Հաղթահարելով ցավը․ Ջրականից մինչև «Զինվորի տուն»
44-օրյա պատերազմի առաջին օրը Ջրականում ծանր վիրավորված Աշոտ Թադևոսյանը անցել է բուժման երկար ճանապարհ: «Զինվորի տան» մարզումների, կամքի և մարտընկերների աջակցության շնորհիվ նա հրաժարվել է ձեռնափայտից։ Աշոտն Արմավիրի մարզի Քարակերտ գյուղից է, ավարտել է երաժշտական քոլեջի վոկալ բաժինը, երգիչ է։ Այսօր երգում է և, չնայած դժվարություններին, աշխատում է նաև ընտանիքի հետ կառուցած ջերմոցում։
Նա ներկայացնում է պատերազմի առաջին ժամերի, վիրավորման և ոտքի կանգնելու իր պատմությունը.
2020 թ.-ի հուլիսի 17-ին զորակոչվեցի, ծառայության անցա Ջրականի զորամասում։ Զինծառայության ուսումնական փուլը Մարտունի 2-րդ պաշտպանական շրջանի ուսումնական գումարտակում էր։ Այստեղ սովորեցի զենքի հետ վարվելու հմտություններ (քանդել-հավաքել, կրակել) և զինվորի այլ պարտականություններ։ Օգոստոսի 17-ին տեղափոխվել եմ Մեխակավանում գտնվող Ջրականի 59 703 զորամաս։
Գումարտակի զինանոցը պայթեց, հրդեհվեց, ու սկսվեց պատերազմը
Ջրականում զինծառայության անցա 5-րդ գումարտակի, 3-րդ վաշտի, 3-րդ դասակի առաջին ջոկում որպես ձեռքի գնդացրորդ։ Գումարտակի հրամանատարը, փոխգնդապետ Սամվել Սահակյանն էր, վաշտի հրամանատարը՝ ավագ լեյտենանտ Վազգեն Վարդանյանը, իսկ դասակիս հրամանատարը՝ լեյտենանտ Սերժ Զադոյանը։
Սեպտեմբերի 27-ի առավոտյան զարմացանք, երբ ասացին, որ առավոտյան շարային ստուգատեսի չենք շարվելու։ Ժամը 07:10 էր, նոր էինք զարթնել, լվացվում, մեզ կարգի էինք բերում, երբ գումարտակի զինանոցը պայթեց ու հրդեհ բռնկվեց՝ հրետանու արկը զինանոցին էր խփել՝ այդպես սկսվեց պատերազմը։ Այնուհետև հրամանատարները մեր վաշտի զինվորներին իջեցրին զորամասի ապաստարան՝ թաքստոց։ Ապաստարանում տեղավորվեցինք, բայց անհանգիստ էինք ու մեզ ոգևորելու, մեր մարտական ոգին բարձրացնելու համար հայրենասիրական երգեր էինք երգում, հիշում եմ ամենաոգևորվածը «Հայ քաջեր» երգը երգեցինք։
Ժամը 10։00-ին մեր վաշտի տղաներով տանկի արկեր բարձեցինք «Ուրալ»-ները դիրքեր տեղափոխելու համար։
Ժամը 12:30-ին մեր վաշտին տարան դիրքեր։ Մեր դասակը՝ 21 հոգի, մեկ «Ուրալի» և մեկ «Սադկոյի» մեջ էինք։ Մեր դասակի հրամանատար, լեյտենանտ Սերժ Զադոյանը մեր «Ուրալի» մեջ էր։ Գիշերը ժամը 01:00-ին ակտիվ հրետակոծության պատճառով մեքենաները չկարողացան առաջ գնալ, Ուրալից իջանք և մնացած ճանապարհը քայլելով գնացինք։ Քայլելու ընթացքում մեզ հետ զրույցում, խորհուրդներ էր տալիս գումարտակի հրամանատար՝ փոխգնդապետ Սամվել Սահակյանը։ Հիշում եմ նրա խոսքերը․ «Դուք կարևոր գործի եք գնում, սա ձեր իմացած համակարգչային խաղերից չի, լրջացեք, ուշադիր եղեք, լուրջ գործի ենք գնում, հիմա ժամանակ չունենք, արագ քայլեք պիտի շուտ հասնենք դիրքեր»։ Մեզ հետ էր նաև վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Վազգեն Վարդանյանը։
01:30-ին հասանք դիրքեր. ուղիղ տարածք էր՝ դաշտի մեջ էինք, խրամատներ կային, մտանք խրամատ ու դիրքավորվեցինք։ Համածառայակիցներս ասում էին, որ մենք երկրորդ գծում ենք դիրքավորվել, և մեզնից առաջ ուրիշ զորքեր էլ կան։ Ամեն րոպե ականանետի ու այլ հրետանային զենքերի արկերի ձայներ էի լսում ու տեսնում փոշու ամպը՝ արկը ընկնելուց հետո։
Ականանետի արկը պայթեց մի քանի մետր հեռու, բեկորները ջարդեցին, հաշմեցին ոտքերս
02:00-ին ականանետի ֆսսոցը շատ մոտ լսեցի ու ինձնից 4-5 մետր հեռու արկը պայթեց, հարվածային ալիքը ինձ շպրտեց, կպցրեց խրամատի պատին, քանի որ պառկած էի ու արկի ընկած ուղղությամբ ոտքերս էին, բեկորները հիմնականում լցվեցին ոտքերիս՝ ձախ ոտքս ջարդվեց, աջը՝ բզկտվեց, բեկորներից մի քանիսն էլ ձեռքերս ու իրանս պատառոտեցին. ոտքերս միանգամից տաքացան, սկսեցին եռալ, հետո անզգայացա ու թմրեցի։ Սարսափելի ծարավ էի ու ոչ մի կաթիլ ջուր չկար ոչ մեկիս մոտ, մեզ հետ բերած մի տափաշիշ ջուրը խմել էինք արդեն։ Հետո մարտընկերներս ինձ պատմեցին, որ իրենք մոտ 2 կմ քաշելով հանել են ինձ կրակային գոտուց և այդտեղից շտապ օգնության «ՈւԱԶ»-ով Ջրականի հոսպիտալ կարողացել են հասցնել միայն 15 ժամ հետո։ Հաջորդ օրն ինձ տեղափոխեցին Ստեփանակերտ ու հետո Երեւան՝ «Էրեբունի» հիվանդանոց։ Չորս վիրահատություններից հետո հիվանդանոցից սայլակով տուն գնացի։
Ձեռնափայտը շպրտելու հետ ուղեղիցս շպրտեցի նաև հաշմանդամ լինելու մտքերս
2021թ. մարտին ձեռնափայտին հենվելով բուժման եկա «Զինվորի տուն»։ Հոգեպես ընկճված, կոտրված՝ հաշմանդամի կարգավիճակով։ Ուժեղ ցավերի մեջ էի, ոտքերիս մկանները կարճացած, թուլացած էին։ Մարզումների ընթացքում ցավից գոռում ու լացում էի, բայց եթե ուզում ես արդյունքի հասնես, պիտի անցնես այդ ցավի ու նեղության մեջով։
«Զինվորի տանը» տեսա, որ կան տղերք, ովքեր ինձնից վատ վիճակում են՝ ձեռքեր կամ ոտքեր չունեն, սայլակի վրա են, բայց անկոտրուն ու պինդ էին։ Հասկացա, որ տրտնջալու, կոտրվելու իրավունք չունեմ՝ ինձ տղերքը ուժ ու լավատեսություն փոխանցեցին, իրենց պայքարը վարակիչ դարձավ ու «Զինվորի տնից» երբեք չհանձնվող Աշոտը տուն գնաց։ Եվ կային տղերք, ովքեր մարզվելով, բուժվելով ինձնից ավելի լավ էին սկսել քայլել՝ դա ինձ հույս տվեց և ամենակարևորը հասկացա, որ մենակ չեմ։ Բուժումը սկսելուց որոշ ժամանակ հետո ցավը դարձավ նահանջող կամ բուժվող, սկսեցի զգալ ոտքերս, բժիշկներն ասում էին՝ եթե ցավում են, ուրեմն վերականգնվում, կենդանանում են ոտքերդ, և ցավի ուժեղացմանը զուգահեռ շպրտեցի ձեռնափայտս ու նաև հաշմանդամ լինելու մասին մտքերս։ Մի քիչ կազդուրվելուց հետո մարտընկերներիս հետ կապի դուրս եկա, և նրանք պատմեցին, որ պատերազմի ժամանակ զոհվել են գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Սամվել Սահակյանը, գումարտակի հրամանատարի տեղակալ, կապիտան Արտուշ Արզումանյանը, իսկ մեր դասակի հրամանատար, լեյտենանտ Սերժ Զադոյանը ծանր վիրավորում է ստացել։
Արմավիր քաղաքի երաժշտական քոլեջի վոկալ բաժնի շրջանավարտ, երգիչ է Աշոտ Թադևոսյանը։ Վիրավորվելուց հետո նաև իր սեփական ջերմոցն է կառուցել, ընտանիքով ջերմոցի մշակությամբ են զբաղվում, և ինքն էլ կաղալով, դժվարությամբ օգնում է ընտանիքին ջերմոցային բույսերը մշակելիս։
Գրի առավ Նարեկ Վարդանյանը
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել