Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ևս երկու տարի կշարունակի իր առաքելությունը՝ որպես ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան
Օլիմպիական չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ևս երկու տարով վերանշանակվել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան։ Համագործակցության շարունակությունը պաշտոնապես ազդարարվել է այսօր՝ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում անցկացված «Գործելով միասին՝ հանուն երեխաների և բնության պաշտպանության» խորագրով միջոցառման շրջանակում։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարության լրատվականից։
Վերանշանակման արարողությանը հաջորդել է պանելային քննարկում՝ նվիրված սպորտի, կենսաբազմազանության և կրթության փոխկապակցվածությանը, ինչպես նաև երեխաների ու երիտասարդների համար առողջ, անվտանգ և կայուն միջավայրի ապահովմանը։
Քննարկմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Ղասսան Խալիլը և Արթուր Ալեքսանյանը։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կրթության դերին՝ երեխաների շրջանում բնապահպանական գիտելիքների, պատասխանատվության և գործնական հմտությունների ձևավորման գործում։ Նախարարի խոսքով՝ ժամանակակից կրթական համակարգը պետք է ապահովի ուսուցման բազմազան և ճկուն հնարավորություններ՝ համադրելով համակարգված ուսումնառությունը նախագծային, հետազոտական և խաղային ուսուցման մեթոդների հետ։ «Կարևոր է, որ երեխաներն ու երիտասարդներն ունենան բնապահպանական խնդիրների վերաբերյալ անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ՝ գիտակցելով կենսաբազմազանության պահպանման անմիջական ազդեցությունը մեր կյանքի վրա»,– ընդգծել է Ժաննա Անդրեասյանը։
Անդրադառնալով դպրոցներում կանաչ տարածքների կարևորությանը՝ նախարարը նշել է, որ կրթական հաստատությունները պետք է ունենան բարեկարգ բացօթյա տարածքներ, այգիներ և մարզահրապարակներ, որտեղ երեխաները կկարողանան ոչ միայն հանգստանալ և մարզվել, այլև սովորել ու անմիջական կապ հաստատել բնության հետ։ Նա ընդծել է՝ 300 դպրոցների կառուցման ծրագրի շրջանակում արդեն իսկ ձևավորվում է կրթական միջավայրի նոր պատկերացում, որտեղ կանաչ տարածքներն ու բացօթյա ուսուցման հնարավորությունները կարևոր տեղ են զբաղեցնում։ Նախարարի խոսքով՝ դպրոցը պետք է դառնա նաև համայնքային կյանքի կենտրոն՝ նպաստելով երեխաների, ընտանիքների և համայնքի անդամների փոխգործակցությանը։
Իր ելույթում օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կարևորել է սպորտի, կրթության և շրջակա միջավայրի պաշտպանության փոխկապակցվածությունը՝ ընդգծելով երեխաների համար առողջ, անվտանգ միջավայրի ապահովման և նրանց մասնակցությամբ որոշումների կայացման անհրաժեշտությունը։ «Եթե ուզում ենք, որ երեխաները մեծանան ուժեղ, առողջ և վստահ, պետք է նրանց ապահովենք ոչ միայն սպորտով զբաղվելու հնարավորությամբ, այլև որակյալ կրթությամբ և մաքուր, անվտանգ միջավայրով»,- նշել է Արթուր Ալեքսանյանը՝ կարևորելով նաև կլիմայական մարտահրավերների հաղթահարման գործում երեխաների և երիտասարդների ներգրավվածությունը։
Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Ղասսան Խալիլն ընդգծել է ազգային դեսպանների դերը երեխաների իրավունքների պաշտպանության և երիտասարդներին ոգեշնչելու գործում: Նա նաև շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախարարությանը շարունակական համագործակցության համար։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև կլիմայական կրթությանը, բնապահպանական իրազեկվածության բարձրացմանը և սպորտի միջոցով առողջ ապրելակերպի խթանմանը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել