HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գյումրիի բռնցքամարտի մարզադահլիճը ցանկանում են ճանաչել հանրության գերակա շահ

Գյումրիի Շչորսի 4 հասցեում գտնվող «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության բռնցքամարտի մարզադահլիճը նախատեսվում է ճանաչել հանրության գերակա շահ։ Կառավարության որոշման նախագծի համաձայն՝ պետությունը ցանկանում է ձեռք բերել «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության սեփականության իրավունքով պատկանող 461.75 քմ մակերեսով բռնցքամարտի դահլիճը մարզական նպատակներով օգտագործելու և բռնցքամարտի մարզումների շարունակականությունն ապահովելու համար։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ հանրապետությունում մարզակառույցների սղության պայմաններում Գյումրիի այս մարզադահլիճը կարևոր նշանակություն ունի սպորտի զարգացման, երեխաների ու պատանիների ֆիզիկական դաստիարակության և առողջ ապրելակերպի տարածման համար։

Մարզադահլիճը նախատեսվում է օգտագործել ոչ միայն բռնցքամարտի մարզումների, այլև մարզական հերթափոխի պատրաստման, ուսումնամարզական հավաքների, Հայաստանի առաջնությունների, այլ մրցաշարերի և մարզամշակութային միջոցառումների անցկացման համար։ Նախագծի հեղինակների գնահատմամբ՝ դրա պահպանումը կնպաստի սպորտի մասսայականացմանը և տարբեր տարիքի մարդկանց համար ֆիզիկական կուլտուրայով ու սպորտով զբաղվելու հնարավորությունների ընդլայնմանը։

Հարկային պարտավորություններից մինչև գույքի օտարման նոր գործընթաց

Նախագծի հիմնավորման համաձայն՝ մարզադահլիճի հարկային պարտավորությունների պատճառով իրականացվել է հարկադիր աճուրդ, որի արդյունքում գույքն ունեցել է նոր սեփականատեր։

Հարցը կարգավորելու նպատակով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դիմել է Գլխավոր դատախազություն և Պետական եկամուտների կոմիտե՝ հարկադիր աճուրդը չեղարկելու և նշված մարզակառույցը հարկային պարտավորությունների դիմաց նախարարության հաշվեկշռում ընդգրկելու համար:

Այժմ նախարարությունն առաջարկում է գույքի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել՝ այն պետության կողմից ձեռք բերելու և մարզական նպատակներով օգտագործելու համար։ Այս դեպքում գույքի օտարումը կիրականացվի օրենքով սահմանված ընթացակարգով։

Կառավարության նախագծով գույքը ձեռք բերող կողմ է նախատեսվում Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս Շիրակի մարզպետի աշխատակազմի։ Օտարման գործընթացը համակարգելու է ԿԳՄՍ նախարարությունը, իսկ դրա իրականացման համար պատասխանատու է լինելու Շիրակի մարզպետի աշխատակազմը։

Ինչպե՞ս է որոշվելու փոխհատուցման չափը

Նախագծով նախատեսվում է, որ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում անկախ գնահատող կազմակերպության միջոցով պետք է որոշվի գույքի դիմաց վճարման ենթակա համարժեք փոխհատուցման չափը։ Գնահատման արդյունքների հիման վրա Շիրակի մարզպետի աշխատակազմը համապատասխան առաջարկություն կներկայացնի ԿԳՄՍ նախարարություն։ Նախարարությունն էլ գնահատման և այլ անհրաժեշտ ծախսերի ֆինանսավորումն ապահովելու նպատակով պետք է կառավարության քննարկմանը ներկայացնի 2026թ․-ի պետական բյուջեով իրեն հատկացված միջոցների վերաբաշխման վերաբերյալ որոշման նախագիծ։

Ըստ նախագծի՝ գույքի օտարման գործընթացը սկսելու վերջնական ժամկետ է սահմանվել 2026թ․ դեկտեմբերի 25-ը։ Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում պետք է կազմվի նաև օտարվող գույքի նկարագրության արձանագրությունը։

Նախագծի հիմնական հիմնավորումն այն է, որ մարզադահլիճի պահպանումը թույլ կտա շարունակել մարզական գործունեությունը, ապահովել երեխաների ու պատանիների մարզական կրթությունը և խթանել բռնցքամարտի զարգացումը Գյումրիում։

Միևնույն ժամանակ, ներկայացված հիմնավորման մեջ մանրամասն տվյալներ չկան այն մասին, թե ինչ վիճակում է գտնվում մարզադահլիճը, ինչ ծավալի մարզական գործունեություն է իրականացվել այնտեղ, ինչպես նաև՝ արդյոք քաղաքում առկա են այլ մարզակառույցներ, որոնք կարող են ծառայել նույն նպատակին։

Հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունմամբ պետական կամ համայնքային բյուջեներում ծախսերի և եկամուտների փոփոխություն չի նախատեսվում։ Մինչդեռ նախագծով նախատեսվում են գույքի գնահատման, ձեռքբերման, նոտարական գործողությունների և պետական գրանցման հետ կապված ծախսեր։

Գույքի օտարումը պետք է իրականացվի գործող սեփականատիրոջ իրավունքների պահպանմամբ և համարժեք փոխհատուցման ապահովմամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter