ԵՄ-ն Ուկրաինային 1․2 միլիարդ եվրո է տրամադրել ԱԹՍ-ների և հրթիռների համար
Այսօր Եվրահանձնաժողովը Կիևին 1․24 միլիարդ եվրո է փոխանցել։
Նոր ֆինանսավորումը ուղղվելու է ԱԹՍ-ներ, ԱԹՍ որսող սարքեր և հրթիռներ արտադրող ուկրաինական ընկերություններին։ Գումարը փոխանցվել է Ukraine Support Loan (խմբ.՝ Ուկրաինային աջակցության վարկ) վարկային ծրագրի շրջանակներում։
Ըստ ծրագրի՝ 2026–2027 թվականների ընթացքում Կիևին փոխանցվելիք ընդհանուր գումարից մոտ 60 միլիարդ եվրոն ուղղվելու է ռազմական ծախսերին, իսկ 30 միլիարդ եվրոն՝ բյուջետային կարիքների համար։
«Այսօր Ուկրաինա ուղարկված յուրաքանչյուր եվրո վերածվում է անօդաչու թռչող սարքերի և հրթիռների։ Մենք օգնում ենք Ուկրաինային պաշտպանվել և միաժամանակ զարգացնում ենք նրա պաշտպանական արդյունաբերությունը»,- ասել է ԵՄ պաշտպանության և տիեզերքի հարցերով հանձնակատար Անդրիուս Կոբիլիուսը։
Հիշեցնենք, որ միայն ռազմական ծախսերի մասով Ուկրաինայի բյուջետային պակասուրդը շուրջ 28 միլիարդ եվրո է։
Զելենսկին բազմիցս դիմել է ԵՄ ղեկավարներին՝ Ուկրաինային այս տարի հավելյալ ռազմական աջակցություն ցույց տալու համար։ Բյուջետային պակասուրդի հարցը հատկապես սրվել է ձմեռվանից առաջ։
Չնայած շարունակական աջակցությանն ու ռազմական վարկերին, ԵՄ-ն ֆինանսական աջակցության դիմաց Կիևից պահանջում է հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացում։
«Կաչկա-Կոս» (The Kachka-Kos Reforms) ոչ պաշտոնական անվանումը ստացած բարեփոխումների ծրագիրը բաղկացած է 10 առաջնահերություններից և ուղղված է Ուկրաինայում կոռուպցիայի դեմ պայքարի և օրենքի գերակայություն հաստատելուն։
Այս բարեփոխումների փաթեթի շուրջ Ուկրաինան և Եվրոպական հանձնաժողովը պայմանավորվածություն են ձեռք բերել 2025 թվականի դեկտեմբերին։
Ուկրաինան մինչ այս պահը շատ դանդաղ է առաջընթաց գրանցել։ Եթե այս աշնանը Ուկրաինայի Գերագույն ռադան ընդունի շուրջ մեկ տասնյակ բարեփոխումների օրենքները, պաշտոնական Կիևը ԵՄ-ից կստանա շուրջ 4 միլիարդ եվրո։
Գլխավոր լուսանկարը՝ Getty
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել