Ռուսաստանում ժանտախտի կասկածից հետո կարանտին է հայտարարվել․ իշխանությունները վարակը չեն հաստատում
Հոկտեմբերի 2-ի գիշերը Ռուսաստանի Իրկուտսկի մարզի Շելեխով քաղաքում մահացել է 28-ամյա Դարյա Շիպիլովան: Ըստ նախնական տեղեկությունների՝ նա մահացել է ժանտախտից: Դարյա Շիպիլովան աշխատում էր «Սիբիրի և Հեռավոր Արևելքի» Իրկուտսկի հակաժանտախտային ինստիտուտում: Տարածված վարկածի համաձայն՝ սեպտեմբերի 25-ին նա լաբորատորիայում կոտրել էր թոքային ժանտախտի հարուցիչ պարունակող փորձանոթը, ինչի հետևանքով էլ կարող էր վարակվել:
Շիպիլովայի մահից հետո Շելեխովի հիվանդանոցի ստացիոնար բաժանմունքը փակվել էր, Իրկուտսկի առնվազն երեք հիվանդանոցում կարանտին է հայտարարվել: Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հոկտեմբերի 4-ին Իրկուտսկի մարզում մեկուսացվել և հոսպիտալիզացվել էր 197 մարդ, որոնք մահացած կնոջ հետ շփվել էին կամ կարող էին շփում ունեցած լինել:
Ռուսաստանի իշխանությունները, սակայն, չեն հաստատել, որ Շիպիլովան վարակված է եղել ժանտախտով։ Հոկտեմբերի 3-ին Բայկալի քաղաքային բնակավայրի ղեկավարությունը գրառում էր տարածել՝ բնակիչներին կոչ անելով չգնալ Շելեխով քաղաք: Մոտ երկու ժամ անց գրառումը հեռացվել էր:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով ժանտախտի հնարավոր բռնկման մասին տեղեկությունները, կոչ է արել հետևել Ռոսպոտրեբնադզորի հայտարարություններին, նշելով, որ ոլորտի համար պատասխանատու գերատեսչությունը հենց այդ կառույցն է:
Ռոսպոտրեբնադզորն, իր հերթին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, «իրականացնելով հետազոտություններ և վերլուծելով իրավիճակը», հայտնել էր, որ տարածաշրջանում սանիտարահամաճարակային իրավիճակը կայուն է։ Հոկտեմբերի 5-ին, Ռոսպոտրեբնադզորը պաշտոնապես հայտարարել է, որ Շելեխովի հիվանդանոցում մահացած Իրկուտսկի հակաժանտախտային ինստիտուտի աշխատակցուհի Դարյա Շիպիլովան ժանտախտով չի վարակվել: Գերատեսչության տվյալներով՝ նա մահացել է «չճշտված էթիոլոգիայի թոքաբորբից»։
Ժանտախտի ձևերը
Ժանտախտը բնական օջախային, ծանր ընթացքով զոոնոզ վարակիչ հիվանդություն է: Վարակի հիմնական բնական պահոցը կրծողներն են, իսկ հիմնական փոխանցողները՝ վարակված լվերը։
Ժանտախտը կարող է փոխանցվել նաև վարակված կենդանիների (օրինակ՝ կրծողների կամ ճագարների) մորթու, մսեղիքի մշակման կամ վարակված կենդանիների կենսահեղուկների հետ անմիջական շփման ժամանակ, հիվանդի հետ ուղղակի շփման արդյունքում, ոչ բավարար ջերմային մշակման ենթարկված հարուցիչով վարակված կենդանական ծագման սննդամթերք օգտագործելիս:
Ժանտախտն ունի դրսևորման մի քանի ձև: Թոքային ժանտախտն ամենավտանգավոր և խիստ վարակիչ ձևն է: Ախտահարվում են թոքերը և զարգանում է ծանր թոքաբորբ: Բուժման բացակայության կամ ոչ ժամանակին իրականացված բուժման դեպքում մահաբերությունը հասնում է 100 տոկոսի: Հենց այս ձևն է, ըստ տեղեկությունների, եղել Դարյա Շիպիլովայի մոտ:
Մաշկային ժանտախտի ժամանակ հարուցչի ներթափանցման հատվածում առաջանում է մաշկի և հարակից հյուսվածքների ախտահարում։ Առավել տարածված է բուբոնային ձևը, երբ ախտահարվում են ավշային հանգույցները, որոնք բորբոքվում, մեծանում են՝ վերածվելով ցավոտ գոյացությունների: Հազվադեպ հանդիպում է հիվանդության ակնային ձևը, որը զարգանում է աչքի ուղղակի կամ անուղղակի ախտահարման հետևանքով։ Սեպտիկ ձևում հարուցիչը տարածվում է արյան մեջ՝ առաջացնելով ամբողջ օրգանիզմի ախտահարում (սեպսիս)։ Իսկ ժանտախտի մենինգեալ տեսակի ժամանակ ախտահարվում են գլխուղեղի թաղանթները: Այս տեսակն առավել ծանր ընթացք է ունենում։
Հիվանդությունների կանխարգելման ու վերահսկման ազգային կենտրոնի փոխանցմամբ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ներկայումս խորհուրդ չի տալիս ժանտախտի դեմ պատվաստումը՝ որպես բնակչության սովորական (ռուտին) պատվաստում։ Պատվաստումը դիտարկվում է միայն որոշ բարձր ռիսկի խմբերի համար, մասնավորապես՝ ժանտախտի հարուցչի հետ մշտապես շփման վտանգ ունեցող լաբորատոր աշխատողների և որոշ բուժաշխատողների համար։
Ռուսական «Դոժձ» լրատվամիջոցը հայտնում է, որ Սպիտակ տունը հետևում է Իրկուտսկի մարզում ժանտախտի հնարավոր դեպքի մասին հաղորդումներին: Ղրղզստանը սահմանային անցակետերում խստացրել է կանխարգելիչ և սանիտարահսկիչ միջոցառումները, իսկ Ղազախստանի Առողջապահության նախարարությունն էլ հայտնել է, որ դիտարկում է Ռուսաստանի Իրկուտսկի մարզում համաճարակային իրավիճակը: Այս մասին գրել է «Կազինֆորմ» լրատվական գործակալությունը։
Հայաստանի Հիվանդությունների կանխարգելման ու վերահսկման ազգային կենտրոնը հայտնել է, որ «Հայաստանի Հանրապետություն նշված վարակի ներբերման և տարածման ռիսկը գնահատվում է շատ ցածր, քանի որ թոքային ժանտախտի դեպքը դեռևս հաստատված չէ, և Yersinia pestis-ով պայմանավորված վարակի երկրորդային փոխանցման վերաբերյալ տվյալներ առկա չեն, ինչպես նաև համաճարակային իրավիճակը վերահսկելի է»։ Կենտրոնը նշել է, հետևում է համաճարակային իրավիճակին:
Գլխավոր լուսանկարը՝ BBC-ից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել