HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Համայնքի ավագանու անհամաձայնությունը չի կանգնեցնի հանքավայրերի ուսումնասիրության փորձաքննությունը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է փոխել օգտակար հանածոների որոնման և արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրությունների կարգավորումները։ Նախագծով սահմանված ծավալներում օգտակար հանածոների որոնողական աշխատանքները կազատվեն շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումից և պետական փորձաքննությունից։ Միաժամանակ հստակեցվում է, որ համայնքի ավագանու՝ նախատեսվող գործունեությանը դեմ լինելու որոշումն ինքնաբերաբար չի դադարեցնի պետական փորձաքննությունը․ լիազոր մարմինը պարտավոր կլինի ուսումնասիրել և գնահատել համայնքի առարկության հիմքերը։

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում փոփոխությունների նախագծով առաջարկվում է հստակեցնել համայնքի ավագանու՝ նախատեսվող գործունեությանը նախնական համաձայնություն կամ անհամաձայնություն տալու իրավական հետևանքները։

Ըստ նախարարության հիմնավորումների՝ գործող կարգավորումներում հստակ սահմանված չէ, թե ինչպես պետք է շարունակվի փորձաքննությունը, եթե համայնքի ավագանին դեմ է նախատեսվող գործունեությանը։ Մասնավորապես, հստակ չէ՝ ինչ ընթացակարգով պետք է գնահատվեն ավագանու առարկության հիմքերը և ինչպես պետք է դրանք արտացոլվեն պետական փորձաքննական եզրակացության մեջ։

Նախագծի հեղինակների գնահատմամբ՝ այս անորոշությունը կարող է հանգեցնել նրան, որ ավագանու անհամաձայնությունն ընկալվի որպես փորձաքննությունը չսկսելու կամ դադարեցնելու հիմք՝ առանց ներկայացված փաստարկների լիարժեք մասնագիտական գնահատման։

Առաջարկվում է սահմանել, որ ավագանու նախնական անհամաձայնությունն ինքնին չի կարող հիմք լինել փորձաքննությունը չսկսելու կամ արդեն սկսված գործընթացը դադարեցնելու համար։ Միաժամանակ լիազոր մարմինը պարտավոր կլինի ուսումնասիրել և գնահատել անհամաձայնության պատճառները, իսկ իր գնահատականը ներառել պետական փորձաքննական եզրակացության պատճառաբանական մասում։

Փաստացի ստացվում է, որ համայնքի ավագանու դիրքորոշումը դառնում է զուտ խորհրդատվական՝ պետք է ուսումնասիրվի, սակայն այն ինքնաբերաբար չի կանխի նախատեսվող գործունեության պետական փորձաքննությունը։

Օրենքների փոփոխությունների փաթեթով առաջարկվում է օգտակար հանածոների որոնողական աշխատանքներն առանձնացնել երկրաբանական ուսումնասիրությունների մյուս տեսակներից և դրանց համար սահմանել առանձին կարգավորում։

Որոնողական աշխատանքների նպատակը մետաղական օգտակար հանածոների հնարավոր հանքայնացման հայտնաբերումն ու դրանց կանխատեսումային ռեսուրսների գնահատումն է։ Դրանք կարող են ներառել երկրաբանական, երկրաֆիզիկական, երկրաքիմիական, միներալոգիական և այլ ուսումնասիրություններ, սակայն չեն ներառում օգտակար հանածոների պաշարների գնահատում կամ վերագնահատում։

Նախագծով առաջարկվում է սահմանված ծավալներում իրականացվող նման աշխատանքները չդարձնել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և պետական փորձաքննության առարկա։ Միաժամանակ որոնողական աշխատանքների համար նախատեսվում են ծավալային սահմանափակումներ։ Ծրագրով չեն կարող նախատեսվել ընդհանուր 1000 գծամետրից ավելի ստորգետնյա լեռնային փորվածքների անցում կամ ընդհանուր 1000 գծամետր խորությունը գերազանցող հորատանցքերի հորատում։

Այս սահմանաչափերը գերազանցող աշխատանքները պետք է իրականացվեն օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրությունների համար սահմանված կարգով։ Նույն կարգը կգործի նաև այն ուսումնասիրությունների նկատմամբ, որոնց նպատակն է պինդ օգտակար հանածոների արտահաշվեկշռային պաշարները հաշվեկշռայինին վերագրելը։

Փոփոխությունների մեկ այլ առաջարկ վերաբերում է այն դեպքերին, երբ օգտակար հանածոների պաշարները վերագնահատվում են նախկինում հավաքված երկրաբանական նյութերի և տվյալների հիման վրա՝ առանց նոր դաշտային աշխատանքների։

Նախագծով առաջարկվում է նման ուսումնասիրությունները չներառել պետական փորձաքննության ենթակա գործունեությունների շարքում։

Նախարարության հիմնավորմամբ՝ ներկայումս այս դեպքերում փաստաթղթերը ներկայացվում են ոլորտի լիազոր մարմին, որն ուսումնասիրելուց հետո արձանագրում է, որ տվյալ գործունեությունը պետական փորձաքննության ենթակա չէ։ Նախագծի հեղինակների կարծիքով՝ այս ընթացակարգը լրացուցիչ վարչարարություն է առաջացնում, ուստի առաջարկվում է այն վերացնել։

Առաջարկվող փոփոխությունները չեն ազատի օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրությունները բնապահպանական գնահատման և պետական փորձաքննության պահանջներից։

Դրանք կշարունակեն անցնել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում և պետական փորձաքննություն, սակայն «Ա» կատեգորիայի փոխարեն կներառվեն «Բ» կատեգորիայում։

Գլխավոր լուսանկարում՝ Ազատեկի ոսկու հանքավայրը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter