
Ըստ մեղադրանքի՝ 2023թ.-ի օգոստոսի 6-ի դրությամբ Ա. Գևորգյանը զբաղեցրել է ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետի տեղակալի պաշտոնը, իսկ Ա.Ստեփանյանը՝ նույն վարչության 4-րդ գումարտակի 1-ին վաշտի հրամանատարի պաշտոնը։
Ըստ մեղադրանքի՝ նրանք, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքն ու ծառայողական լիազորությունները, խմբով ընդունել են Ա. Սարկիսյանի՝ 5 մլն դրամ կաշառք տալու առաջարկը կամ խոստումը։ Դրա դիմաց Սարկիսյանի հանձնարարությամբ պարզել են Ա. Հովսեփյանի գտնվելու վայրը և տեղեկությունը փոխանցել նրան։
Մեղադրանքի համաձայն՝ այդ տեղեկությունը փոխանցելով՝ ոստիկանության պաշտոնյաները նպաստել են Հովսեփյանի սպանության փորձին և նրա ազգականի սպանությանը։
Ըստ մեղադրանքի՝ Ա.Սարկիսյանը, հետապնդելով Հովսեփյաններին, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով կրակոցներ է արձակել։
Սպանության դեպքը տեղի է ունեցել 2023թ. օգոստոսի 7-ին, որի վերաբերյալ Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել։
Ա. Գևորգյանն ու Ա. Ստեփանյանը համարվում են անմեղ, քանի դեռ նրանց մեղավորությունն ապացուցված չէ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Գործը քննվել է Քննչական կոմիտեում և դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան է ուղարկել 2026թ. հոկտեմբերի 29-ին։ Նույն օրը մակագրվել է Վահե Դոլմազյանին։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել