HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Դատախազությունը վիճարկում է Գուրգեն Արսենյանի ընկերության ձեռք բերած նախկին մանկապարտեզի աճուրդը 

Տավուշի մարզի դատախազությունը Հակակոռուպցիոն դատարանում պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9 մանկապարտեզի շենքի աճուրդը և գույքը վերադարձնել համայնքին։

Դատախազությունը սեպտեմբերի 22-ին հայց է ներկայացրել ընդդեմ Դիլիջան համայնքի, «Արսօյլ» ՀՁ ՓԲԸ-ի և Գուրգեն Արսենյանի՝ պահանջելով անվավեր ճանաչել Դիլիջան քաղաքի Գայի 37 հասցեում գտնվող նախկին թիվ 9 մանկապարտեզի մասնաշենքի աճուրդը, կիրառել դրա անվավերության հետևանքները, և գույքը հետ պահանջել ուրիշի ապօրինի տիրապետումից։

Նշենք, որ «Արսօյլ» ՀՁ ՓԲԸ-ն հիմնադրվել է 1997թ-ին: Ընկերության հիմնադիրը այժմ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանն է: Ընկերությունը ժամանակավոր չի աշխատում: «Արսօյլ»-ը  հայ-կիպրական համատեղ ձեռնարկություն է, որը զբաղվել է ծխախոտի արտադրանքի ներմուծմամբ և մեծածախ առևտրով:

Դատախազությունից «Հետքին» հայտնում են, որ հայցը ներկայացվել է պետական և համայնքային շահերի պաշտպանության շրջանակում իրականացված ուսումնասիրության արդյունքում։

Հակակոռուպցիոն դատարանը հոկտեմբերի 2-ի որոշմամբ հայցադիմումն ընդունել է վարույթ, և գույքի նկատմամբ կիրառել հայցի ապահովման միջոց։ Արգելվել է կատարել որևէ գործողություն, որը կարող է փոխել գույքի փաստացի կամ իրավական վիճակը, այդ թվում՝ այն օտարել կամ գրավադրել։

Դատարանի այս որոշումը չի նշանակում, որ աճուրդն արդեն անվավեր է ճանաչվել։ Դատախազության պահանջների վերաբերյալ վերջնական դատական ակտը կկայացվի գործի քննության արդյունքում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter