HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուսաստանցի միլիարդատերեր Ուսմանովն ու Ֆրիդմանը նորից չեն ներառվի ԵՄ պատժամիջոցներում

Մոտ ապագայում ռուսաստանցի միլիարդատերեր Ուսմանովն ու Ֆրիդմանը չեն վերընդգրկվի ԵՄ պատժամիջոցների ցանկում։ 

Այս մասին այսօր հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը ԵՄ-Մոլդովա ասոցացման հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Երկրներն ազատ են առաջարկելու այն անձանց անունները, որոնք պետք է ներառվեն պատժամիջոցների ցուցակում, սակայն վերջնական որոշումը կայացնում են անդամ պետությունները, և ես չեմ կարծում, թե մոտ ապագայում այդ երկու անձի դեպքում նման բան տեղի կունենա»,- ասել է Կալասը։

Հոկտեմբերի 1-ին Ուկրաինայի արտգործնախարար Անդրիյ Սիբիհան հայտարարել էր, որ Ուկրաինան պատրաստում է մի նախաձեռնություն, որի նպատակն է թիրախավորել Ռուսաստանի հետ կապ ունեցող շուրջ 20 գործարարի և վերընդգրկել Ուսմանովին ու Ֆրիդմանին ԵՄ պատժամիջոցների ցուցակում։

«Մեր պատասխանը կլինի ասիմետրիկ։ Դուք հեռացրել եք երկու օլիգարխի, իսկ մենք կավելացնենք ևս քսանին», - ասել էր Սիբիհան։ 

Նշենք, որ Ուկրաինան իրավասու չէ ինքնուրույն անհատներ ավելացնել ԵՄ-ի պատժամիջոցների ցանկում, դա ԵՄ անդամ պետությունների գործառույթն է։

Հայտնի չէ, թե պաշտոնական Կիևը ինչ իրավական մեխանիզմ է նախատեսում օգտագործել այս նպատակին հասնելու համար։

Հիշեցնենք, որ լարված բանակցություններից հետո ԵՄ-ն պատժամիջոցների ցանկից հանեց Ալիշեր Ուսմանովին ու Միխայիլ Ֆրիդմանին։ Ալիշեր Ուսմանովի անունը ցուցակից հանվեց Ֆրանսիայի պահանջով։ Իսկ Միխայիլ Ֆրիդմանինը՝ Սլովակիայի և Լյուքսեմբուրգի։

Սրանից անմիջապես հետո Ադրբեջանը ներում շնորհեց Ֆրանսիայի օգտին լրտեսության համար դատապարված Մարտեն Ռայանին։ 

Ադրբեջանը, օգտագործելով Ֆրանսիայի կալանավորված քաղաքացիներին, ճնշում էր գործադրել Ֆրանսիայի վրա, ինչի արդյունքում պաշտոնական Փարիզն անսպասելիորեն փոխել էր իր դիրքորոշումը և պահանջել հանել Ուսմանովի անունը ԵՄ պատժամիջոցների ցանկից։

Ադրբեջանը հերքել էր, թե գործընթացը որևէ կապ ունի Ուսմանովի հետ, չնայած պաշտոնական Բաքուն տարբեր առիթներով բազմիցս միացել էր Ուսմանովի հանդեպ պատժամիջոցները չեղարկելու կոչերին։ 

Ըստ չհաստատված տեղեկությունների՝ Ուսմանովը զբաղվում է ռուսական գազի՝ Ադրբեջանի միջոցով դեպի ԵՄ արտահանելու գործընթացի կուրացիայով։

Կայա Կալասի խոսքով՝ ԵՄ-ն այժմ աշխատում է Ռուսաստանի հետ կապ ունեցող հավելյալ շուրջ 1,600 ֆիզիկական և իրավաբանական անձանց պատժամիջոցների ցանկում ներառելու ուղղությամբ։

Գլխավոր լուսանկարը՝ Սամսոն Մարտիրոսյան, «Հետք»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter