Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները
Հայաստանի համայնքներում թափառող շների ստերջացման համար բյուջեից միլիոնավոր դրամներ են հատկացվում, սակայն ծրագրերի իրականացման ընթացքում արձանագրվել են լուրջ խախտումներ։ Համայնքային մրցույթում հաղթած «Վերոնիկա Հակոբյան» ԱՁ-ն և «Նորոգում» ՍՊԸ-ն շներին ստերջացրել են առանց պատշաճ անեսթեզիայի (անզգայացում) ։
«Վերոնիկա Հակոբյան» ԱՁ-ն մասնակցում է համայնքներում իրականացվող թափառող կենդանիների ստերջացման մրցույթներին։ ԱՁ-ն գրանցվել է 2024-ի մարտին, գրանցման հասցեն Վանաձոր քաղաքում է։ Ստերջացման մրցույթերին մասնակցում է ամենուր որտեղ հայտարարվում է։ 2024-2025 թթ. մասնակցել է Մասիս, Ալավերդի, Վանաձոր, Նոր Հաճն, Գավառ, Բերդ, Սևան, Մարտունի, Վարդենիս, Արզնի համայնքներում։ 2025-ին հաղթել է մեկ անգամ Սիսիանում, 2 անգամ՝ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում՝ տարեսկզբին և տարեվերջին՝ պարտավորվելով կատարել ընդհանուր 350 շան ստերջացում։ Պայմանագրերի գումարն ընդհանուր կազմել է 8 մլն 88 հազար դրամ։
«Արդարության տուն» իրավապաշտպան ՀԿ-ն հանրային հսկողության շրջանակում ուսումնասիրել է Չարենցավան համայնքի և «Վերոնիկա Հակոբյան» ԱՁ-ի միջև 2025 թ․ հունվարի 17-ին կնքված պայմանագրի շրջանակում իրականացված թափառող կենդանիների ստերջացման աշխատանքները։ ՀԿ-ի նախագահ Թերեզա Գալստյանի փոխանցմամբ՝ մոնիտորինգի արդյունքում մի շարք խախտումներ են արձանագրվել՝ կենդանիների անզգայացումից ու հետվիրահատական ցավազրկումից մինչև վիրահատությունների սանիտարահիգիենիկ պայմաններ։
Կասկածներն առաջացել են այն ժամանակ, երբ ուսումնասիրել է Մասիսի և Չարենցավանի համայնքապետարաններից ստացած «Նորոգում ՍՊԸ»-ի և «Վերոնիկա Հակոբյան» ԱՁ-ի՝ կենդանիների ստերջացման մրցույթների կատարողական փաստաթղթերը։
«Երբ սկսեցի ուսումնասիրել թերթիկները, նկատեցի, որ կենդանիների քաշերը տարբեր են, օրինակ, 2 կգ, 12 կգ, բայց նշված դեղանյութի (անեսթեզիայի դեղամիջոցի, հեղ.) չափաբաժինը նույնն է՝ 10 մգ։ Նույնը վերաբերում էր նաև մյուս տվյալներին․ սրտի զարկերը, շնչառության հաճախությունն ու ջերմությունը կենդանիների փաստաթղթերում կրկնվում էին։ Երբ ավելի քան 50 թերթիկ ես ուսումնասիրում ու տեսնում, որ փոխվում է միայն կենդանու քաշը, իսկ մյուս տվյալները մնում են նույնը, կասկածներ են առաջանում»,- պատմում է Գալստյանը։
«Նորոգում» ՍՊԸ-ի և «Վերոնիկա Հակոբյան» ԱՁ-ի գործունեության վերաբերյալ «Արդարության տուն» ՀԿ-ն փորձագիտական ուսումնասիրություններ է պատվիրել, որը իրականացրել է «Շունն ու կատու» անասնաբուժական կլինիկայի ղեկավար Վասիլի Անդրեևիչ Մալյուկովը։ Ըստ փորձագիտական եզրակացությունների՝ թե՛ Չարենցավանում, թե՛ Մասիսում թափառող շների ստերջացման ծրագիրն իրականացվել է անասնաբուժական ու միջազգային չափանիշների կոպիտ խախտումներով։
Մասիս համայնքում «Նորոգում» ՍՊԸ-ի ներկայացրած փաստաթղթերում ստերջացված 53 շան տվյալները կրկնվում են՝ մարմնի նույն ջերմաստիճանը՝ 38 աստիճան, սրտի զարկերը՝ 68 զարկ րոպեում։ Նույն են նաև անզգայացման 20-րդ րոպեին գրանցված ցուցանիշները։ Փորձագետը նշում է, որ 53 կենդանու համար նույն ցուցանիշները կենսաբանորեն անհնար է, որ լինեն, հետևաբար կան փաստաթղթերի կեղծման ակնհայտ նշաններ։
Մասիսի համայնքապետարանի գնումների բաժնի պետը՝ Քոչար Խաչատրյանը, նշեց, որ ուսումնասիրել են «Նորոգում» ՍՊԸ-ի կատարողական թերթիկները, նկատել, որ չի համապատասխանում տեխնիկական բնութագրին և չեն վճարել։ Դատական հայց են ներկայացրել պայմանագիրը միակողմանի լուծելու համար, սակայն Դատարանը վճիռ է կայացրել հօգուտ «Նորոգում» ՍՊԸ-ի՝ պարտավորեցնելով վճարումը կատարելու։ «Արդարության տուն» ՀԿ-ն իր փորձագիտական եզրակացությանը հիման վրա հայց է ներկայացրել, որի հիման վրա վարույթ է ընդունվել։ Գործը քննության փուլում է, այդ պատճառով վճարումը չի իրականացվել։
Մի շարք խնդիրներ են արձանագրվել նաև Չարենցավանում «Վերոնիկա Հակոբյան» ԱՁ-ի կողմից թափառող շների ստերջացման ժամանակ։ Մասնավորապես վիրաբուժական միջամտություններն իրականացվել են դրա համար չնախատեսված, ոչ ստերիլ կենցաղային մակերեսների վրա՝ փայտյա տախտակներին, պահարաններին, կտորե ծածկոցներին և անմիջապես շներին տեղափոխող ֆուրգոնի հատակին։
Բացակայել են ստերիլ, միանգամյա օգտագործման վիրահատական սավանները։ Բազմակի օգտագործման մետաղական գործիքները բաց վիճակում դրված են եղել կեղտոտ փայտյա մակերեսների ու կտորների վրա, ինչը զրոյացրել է դրանց ստերիլությունը՝ ստեղծելով բարձր ռիսկ կենդանու որովայնի խոռոչ վարակ ներթափանցելու համար։
Շներին բռնելիս կիրառվել են դաժան ու կոշտ միջոցներ։ Տեղափոխման ընթացքում իսպառ բացակայել են անհատական վանդակները, և կենդանիները՝ թե՛ վիրահատությունից առաջ, թե՛ դրանից հետո կուտակված են եղել ֆուրգոնի կեղտոտ հատակին։
Սանիտարական վիճակից զատ, խախտումներ են արձանագրվել նաև դեղամիջոցների օգտագործման մեջ։ Որպես վիրուսային հիվանդությունների կանխարգելման միջոց նշված է եղել «Գլոբկան»-ը, որը իմունոգլոբուլին է և չի հանդիսանում պատվաստանյութ կատաղության դեմ։ Ավելին՝ փաստաթղթերում բացակայել է 165 գլուխ կենդանիների կատաղության դեմ լիարժեք պատվաստման փաստը։
Սակայն, գլխավոր խնդիրը, ըստ փորձագիտական եզրակացության, կենդանիների անզգայացումն ու ցավազրկումն է։ Համայնքապետարան ներկայացրած փաստաթղթերում որպես անզգայացման դեղամիջոց նշված է «Xyla»-ն, որը, մասնագետի գնահատմամբ, ունի հանգստացնող և մկանները թուլացնող ազդեցություն, բայց չի ապահովում վիրահատության համար անհրաժեշտ ընդհանուր անզգայացում։ «Շունն ու կատուն» անասնաբուժական կլինիկայի ղեկավար, կենդանապաշտպան Վասիլի Մալյուկովը մեզ հետ զրույցում նշեց, որ արտաքուստ շունը քնած է թվում, չի դիմադրում ոչնչի, բայց կտրվածքի ժամանակ շունը սուր ցավ է զգում։ «Xyla»-ն կարող է զգալիորեն դանդաղեցնել սրտի զարկերը և նեղացնել անոթները։ Եթե դրան գումարվում է նաև ուժեղ ցավի հետևանքով առաջացած ծանր սթրեսը, դա կարող է լուրջ վտանգ ստեղծել սրտի աշխատանքի համար։
Վասիլի Մալյուկովը նշեց, որ անզգայացման համար տարբերակներ շատ կան, օրինակ՝ Золетил + Медитин, որը ապահովում է ամբողջական անզգայացում։ Թե ինչու են հենց «Xyla»-ն օգտագործում, կլինիկայի ղեկավարը հստակ պատասխան չտվեց, սակայն նշեց, որ այս դեղամիջոցը շատ ավելի մատչելի է։ Շները չեն ստացել նաև հետվիրահատական ցավազրկում, քանի որ փաստաթղթերում այդ դաշտը լրացված չի եղել։
Ըստ փորձագիտական եզրակացության՝ անասնաբուժության միջազգային ստանդարտները (WOAH, WSAVA, ASV, AAHA) խստորեն պահանջում են վիրահատական ստերջացումն իրականացնել բացառապես ստերիլ միջավայրում, լիարժեք ընդհանուր անզգայացմամբ ու պարտադիր հետվիրահատական ցավազրկմամբ։ Այդ ամենի բացակայության պարագայում վիրահատությունը որակվում է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք։
Անասնաբուժության մասին օրենքի 32-րդ հոդվածում հստակ գրված է, որ վիրահատական ցանկացած միջամտություն պետք է անել կենդանու քնեցման միջոցով։
Չարենցավանի համայնքապետի տեղակալ Սևակ Վարդանյանը նշեց, որ իրենք ստուգել են կատարողական փաստաթղթերը, խախտում չեն նկատել, և դրա հիման վրա վճարումը իրականացվել է։ Երկրորդ մրցույթում ևս հաղթել է «Վերոնիկա Հակոբյան» ԱՁ-ն, սակայն այն կասեցվել է, քանի որ «Արդարության տուն» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Թերեզա Գալստյանի հաղորդման հիման վրա վարույթ է նախաձեռնվել։
«Կենդանիների իրավունքների պաշտպանության «Դոգմա»» ՀԿ-ի հիմնադիր Գոհար Տեր-Անտոնյանի խոսքով՝ «Xyla» դեղամիջոցն օգտագործում են օրինակ շներին վիրակապելու համար, եթե կոտրվածք չկա, բայց ոչ վիրահատական միջամտությունների ժամանակ։ Նրա խոսքով՝ հետագայում այդ շները դառնում են ավելի ագրեսիվ, քանի որ ցավային շոկ են ապրում։ Բացի այդ Գոհար Տեր-Անտոնյանը նշում է, որ շատ դեպքերում կատաղության դեմ պարտադիր պատվաստում չի արվում։ Նշում է՝ նախ պայմանագրով նախատեսված քանակով ընկերությունները չեն անում ստերջացումները, հիմնականում ուղղակի կլիպս են դակում շան ականջին և բաց թողնում։ «Դոգմա» ՀԿ-ն բազմիցս է անդրադարձել այս խնդրին, քանի որ համայնքներում արձանագրել են կլիպսավորված շուն, սակայն հղի վիճակում։
Զանգահարեցինք Վերոնիկա Հակոբյանին՝ մեկնաբանություն վերցնելու։ Նա նշեց, որ ինքը ո՛չ անասնաբույժ է, ո՛չ դեղագետ։ Խնդրեցինք փոխանցել իրենց կազմակերպության անասնաբույժի հեռախոսահամարը, սակայն Վերոնիկա Հակոբյանի փոխանցմամբ՝ նրա հետ կապ հաստատել չի հաջողվում, հեռախոսն անհասանելի է։ Փորձեցինք նաև կապ հաստատել «Նորոգում» ՍՊԸ-ի հետ։ Պատասխանեց ընկերության սեփականատերը՝ Գագիկ Գալստյանը։ Նյութի թեման լսելուն պես ասաց՝ շնորհակալություն, ցտեսություն և անջատեց հեռախոսը։
Այսպիսով, թափառող կենդանիների վնասազերծման թեման շարունակում է մնալ մեր համայնքների ամենամեծ ու չլուծված հարցերից մեկը։ Ստերջացման արդյունավետությունից զատ՝ կարևոր է, որ համայնքապետարանները պատշաճ ստուգեն մասնակցի ներկայացրած կատարողական թերթիկները։ Թեև տարեկան բյուջեներից հսկայական միջոցներ են հատկացվում ստերջացման մրցույթներին, շները շարունակում են ոհմակներով շրջել, բնակիչները՝ բողոքել։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել