HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայաստանը չի կարող իրեն դիրքավորել իբրեւ կենսաբազմազանության պայքարի առաջամարտիկ, երբ դրա համար գործող մարդիկ թիրախավորվում են»

Հոկտեմբերի 10-ին Ամուլսարի հանքավայրի շահագործման պաշտոնական բացման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հանքավայրի շահագործման մեկնարկը «հաջողության պատմություն» է, ապա ընդգծել, որ բացման արարողությունն անցնում է առանց մոտակայքում բողոքի ակցիաների:

«Կանաչ խորհուրդների դաշնություն» էկոակտիվիստական շարժման համահիմնադիր, ռազմավարական հաղորդակցության եւ քաղաքացիական հասարակության զարգացման փորձագետ Հայկ Աբրահամյանը «Հետքի» հետ զրույցում ասում է, որ Փաշինյանի այս հայտարարությունը շատ վտանգավոր տեղ է մեզ տանում՝ նկատի ունենալով վարչապետի վերաբերմունքը քաղաքացիական մասնակցությանը: Աբրահամյանի խոսքով՝ քաղաքացիների բողոքների առկայությունը, փաստորեն, գնահատվում է ոչ թե որպես մասնակցության եւ դիրքորոշման արտահայտման միջոց, այլ ռիսկ, որը պիտի կառավարվի իշխանությունների կամ բիզնեսի կողմից:

«Այս մտածողությունը մեզ կարող է տանել շատ ավելի պրոբլեմատիկ զարգացումների, երբ բողոքը դիտարկվում է ոչ թե դրա հիմքում ընկած մտահոգությունները հասցեագրելու կարեւորության տեսանկյունից, այլ որպես կառավարելու, չեզոքացնելու խնդիր: Պետք է հստակ արձանագրել, որ նման մտածողությունը շատ խնդրահարույց է, եւ չեմ կարծում, թե սա միայն Ամուլսարով է սահմանափակվում, սա արտացոլում է Կառավարության որոշակի վերաբերմունքը հանրային մասնակցության նկատմամբ»,- նշում է Հայկ Աբրահամյանը:

Հարցին, թե ինչու Ամուլսարի հանքավայրի պաշտոնական բացման ժամանակ բնապահպանների բողոքի ձայնը չկար՝ հաշվի առնելով տարիների պայքարը հանքավայրի շահագործման դեմ, «Հետքի» զրուցակիցը երկու հանգամանք է նշում: Առաջինն այն է, որ երկար ժամանակ այդ պայքարի հիմքում ընկած է եղել Ջերմուկ համայնքի բնակիչների համախմբումն ու դիմադրությունը, որը վերջին տարիներին, մի շարք հանքամանքներով պայմանավորված, կոտրվել է:

«Դրանք ներառում են թե՛ կորոնավիրուսի համավարակը, թե՛ պատերազմը՝ ներառյալ այն, որ դիմադրության մասնակիցներից ոմանք զոհվել են պատերազմի ժամանակ, թե՛ այն նարատիվները, որոնք հատկապես Ադրբեջանի կողմից ներխուժման հաջորդող հատվածում սրվեցին (օրինակ՝ ներդրումները հանքարդյունաբերության մեջ որոշակի անվտանգային երաշխիք են ստեղծում), թե՛ բնակիչների նկատմամբ շարունակական ճնշումները, երկար, քամող, հյուծող աշխատանքը, որ տարվել է, որ աստիճանաբար կա՛մ լռեն, կա՛մ մի կողմ քաշվեն: Այս ամեն ինչը հանգեցրել է հենց բնակիչների կողմից դիմադրության անկման, եւ կարեւոր գործոն է, որովհետեւ ավելի լայն բնապահպանական շարժումը միշտ համախմբված է եղել հենց տեղի բնակիչների պայքարի շուրջ»,- ասում է էկոակտիվիստական շարժման համահիմնադիրը:

Աբրահամյանի խոսքով՝ երկրորդ արձանագրումն այն է, թե ինչու արձագանք չի եղել Ջերմուկից դուրս՝ լայն շարժման իմաստով: Նկատում է՝ հանքն այդ օրը բացելու որոշումը, կարելի է ասել, գաղտնի է կայացվել: Ըստ մեր զրուցակցի՝ որեւէ նախնական հրապարակում չի եղել դրա վերաբերյալ: «Մեծ հաշվով, բոլորի համար անակնկալ է եղել հատկապես COP17-ին ընդառաջ նման որոշում կայացնելը: Այդ մասին վկայում է այն, որ բացումից անմիջապես հետո շատ հստակ գնահատողական արձագանքներ եղան քաղհասարակության կազմակերպությունների կողմից, որոշակի ակցիաներ եւ այլն: Միջազգային կազմակերպությունների հետ աշխատանք է տարվել: Ե՛վ բնապահպանական, ե՛ւ իրավապաշտպան կազմակերպություններն արձագանքել են այս խնդրահարույց որոշմանը: Ու կարծում եմ՝ միանշանակ է, որ աննկատ չի անցնելու, որոշակի գործողություններ, արձագանք, հայտարարություններ քաղհասարակության ու բնապահպանական շարժման կողմից լինելու են»,- ասում է «Հետքի» զրուցակիցը:

«Ակտիվիզմն այլեւս այդ «վետերան» ակտիվիստները չեն»

Հայկ Աբրահամյանի փոխանցմամբ՝ հանրային ընկալման մեջ տարիների ընթացքում շատ նեղ պատկերացումներ են ձեւավորվել, եւ վերջին օրերին Ամուլսարի շահագործման դեմ տարիներ շարունակ պայքարած ակտիվիստների անձնական թիրախավորումը դրա վառ դրսեւորումն է:

«Խոսքն այն մասին է, որ մարդիկ ակնկալում են, թե ակտիվիստները մասնագետներ են, մասնագիտացած ակտիվիստներ են, ցանկացած պարագայում մշտապես պետք է բարձրաձայնեն, խոսեն, պայքարեն: Այն դեպքում, երբ այդ մարդիկ սովորական քաղաքացիներ են, ինչպես եւ մնացածս, ու իրենց ռեսուրսների, ուժերի, կարողությունների ներածին չափով փորձել են բարձրացնել իրենց հուզող հարցերը: Օբյեկտիվ է, որ նրանցից ոմանք այս պահին պարզապես չեն անում դա, որովհետեւ տարիների պայքարը կարող է քամող, հյուծող ազդեցություն ունենալ: Եթե դա էլ չլինի, բնական է, որ կյանքը փոխվում է, առաջնահերթությունները փոխվում են: Բայց հարցն այլ է այստեղ»,- ասում է մեր զրուցակիցը:

Ըստ նրա՝ բնապահպանական ակտիվիստական շարժումը ոչ միայն չի մարում, այլեւ հակառակը՝ շատ ակտիվ փոխակերպման մեջ է: Այդ մասին են վկայում վերջին տարիներին հաջողության ավելի քան երկու տասնյակ օրինակները հենց հանքարդյունաբերության ոլորտում՝ Մարցում, Ուռուտում, Գոգավանում, Շենավանում, Գլաձորում, Արջուտում, Ստեփանավանում եւ այլն:

Հայկ Աբրահամյանը նկատում է, որ շատ համայնքներում բնակիչները վաղ փուլում հենց տեղում մոբիլիզացվում են: Եվ նրա ասելով՝ նման բնապահպանական շարժումը կարողացել է արդյունավետ կերպով կանխել շրջակա միջավայրի, կայուն զարգացման ռիսկերը: Սակայն պայքարի այս փորձերը այնքան ուշադրության չեն արժանանում մեդիայում, որքան Ամուլսարը:

«Հետքի» զրուցակիցը շեշտում է՝ իր ասածն այն մասին չէ, թե Ամուլսարն արժանի չէ այդ ուշադրությանը, պարզապես ցանկանում է ընդգծել, որ մյուս պայքարները, որոնք շատ ավելի լոկալ են, քիչ ուշադրության են արժանանում: «Եթե սրանց մասին խոսենք, համոզված եմ՝ հանրային ընկալման մեջ վերաբերմունքը մի փոքր ավելի ուրիշ կլիներ, ու կլիներ այն ընկալումը, որ ակտիվիզմն այլեւս այդ «վետերան» ակտիվիստները չեն, ում ներդրումն, իհարկե, անգնահատելի է: Ակտիվիզմը հիմա շատ ավելի համայնքակենտրոն է, ապակենտրոն: Այսինքն՝ ակտիվիստները ոչ թե այն մարդիկ են, որոնք Երեւանից գնում, պայքարում են, այլ շատ դեպքերում հենց համայնքի բնակիչներն են, տեղում ձեւավորվող դիմադրության օջախներն են, ու կարծում եմ, որ մենք շատ ավելի մեծ կարիք ունենք խոսել այս հաջողության պատմությունների մասին»,- ասում է Հայկ Աբրահամյանը:

Երկրորդ հանգամանքը, որը կրկին հանրային իրազեկման կարիք ունի, ըստ բնապահպանի, ակտիվիստների դրական օրակարգային լուծումներն են: Այսինքն՝ ներկայում ակտիվիզմը, բացի ինչ-որ բանի դեմ խոսելուց, ռիսկերն ու վտանգները բարձրաձայնելուց, նաեւ լուծումներ է առաջարկում: Դրա ամենաթարմ օրինակը Ծաղկաձորում բնապահպան ակտիվիստների կողմից վերջերս պաշտպանված այն քաղաքականությունն էր, որը վերաբերում է Մարմարիկ գետի էկոհամակարգի պաշտպանությանը: Համայնքի ավագանին այն ընդունել է:

«Մարմարիկ գետն ունի աղտոտվածության շատ բարձր մակարդակ: Ակտիվիստները ոչ թե պարզապես պայքարել են այդ գետի աղտոտվածության դեմ, այլ կարողացել են համայնքի, այլ շահագրգիռ կողմերի ներգրավմամբ այնպիսի փաստաթուղթ մշակել, որն ուրվագծում է, թե առաջիկա 10 տարիներին համայնքն ինչ պետք է անի այդ գետի էկոհամակարգը պաշտպանելու եւ զարգացնելու ուղղությամբ: Այս գործունեությունը եւս մեդիայի ուշադրության կարիքն ունի»,- ասում է Հայկ Աբրահամյանը:

«Լռեցման դատական հայցերը»

«Հետքի» զրուցակիցն ընդգծում է, որ 2018-ից մինչ օրս հանրային մասնակցության դեմ ռազմավարական դատական հայցերը (SLAPP - Strategic Lawsuit Against Public Participation) ակտիվիստների, լրագրողների դեմ շատացել են: Աբրահամյանի խոսքով՝ դրանց կեսից ավելին եղել են 2019-2020 թթ.՝ իշխանափոխությունից հետո առաջին տարիներին:

Վերջին տարիներին, նրա ասելով, քանակական աճ չի արձանագրվել, սակայն այլ միտում կա: Ըստ Հայկ Աբրահամյանի՝ եթե նախկինում մի ընկերության կողմից էին ներկայացվում հայցեր, այժմ դրանց թիվն աճել է: Այլ կերպ ասած՝ SLAPP հայցերով դատարան դիմողների աշխարհագրությունն ընդլայնվել է: Մեծացել է նաեւ թիրախների շրջանակը. ակտիվիստներից բացի՝ այժմ նաեւ լրագրողներին ու լրատվամիջոցներին են թիրախավորում: Հ. Աբրահամյանը նկատում է՝ վերջերս եղել է մի դեպք, երբ մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներից մեկն էր դարձել SLAPP հայցի թիրախ:

«Այսինքն՝ երբ խոսում ենք SLAPP-ի մասշտաբի եւ ազդեցության մասին, ոչ թե պարզապես պետք է նայենք թվերին, այլ նրան, թե ովքեր են ներկայացնում այդ հայցերը, արդյոք շատացել են հայցվորները, ովքեր են թիրախները, արդյոք գործունեության տեսակները, որոնք թիրախավորվում են SLAPP-ի կողմից, շատացել են, թե ոչ: Բոլոր դեպքում պատասխանն այո է»,- ասում է «Կանաչ խորհուրդների դաշնություն» էկոակտիվիստական շարժման համահիմնադիրը:

Աբրահամյանը նշում է, որ փորձել են SLAPP-ի հայերեն համարժեքը գտնել՝ «լռեցման դատական հայցեր», քանի որ դրանց նպատակը մարդկանց լռեցնելն է: Ընդ որում՝ լռեցնել ոչ միայն նրանց, ում ուղղակի թիրախավորում են հայցվորները, այլեւ ուղերձ հղել ավելի լայն հանրությանը, ազդակիր համայնքներին, որ իրենց եւս կարող են սպառնալ նման հայցերով, այնպես որ լավ կանեն չհամարձակվեն խոսել խնդիրների մասին:

«Լռեցման դատական հայցերի» ազդեցությունը դրսեւորվում է ոչ միայն բուն դատական գործընթացներով, այլեւ խնդրահարույց բաղադրիչներով, ինչպես օրինակ՝ անհիմն, ուռճացված փոխհատուցման պայմաններով: Այս հայցերի քննությունը հաճախ տեւում է տարիներ: Ըստ Հայկ Աբրահամյանի՝ դրանք ֆինանսական, ժամանակային առումով քամում են ակտիվիստներին: Սակայն բացի դրանից՝ այդ հայցերը հաճախ ուղեկցվում են տեղեկատվական արշավով լրագրողների ու ակտիվիստների դեմ:

«Միշտ պիտի դիտարկենք, որ «լռեցման հայցերն» ավելի լայն գործիքակազմի մաս են: Դրանք առանձին գործող գործիքներ չեն, կիրառվում են ակտիվիստների, լրագրողների դեմ կեղծ նարատիվներով, ապատեղեկատվությամբ, նրանց անձնական կյանքին մասին թիրախավորող բովանդակության տարածմամբ: Դա նաեւ ավելի լայն հանրային մասնակցության տարածքի նեղացմանն ուղղված գործիքակազմ է, ինչի մասին խոսում են թե՛ տեղական, թե՛ միջազգային կազմակերպությունները՝ ընդգծելով, որ SLAPP հայցերի աճը եւ կիրառումը Հայաստանում՝ համակցված թիրախավորման, կեղծ նարատիվների հետ, ոչ նպաստավոր պայմաններ է ստեղծում հանրային մասնակցության համար,- նշում է «Հետքի» զրուցակիցը,- ընդ որում՝ ոչ միայն այն մարդկանց համար, որոնց թիրախավորում են, այլեւ ուրիշների, որոնք, դրանից ելնելով, ավելի զգուշավոր են դառնում»:

SLAPP հայցերի մասին առաջարկներ են ներկայացվել Կառավարությանը

Հայկ Աբրահամյանն ասում է, որ տեւական ժամանակ է՝ «Կանաչ խորհուրդների դաշնությունը» SLAPP հայցերի վերաբերյալ որոշակի առաջարկներ են ներկայացրել գործադիրին, որպեսզի ընդունվեն ԵՄ դիրեկտիվներին եւ Եվրոպայի խորհրդի ռեկոմենդացիաներին համահունչ իրավական կարգավորումներ: Դրանք թույլ չեն տա, որպեսզի «լռեցման հայցերն» անհիմն կիրառվեն հանրային մասնակցությունը ճնշելու ուղղությամբ: Էկոակտիվիստական շարժումը նաեւ կոչ էր արել, որ COP17-ին ընդառաջ Կառավարության կողմից հստակ քայլեր ձեռնարկվեն համապատասխան օրինագծի ներկայացման կամ այլ պաշտոնական գործընթացի մեկնարկի տեսքով, ինչը լավ ուղերձ կլիներ թե՛ ՀՀ քաղաքացիներին, թե՛ միջազգային հանրությանը:

«Ցավոք սրտի, չենք տեսնում դա: Կարծում եմ, որ Հայաստանը՝ որպես COP հյուրընկալող երկիր, չի կարող իրեն դիրքավորել իբրեւ կենսաբազմազանության եւ շրջակա միջավայրի պայքարի առաջամարտիկ այն պայմաններում, երբ նույն Հայաստանում այդ նույն կենսաբազմազանության եւ շրջակա միջավայրի պաշտպանության համար գործող մարդիկ հետապնդվում են եւ թիրախավորվում, իսկ պետությունը որեւէ քայլ չի ձեռնարկում նրանց պաշտպանության ուղղությամբ»,- շեշտում է էկոակտիվիստական շարժման համահիմնադիրը:

«Կառավարության տնտեսական քաղաքականությունը հակոտնյա է COP-ի սկզբունքներին, գաղափարներին, արժեքներին»

Հարցին, թե ինչ սպասելիքներ ունի COP17-ը Հայաստանում հյուրընկալելուց, «Հետքի» զրուցակիցը պատասխանում է, որ կարող ենք խոսել այն մասին, թե նման համաժողովը մեր երկրում անցկացնելն ինչ օգուտներ կարող է ունենալ միջազգային դիվանագիտության տեսանկյունից:

Հ. Աբրահամյանը համոզված է, որ այդ առումով կան բազմաթիվ հնարավորություններ, որոնք, սակայն, չպետք է գերակայեն մեր հանրային օրակարգում, փոխարենը մեր ուշադրությունը պետք է լինի նրա վրա, թե այս համաժողովի շնորհիվ ինչ է փոխվում Հայաստանի համայնքներում, ՀՀ քաղաքացիների կյանքում:

«Ցավոք, մեր փորձառութունը ցույց է տալիս, որ նման միջազգային հարթակներում ՀՀ կառավարության հայտարարությունը սովորաբար դեկլարատիվ բնույթ է կրում, չի վերածվում իրական քաղաքականության, եւ հողի վրա իրական բարելավումներ չենք տեսնում,- ընդծում է Աբրահամյանը,- մենք տեսնում ենք, որ COP-ին նախորդող շրջանում Կառավարությունը ոչ միայն չի ձեւակերպել Հայաստանի համար որեւէ քաղաքական օրակարգ կենսաբազմազանության եւ շրջակա միջավայրի պաշտպանության վերաբերյալ, այլեւ տեսնում ենք այնպիսի տնտեսական քաղաքականություն, որը լրիվ հակոտնյա է այն սկզբունքներին, գաղափարներին, արժեքներին, որոնք ընկած են COP-ի հիմքում: Կարծում եմ՝ մեր ուշադրությունը պետք է լինի դրա վրա, եւ արդյունավետության գնահատման մեր չափանիշը պետք է լինեն իրական փոփոխությունները Հայաստանի համայնքներում ու այս Կառավարությունից ակնկալվող իրական քաղաքականությունը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter