ՆԳՆ-ում կստեղծվի ոստիկանության և փրկարարական ծառայողների էթիկայի հանձնաժողով
Ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) նախատեսում է ստեղծել ոստիկանության և փրկարարական ծառայողների էթիկայի հանձնաժողով, որը կքննի ծառայողների վարքագծի կանոնների, շահերի բախման և այլ սահմանափակումների հնարավոր խախտումները։ Հանձնաժողովը կքննարկի նաև ծառայողների մեղավորության հարցը և կորոշի, թե ինչ կարգապահական տույժ կարող է կիրառվել նրանց նկատմամբ։
Հանձնաժողովի կազմն ու գործունեության կարգը սահմանող հրամանի նախագիծը մշակվել է ՆԳՆ-ի կողմից։ Դրանով նախատեսվում է սահմանել ինչպես ենթադրյալ խախտումների քննության ընթացակարգը, այնպես էլ ծառայողների իրավունքների պաշտպանության երաշխիքները։
Հանձնաժողովը կգործի ՆԳՆ-ում։ Այն մշտական գործող մարմին է լինելու։ Հանձնաժողովի հիմնական խնդիրներից մեկը ծառայողների կողմից էթիկայի կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունն է։ Բացի այդ, այն նախարարին առաջարկություններ կներկայացնի հնարավոր խախտումները կանխելու և վերացնելու ուղղությամբ։
Նախագծի համաձայն՝ խախտման վերաբերյալ համապատասխան տեղեկություն կամ հիմք ստանալուց հետո հանձնաժողովը երեք աշխատանքային օրվա ընթացքում պետք է պարզի՝ առերևույթ խախտում կա՞, թե՞ ոչ։ Եթե խախտման նախնական հատկանիշներ հայտնաբերվեն, ծառայողական քննություն նշանակելու գործընթաց սկսելու համար համապատասխան միջնորդություն կներկայացվի։
Նախագծով նախատեսվում է նաև ծառայողների լսված լինելու իրավունքի ապահովումը։ Ծառայողը պետք է պատշաճ ծանուցվի հանձնաժողովի նիստի մասին և տեղեկացվի իր իրավունքների վերաբերյալ։ Նա կարող է անձամբ մասնակցել նիստին և ներկայացնել իր դիրքորոշումը։ Եթե հարգելի պատճառով չի կարող ներկայանալ, նախատեսվում է տեսակապով մասնակցելու հնարավորություն։
Հանձնաժողովի անդամների անաչառությունն ապահովելու համար նախագծով սահմանվում են նաև ինքնաբացարկի և հարցի քննարկմանը մասնակցելուց զերծ մնալու հիմքեր։ Մասնավորապես, անդամը չի կարող մասնակցել քննարկմանը, եթե առկա են հանգամանքներ, որոնք կարող են կասկած հարուցել նրա անաչառության վերաբերյալ։
Քննության ընթացքում հանձնաժողովը պետք է պարզի՝ արդյոք ծառայողը կատարել է իրեն վերագրվող արարքը, ապացուցվա՞ծ է նրա մեղավորությունը, և ի՞նչ կարգապահական տույժ կարող է կիրառվել նրա նկատմամբ։
Հանձնաժողովի որոշումներն ընդունվելու են նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ՝ բաց քվեարկությամբ։ Եթե ձայները հավասարվեն, ընդունված կհամարվի ծառայողի համար առավել բարենպաստ որոշումը։
Նախարարության հիմնավորմամբ՝ թեև «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսվել էր պետական ծառայության առանձին տեսակների համար էթիկայի հանձնաժողովներ ստեղծելու պահանջ, ոստիկանության և փրկարարական ծառայությունների առանձնահատկությունները հաշվի առնող անհրաժեշտ ընթացակարգերը լիարժեք սահմանված չեն եղել։
2025թ.-ի հոկտեմբերի 2-ին ընդունված օրենսդրական փոփոխություններով ոստիկանության և փրկարարական ծառայողների էթիկայի հանձնաժողովների կազմն ու գործունեության կարգը սահմանելու լիազորությունը վերապահվել է լիազոր մարմնի ղեկավարին։ Դրանից հետո՝ դեկտեմբերի 11-ին, վարչապետի որոշմամբ հաստատվել է այդ օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը, որը նախատեսում է համապատասխան նախարարական հրամանների ընդունում։
Նախագծի ընդունման դեպքում լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվի, և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվի։
Նախարարությունը ակնկալում է, որ նոր կարգավորումները կնպաստեն ոստիկանության և փրկարարական ծառայողների բարեվարքության ու կարգապահության ամրապնդմանը, խախտումների քննության միասնական ընթացակարգի ձևավորմանը և որոշումների հիմնավորվածության ու հաշվետվողականության բարձրացմանը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել