Ֆրանսիացի փորձագետները վերապատրաստել են ոստիկանության գվարդիայի ծառայողներին
Ներքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 9-ը Ֆրանսիայի ազգային ոստիկանության փորձագետները ՆԳՆ ոստիկանության գվարդիայում անցկացրել են հասարակական կարգի պահպանության և անվտանգության ապահովման մարտավարական կարողությունների զարգացման վերապատրաստման դասընթացներ։
Ֆրանսիացի մասնագետները ներկայացրել են զանգվածային միջոցառումների ժամանակ կիրառվող մարտավարական հնարքներն ու գործողությունների կազմակերպման առանձնահատկությունները։ Դասընթացի մասնակիցները ծանոթացել են ամբոխի եռափուլ կառավարման գործիքակազմին, զանգվածային անկարգությունների կանխման ու կասեցման մեթոդներին, իրավախախտների ձերբակալման և մեկուսացման մարտավարական մոտեցումներին։
Վերապատրաստման ավարտին ՆԳՆ ոստիկանության գվարդիայի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ Հայկ Բաբայանն ընդունել է Ֆրանսիայի ՆԳՆ վերապատրաստման գծով Կովկասի պատասխանատու Վինսենտ Էհրհարդին։
Հայկ Բաբայանը բարձր է գնահատել ֆրանսիական ոստիկանության փորձը և շնորհակալություն հայտնել ծառայողների մասնագիտական պատրաստվածության բարձրացման գործում ներդրած ջանքերի համար։ Ի իր հերթին, Վինսենտ Էհրհարդը կարևորել է Հայաստանի ՆԳՆ-ի հետ սերտ համագործակցությունը և վերահաստատել փորձի փոխանակումը շարունակելու ֆրանսիական կողմի պատրաստակամությունը։
Հանդիպումից հետո անցկացվել է վերապատրաստման ընթացքում յուրացված մարտավարական հնարքների ցուցադրական վարժանք, որը զարգացել է փուլային սցենարով․
-Մոդելավորվել է խաղաղ հավաքի իրավիճակ, որտեղ Ոստիկանության գվարդիայի ծառայողները ներկայացրել են օրինական պահանջներ։
-Ըստ սցենարի՝ հավաքի մասնակիցների մի մասը չի ենթարկվել պահանջներին, ինչից հետո ամբոխի վարքագիծը դարձել է անկառավարելի։
-Ծառայողները փուլային կերպով փոխել են գործողությունները՝ կիրառելով ձեռք բերած գիտելիքները։ Ցուցադրվել են հատուկ միջոցների, ջրանետ մեքենայի կիրառման, ինչպես նաև ակտիվ իրավախախտների ձերբակալման և մեկուսացման գործողություններ։
Միջոցառման ավարտին վերապատրաստման մասնակիցներին տրվել են հավաստագրեր, իսկ ֆրանսիացի փորձագետներին Հայկ Բաբայանը հանձնել է շնորհակալագրեր։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել