ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ. Կառավարությունն ընդունել է որոշում
Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին հաղորդում է Կառավարության մամուլի ծառայությունը։
«Կառավարության որոշմամբ՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ: ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, ներկայացնելով հարցը, նշել է. «ՀԾԿՀ որոշմամբ արդեն դադարեցվել է ՀԷՑ ՓԲԸ-ի էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիայի գործունեությունը։ Դրանից հետո ՏԿԵՆ-ը գրությամբ դիմել է ՀԷՑ-ի բաժնետերերին՝ առաջարկելով ՀՀ սեփականության իրավունքով օտարել 100 տոկոս բաժնեմասերը: Օրենքով սահմանված ժամկետում պատասխան չի ստացվել, ինչը նույնն է, թե ՀԷՑ-ի սեփականատերերը մերժել են Կառավարության առաջարկը: Սրանից հետո արդեն ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածով սահմանված կարգով սկսվել է հանրային գերակա շահ ճանաչելու մասին ընթացակարգի ապահովումը: Կայացել են հանրային լսումներ, օրենքով սահմանված կարգով բոլոր գործողություններն արված են»։
Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն սպասված էր և կանխատեսելի, որովհետև հայտարարվել էր այդ գործընթացի մասին։ «Չնայած մենք ակնկալիք ունենք, որ Հայաստանի համապատասխան մարմինները զուգահեռ կուսումնասիրեն նաև ՀԷՑ-ի մասնավորեցման գործընթացն ու դրա օրինականությունը: Նաև գործընթացները մեկը մյուսի հետ չենք կապում, որովհետև մեկը մյուսին չի խանգարում և չի բացառում։ Գնալու ենք այս ճանապարհով։ Հասել ենք մեր հերթական հանգրվանին»,- ասել է վարչապետը և հետաքրքրվել գնագոյացման խնդրով՝ ինչպես և ինչքան պետք է սեփականատերերին վճարել:
Ի պատասխան ՏԿԵ նախարարը ներկայացրել է ընթացակարգը՝ իրականացվում է գնահատում. «Արդյունքում ստացված գնի մասով ծանուցում է ուղարկվում ՀԷՑ-ի սեփականատերերին, որոնք իրավունք ունեն ընդունել առաջարկված գինը կամ սեփական գնահատումը պատվիրել։ Եթե ՀԷՑ-ի սեփականատերերը չեն համաձայնվում Կառավարության առաջարկին, և իրենք էլ գնահատում չեն իրականացնում, առաջին գնահատմամբ գնահատված գումարը դրվում է դեպոզիտներում, և գործարքն ավարտվում է»։
Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մեր պլան Ա-ն հետևյալն է, որ դա դառնա պետական սեփականություն, և մենք կառավարման ենք հանձնում համաշխարհային թոփ ընկերության կամ ընկերությունների խմբին, այսինքն՝ մենք մասնավորեցնելու նպատակ չունենք: Սակայն եթե պարզվի, որ չենք կարողանում իրագործել այս պլանը, նոր կանցնենք ուրիշ պլանների քննարկմանը։ Առաջիկայում սա մեր կարևորագույն թեմաներից մեկն է լինելու»։
Երկրի ղեկավարը, մասնավորապես, նշել է. «2018 թվականին Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո մենք ստանձնել ենք պարտավորություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առաջ, որ Հայաստանից գողացված, թալանված, ապօրինի օտարված գույքերը վերադարձնելու ենք Հայաստանի Հանրապետությանը։ Մենք ասել ենք հեղափոխության ժամանակ և արձանագրել, որ տեղի ունեցածը սիրո և համերաշխության հեղափոխություն է։ Մենք արձանագրել ենք, որ վենդետաներ չեն լինելու, մենք արձանագրել ենք, որ բոլորն ունենալու են հնարավորություն ներգրավվել այն իրավիճակում, որը ստեղծվել է Հայաստանի Հանրապետությունում հեղափոխությունից հետո։ Այս ռազմավարությանը հավատարիմ ենք մնացել՝ բոլորին տվել ենք հնարավորություն և քննադատվել դրա համար։
Ի վերջո, գործընթացը հասել է իր լրումին, և բանը հասել է այնտեղ, խնդրում եմ սա ընկալել որպես քաղաքական հայտարարություն, որ մենք արձանագրել ենք՝ տրված հնարավորություններ օգտագործելու համար բոլոր տրամաբանական և անտրամաբանական ժամկետները սպառված են և, հետևաբար, դուռը և պատուհանը փակվում են։ Մենք օրենսդրական փոփոխություններ կանենք, որպեսզի ապօրինի գույքի բռնագանձման համակարգի այդ հնարավորությունը՝ 25%, 75% հաշտեցման, այդ դուռն էլ կփակենք։ Հիմա մենք կենտրոնացած ենք լինելու արդեն «հատիկ առ հատիկի», «լումա առ լումայի» եզրափակիչ արարի իրականացմանը, մանավանդ, որ արդեն դե յուրե բոլոր մեխանիզմները ստեղծվել են, և մենք գնալու ենք այդ ճանապարհով։ Քաղաքական առումով սա մեզ համար ապօրինի գույքի վերադարձի պրոցեսի անբաժանելի մասն է, և սա շատ կարևոր եմ համարում։ Այս գործընթացը քաղաքական իրողություն է, որ ժողովրդից տարվածը վերադարձվում է ժողովրդին»։
Այդ համատեքստում վարչապետն անդրադարձել է նաև Աջափնյակում մայթերն ու տարածքներն ազատելու աշխատանքներին և ողջունել Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած գործողությունները։ Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ Երևանում և մարզերում որոշ գույքերի տարածքների վերադարձի հարցերը լուծվում են նաև բանակցությունների միջոցով»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ 2025թ․ նոյեմբերի 17-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ դադարեցվեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիան՝ ուժը կորցրած ճանաչելու միջոցով։
Որպես լիցենզիայից զրկելու հիմք նշվել էին ՀԷՑ-ի կողմից թերգրանցումները, հավելագրումները, ոչ հավաստի տեղեկատվության տրամադրման, ցանցային և շուկայի կանոնների և այլ խախտումները։
Տե՛ս նաև.
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել