HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կեղծ օգտատերերի մասնակցությամբ 3,2 մլրդ դրամի 80 գնման ընթացակարգ, չկնքված պայմանագրեր․ նախաձեռնվել են քրեական վարույթներ 

Պետական վերահսկողական ծառայությունն ամփոփել է 2026 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում գնումների գործընթացների վերահսկողության արդյունքները։

Հաշվետու ժամանակահատվածում ուսումնասիրվել է շուրջ 9538 գնման ընթացակարգ, որոնցից 150-ում արձանագրվել են գնումների օրենսդրության պահանջների անհամապատասխանություններ։ Այս մասին հայտնում է ՊՎԾ լրատվական ծառայությունը։

«Մասնավորապես, 110 գնման ընթացակարգում հայտնաբերվել են օրենսդրությանը հակասող կամ խտրական պայմաններ և պահանջներ պարունակող տեխնիկական բնութագրերով հրավերներ։ Արձանագրված խնդիրների շտկման նպատակով պատվիրատուներին ներկայացվել են համապատասխան առաջարկություններ։

Բացահայտվել է 2 տնտեսվարողի մասնակցության դեպք, որոնք փոխկապակցված են գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների հետ։ 

Դրանցից մեկի դեպքում պատվիրատուն միակողմանիորեն լուծել է կնքված պայմանագիրը։

Գնումների ընթացակարգերի վերաբերյալ պարտադիր հրապարակման ենթակա նյութերը չհրապարակելու կամ թերի հրապարակելու 38 դեպքի մասին տեղեկատվություն է տրամադրվել 29 պատվիրատուի՝ կարգապահական պատասխանատվության միջոցներ կիրառելու նպատակով։ Արդյունքում 9 պատասխանատու անձի նկատմամբ կիրառվել են կարգապահական պատասխանատվության միջոցներ։

Առանձին դեպքերով արձանագրվել են նաև ինքնարժեքից առերևույթ ցածր գնային առաջարկներ ներկայացնելու և հաղթող ճանաչվելու դեպքեր։ Նմանատիպ 4 դեպքերից 2 տնտեսվարողի գործողությունների վերաբերյալ հաղորդումներ են ներկայացվել Գլխավոր դատախազություն, որոնց հիման վրա նախաձեռնվել են քրեական վարույթներ։ Եվս 2 տնտեսվարողի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ լրացուցիչ ուսումնասիրության նպատակով։

Առավել մեծ ծավալի խնդիրներ են արձանագրվել 80 գնման ընթացակարգում, որոնց ընդհանուր գնման արժեքը կազմել է 3,2 մլրդ դրամ։ Այդ ընթացակարգերում, ըստ Ծառայության արձանագրած տվյալների, փաստացի գոյություն չունեցող կազմակերպություններ համակարգում ներկայացրել են կեղծ, իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն և ճանաչվել առաջին տեղ զբաղեցրած մասնակիցներ։ Հետագայում, չկնքելով գնման պայմանագրեր՝ նրանք խափանել են գնման ընթացակարգերը՝ պատվիրատուներին և մյուս մասնակիցներին պատճառելով առանձնապես խոշոր չափի վնասներ։

Նշված դեպքերի վերաբերյալ Պետական վերահսկողական ծառայությունը հանցագործության մասին 4 հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն, որոնց հիման վրա նախաձեռնվել են քրեական վարույթներ»,- նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter