Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է COP17 համաժողովի ԵՀԽ էկումենիկ պատվիրակությանը
Հոկտեմբերի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Երևանում անցկացվող Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) մասնակից Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) էկումենիկ պատվիրակությանը։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։
«Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորեց քրիստոնեական Եկեղեցիների համատեղ հանձնառությունը՝ պահպանելու արարչագործության ներդաշնակությունն ու աստվածապարգև բազմազանությունը։
Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ մարդուն Աստծուց վերապահված է արարչաստեղծ բնության նկատմամաբ պատասխանատվություն, որը պետք է արտահայտվի մշտական խնամքով ու հոգածությամբ։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը շեշտեց, որ բնապահպանական արդի մարտահրավերների հաղթահարմանն ուղղված ջանքերը պետք է ուղեկցվեն հոգևոր և բարոյական արժեքների ամրապնդմամբ, որպեսզի մարդկային գիտելիքներն ու ներուժը ծառայեն բնության խնամքին և պահպանությանը՝ ի բարօրություն ներկա և գալիք սերունդների։
Իր խոսքում Վեհափառ Հայրապետը նաև նշեց, որ նման միջազգային համաժողովները առիթ են ճանաչելու Հայոց Եկեղեցու պատմությունն ու առաքելությունը և քրիստոնեական հավատքով դարերի փորձությունները հաղթահարած մեր ժողովրդին։ Անդրադառնալով միջեկեղեցական հարաբերություններին՝ Նորին Սրբությունը գոհունակություն հայտնեց Եկեղեցիների համաշխարհային խորհրդին և քույր Եկեղեցիներին՝ հայ ժողովրդին ու Հայոց Եկեղեցուն ցուցաբերվող զորակցության համար։
Վերջում հյուրերը շնորհակալություն հայտնեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսին ջերմ ընդունելության համար՝ ներկայացնելով պատվիրակության առաքելությունը։ Վերջիններս խոսեցին կլիմայական փոփոխությունների, կենսաբազմազանության կորստի և շրջակա միջավայրի աղտոտման հիմնախնդիրների մասին՝ ընդգծելով, որ բնապահպանական ճգնաժամն ունի նաև հոգևոր ու բարոյական արմատներ, ինչը հրամայական է դարձնում Եկեղեցիների ջանքերի մեկտեղումը՝ ի պահպանություն արարչաստեղծ աշխարհի»,- նշվում է հաղորդագրությունում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել