Կանխվել է Հայաստան 69.3 կգ «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի տեղափոխման դեպք․ ԱԱԾ
Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդում է, որ բացահայտվել և կանխվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետություն առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու դեպք:
«Պարզվել է, որ ՀՀ քաղաքացիներ Ն.Հ.-ն և Վ.Թ.-ն, ինքնությունը դեռևս չպարզված ԻԻՀ մի քաղաքացու հետ համատեղ, խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, միմյանց գործողությունները փոխլրացնելով, պատրաստվում են հայ-իրանական սահմանի մերձակայքում գտնվող թաքստոցից իրացնելու նպատակով ձեռք բերել Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետություն ներկրված առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ սեպտեմբերի 29-ին Ն.Հ.-ն և Վ.Թ.-ն, վերջինիս կողմից շահագործվող «Մերսեդես ՄԼ» մակնիշի ավտոմեքենայով Նռնաձոր գյուղի մերձակայքում ինքնությունը դեռևս չպարզված ԻԻՀ քաղաքացու մատնանշած կոնկրետ թաքստոցից վերցրել են վերջինիս կողմից մաքսանենգ ճանապարհով ՀՀ ներկրված թմրանյութերի խմբաքանակը և ուղևորվել դեպի Երևան։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից բացահայտվել և կանխվել է հանցավոր խմբի գործունեությունը և վերջիններս հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության պայմաններում ձերբակալվել են Մեղրի համայնքի տարածքում:
Իրականացված վարութային գործողությունների արդյունքում վերջիններիս ավտոմեքենայում հայտնաբերվել և առգրավվել է 69.3 կիլոգրամ ընդհանուր քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի, 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի, ինչպես նաև 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, նախաձեռնվել քրեական վարույթ, Ն.Հ.-ն և Վ.Թ.-ն, դատարանի որոշմամբ կալանավորվել են»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել