Հունգարիան համաձայնել է չեղարկել Ուկրաինայի ԵՄ անդամակցության բանակցությունների վետոն
Այսօր ԵՄ դեսպանները համաձայնության են եկել Ուկրաինայի՝ ԵՄ անդամակցության վերաբերյալ բանակցությունները շարունակելու հարցի շուրջ, այն բանից հետո, երբ Հունգարիան վերացրել է իր վետոն։
Խոսքը, մասնավորապես, վերաբերում է միասնական շուկայի և մրցունակության կլաստերներին (խմբ.՝ բանակցային հարցերի բլոկեր)։
Ըստ ԵՄ դիվանագետների՝ նշված կլաստերները կարող են բացվել արդեն հաջորդ շաբաթ։ Ուկրաինան արդեն բացել է բանակցային վեց կլաստերներից երեքը։
Ավելի վաղ Հունգարիան վետո էր դրել բանակցությունները շարունակելու վրա և պահանջել էր պաշտոնական Կիևից ընդունել ազգային փոքրամասնությունների պաշտպանության և կրթության մի շարք բարեփոխումներ։
Ուկրաինայի Գերագույն ռադան փոքրամասնությունների մասին օրենքում փոփոխություններ կատարելու հարցը քննարկելու է հոկտեմբերի 12-ին։ Եթե այն լիարժեք ընդունվի, ԵՄ-ի հետ անդամակցության բանակցությունները կշարունակվեն։
Ուկրաինայում հունգարական փոքրամասնության իրավունքների հարցը Բուդապեշտի համար կարևորագույն հարցերից մեկն է։ Ուկրաինայի օրենսդիրը օրինագիծը մշակել է՝ հաշվի առնելով հունգարացի պաշտոնյաների կարծիքը։
Ըստ էության, ԵՄ-ն կբացի նաև նոր կլաստերներ Մոլդովայի հետ։ Վերջինս Ուկրաինայի, Ալբանիայի և Մոնտենեգրոյի հետ համարվում է ԵՄ անդամակցության «գերազանցիկ» երկրներից։
Նշենք, որ Եվրահանձնաժողովը երեկ ներկայացրել է ընդլայնման նոր համալիր ծրագիր, որով առաջարկել է մի քանի խոշոր փոփոխություն ԵՄ ընդլայնման քաղաքականության մեջ։
Առաջարկվող փոփոխություններից ամենաուշագրավը թերևս ավելի խիստ երաշխիքների պահանջն է։
Երեկ Ստրասբուրգում ընդլայնման քաղաքականության փոփոխությունները ներկայացնելու ժամանակ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը ասաց, որ ԵՄ-ն այլևս չի ուզում «ևս մեկ Վիկտոր Օրբան»։
Եթե փոփոխությունները ընդունվեն, ԵՄ-ին միացող ցանկացած նոր անդամ պետություն պետք է 15-ամյա փորձաշրջան անցնի, որի ընթացքում այն կարող է զրկվել քվեարկության իրավունքից կամ ԵՄ ֆինանսավորումից՝ «հիմնարար» ժողովրդավարական արժեքները խախտելու կամ ԵՄ-ի նկատմամբ հավատարմությունը կոտրելու համար:
Գլխավոր լուսանկարը՝ AFP - John Thys
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել