HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սողանքներից ու երաշտից մինչև անտառների վերականգնում․ Հայաստանի կլիմայական ռիսկերը և COP17-ի թիրախները 

Կենտրոնական բանկը մշակել է Հայաստանի կլիմայական վտանգների քարտեզները։ Դրանք ներկայացնում են հանրապետության տարբեր տարածքներին բնորոշ կլիմայական ռիսկերը՝ բնակավայրերի մակարդակով։ Քարտեզները ներառում են երաշտի, շոգի, ջրհեղեղների, սելավների, սողանքների, կարկուտի, ցրտահարության և ջրի հասանելիության վերաբերյալ շերտերը։ Դրանք հնարավորություն են տալիս վտանգներն առանձին դիտարկել, համեմատել բնակավայրերը և առանձնացնել առավել մանրամասն ուսումնասիրության կարիք ունեցող տարածքները։

Քարտեզներն առանձնացված են ֆիզիկական և օդերևութաբանական վտանգների և ջրի հասանելիության ինդեքսի բաժինների։ 

Ֆիզիկական վտանգների մեջ ներառված են սողանքների, սելավների, հեղեղումների, հեղեղապաշտպան կառույցների, այրված տարածքների (2018-2025թթ․) քարտեզների շերտերը։ 

Օդերևութաբանական վտանգների մեջ առկա են փաստացի ջերմաստիճանի ու տեղումների փոփոխության (2011-2015), կարկտահարության, կլիմայական գոտիների, սառցակալման, տեղումների, երաշտի հաճախականության և այլ քարտեզներ։ 

Ջրի հասանելիության ինդեքս բաժնում ներառված են ոռոգվող տարածքների, մակերևութային ջրերի, ջրամբարների, ջրանցքների ու դրենաժների քարտեզները։ 

Բոլոր քարտեզների համար հիմք հանդիսացած տվյալները թարմացվել են մի քանի այլ տվյալների աղբյուրներից, ինչպես՝ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA), Copernicus Sentinel-1 SAR, Sentinel-2, Sentinel-1, Sentinel-2, NASA FIRMS, Landsat և այլն։ 

Կենտրոնական բանկի փոխանցմամբ՝ քարտեզները նախատեսված են առաջին հերթին ֆինանսական կազմակերպությունների համար՝ վարկավորման, գրավի գնահատման, ապահովագրության և պորտֆելի կառավարման գործընթացներում կլիմայական ֆիզիկական ռիսկերը հաշվի առնելու նպատակով։ Միաժամանակ քարտեզները կարող են  օգտագործվել տարածքային և ենթակառուցվածքային պլանավորման, գյուղատնտեսության, ջրային ռեսուրսների կառավարման և հետազոտությունների համար։ 

Կլիմայական ռիսկերը Հայաստանում

Գլոբալ կլիմայական փոփոխություններից Հայաստանն անմասն չի մնում։ 1929-2016 թվականների ընթացքում ջերմաստիճանը բարձրացել է 1,23 աստիճանով։ Կանխատեսվում է, որ 2100 թվականին այս աճը կհասնի 5,6 աստիճանի։ 

Ըստ Կենտրոնական բանկի ներկայացրած տվյալների՝ Հայաստանում առավել տարածված ֆիզիկական կլիմայական ռիսկերն են ջերմային ալիքները, երաշտը, ծայրահեղ տեղումները, հեղեղումները և սողանքները: Կլիմայի հանդեպ խոցելիության տեսնակյունից Հայաստանը 2022 թվականի դրությամբ 181 երկրից 52-րդ տեղում է։ 

Հայաստանը պարտավորվել է մինչև 2030 թվականը երկրում ջերմոցային գազերի արտանետումները նվազեցնել 1990 թվականի մակարդակից 40 տոկոսով​:

Կլիմայի փոփոխությունը կապված է նաև ֆինանսական ռիսկերի հետ՝ տնտեսության վրա ունեցած բացասական հետևանքների պատճառով։ Կենտրոնական բանկի տեղեկացմամբ՝ ՀՀ-ում բանկային հատվածի վարկային պորտֆելի մոտ 40 տոկոսը պատկանում է կլիմայի հանդեպ խոցելի տնտեսական ոլորտներին: 

Կենտրոնական բանկն այս քարտեզները նախագծել ու կազմել է հիմք ունենալով մի քանի հետազոտություն, այդ թվում՝ 2021 թվականին իրականացված Համաշխարհային բանկի ու Ասիական զարգացման բանկի՝ Հայաստանի կլիմայական ռիսկերի մասին զեկույցը, Արժույթի միջազգային հիմնադրամի 2022 թվականի՝ Հայաստանի բյուջետային և մակրոտնտեսական ռիսկերը կլիմայի փոփոխության պայմաններում զեկույցը, Հայաստանի 2021-2030 թվականների Ազգային մակարդակով սահմանված ներդրումների (NDCs) մասին զեկույցը։   

Հայաստանի կլիմայական ռիսկերի զեկույցի համաձայն՝ մինչև 2090 թվականը Հայաստանում ջերմաստիճանը կարող է բարձրանալ 4,7 աստիճանով՝ 1986–2005 թվականներին ելակետային ցուցանիշների համեմատ, ինչը 35-40 տոկոսով գերազանցում է համաշխարհային միջին տաքացման տեմպը: Կովկասյան սառցադաշտերը 21-րդ դարի ընթացքում գրեթե ամբողջությամբ կանհետանան: Հայաստանի լեռնային սառցադաշտերը նահանջում են տարեկան շուրջ 8 մետր արագությամբ: 

Բացի այդ, Հայաստանում տեղումների քանակը խիստ անհամաչափ է՝ արևմտյան հարթավայրերում տարեկան ընդամենը 200 մմ-ից մինչև բարձրլեռնային գագաթներում 1000 մմ: Հայաստանի տարածքի 4,1 տոկոսը ենթակա է սողանքների ռիսկի, ինչն ազդում է համայնքների մոտ մեկ երրորդի վրա: 

Զեկույցի համաձայն՝ մինչև 2070-ականները կարտոֆիլի բերքատվությունը կարող է նվազել 21 տոկոսով, հատկապես Շիրակի և Սյունիքի մարզերում, իսկ խաղողի բերքատվությունը Արարատյան դաշտում՝ 20 տոկոսով: Շոգի պատճառով առաջացած սթրեսի հետևանքով պիկ ամիսներին աշխատուժի արտադրողականությունը մինչև 2050-ականները կարող է նվազել 20 տոկոսով:  

Հայաստանի բյուջետային և մակրոտնտեսական ռիսկերը կլիմայի փոփոխության պայմաններում զեկույցի համաձայն` Հայաստանը տարեկան միջին ջերմաստիճանի տատանողականությամբ աշխարհում չորրորդ տեղում է: 2000-2017 թվականների ընթացքում երաշտների տարեկան տևողությունն ավելացել է 33 օրով: 

Կլիմայական բարձր տատանողականության սցենարով մինչև 2072 թվականը Հայաստանի պետական պարտքի և ՀՆԱ հարաբերակցությունը կհասնի 62 տոկոսի՝ բազային 47 տոկոսի համեմատ: 

Որտե՞ղ են Հայաստանի ամենախոցելի տարածքները 

Կլիմայական ռիսկերի քարտեզներում բնակավայրերի ու համայնքների խոցելիությունը գնահատվում է վերջնական ինդեքսի միջոցով։ Գնահատումը հաշվի է առնում վտանգների ինդեքսը, ջրային խոցելիությունը, բնական աղետների՝ սողանքների, սելավների, հեղեղումների, կարկտի, սառնամանիքի և կլիմայական ծայրահեղությունների՝ տեղումների, առավելագույն և նվազագույն ջերմաստիճանների ցուցանիշները։

Գնահատվել է 1,001 բնակավայր, որից «բարձր» խոցելիություն ունեն 74-ը: Կլիմայական ռիսկերի տեսանկյունից ամենախոցելին Արարատի մարզն է՝ 34 բարձր ռիսկային բնակավայրով: Հիմնական գործոններն են՝ բարձր ջերմաստիճանը, հեղեղումների հաճախականությունն ու ջրային ռեսուրսների դեֆիցիտը: Խոցելիության առումով հաջորդը Լոռու մարզն է՝ 17 բարձր ռիսկային բնակավայրով: Այստեղ բարձր է սողանքների և սելավների ակտիվությունը, առատ տեղումների ու հեղեղումների ռիսկը։ Գնահատված բոլոր բնակավայրերի մեջ ամենախոցելին Լոռու մարզի Փամբակ համայնքի Անտառամուտ բնակավայրն է: 

Ի՞նչ կապ ունի սա COP17-ի հետ

Կենտրոնական բանկի քարտեզներում առանձնացված ռիսկերի մի մասն ուղղակիորեն առնչվում է նաև Հայաստանի կենսաբազմազանության ազգային թիրախներին՝ ջրային և ցամաքային էկոհամակարգերի վերականգնմանը, անտառների պահպանությանը, գյուղատնտեսության կլիմայակայունությանը և դեգրադացված տարածքների վերականգնմանը։ 

Հայաստանի 2026-2030 թվականների գործողությունների ծրագրի 12-րդ թիրախով Հայաստանը պարտավորվում է խթանել կայուն անտառտնտեսությունն ու գյուղատնտեսությունը՝ ապահովելով 150 000 հեկտար արոտավայրերի կայուն կառավարումը։ Այս թիրախին հասնելու համար Կառավարությունը նախատեսում է նաև մշակել գյուղատնտեսական ծառայությունների բջջային հավելված։

Երկրորդ թիրախով Հայաստանը պարտավորվում է իրականացնել առնվազն 4000 հա դեգրադացված մարգագետնային էկոհամակարգերի վերականգնում, ութերորդ թիրախով՝ ներդնել մշակաբույսերի աճեցման էկոլոգիապես մաքուր, կլիմայակայուն պրակտիկաներ։

Ջրային ռեսուրսներին ու ջրային էկոհամակարգերին վերաբերող թիրախներում, օրինակ, ութերորդ թիրախով Հայաստանը նաև պարտավորվում է նվազեցնել Սևանա լճի էկոհամակարգի աղտոտումը, կրճատել դեպի Սևանա լիճ կենցաղային կեղտաջրերի արտահոսքը 30 տոկոսով, ինչպես նաև մաքրել մինչև 1 905 մետր բացարձակ նիշում գտնվող ջրածածկման ենթակա մերձափնյա տարածքները։

Իններորդ թիրախով պարտավորվում է նվազեցնել ջրային ռեսուրսների աղտոտումը, գնահատել ջրային էկոհամակարգերի պեստիցիդներով, քիմիական նյութերով և պլաստիկով աղտոտման ռիսկերը, պատրաստել մաքրման ծրագիր, մաքրել առնվազն 10 գետ և դրանց ափամերձ տարածքները պլաստիկից և այլ կոշտ թափոններից, իրականացնել առնվազն 1000 հա դեգրադացված ջրանցքային ու ջրաճահճային էկոհամակարգերի վերականգնում։

Բացի այդ, Հայաստանը պարտավորվում է անտառածածկույթը հասցնել մինչև 12,9 տոկոսի։

Տասներորդ թիրախով նախատեսված է բարձրացնել անտառային լանդշաֆտների դիմակայունությունը կլիմայի փոփոխությանը։ Ըստ այդմ՝ ավելացնել անտառածածկ տարածքները 12 500 հեկտարով, խթանել անտառային լանդշաֆտների կլիմայական դիմակայունությանն ուղղված անտառկառավարումը։ Նախատեսվում է նվազեցնել նաև համայնքների վառելափայտի պահանջարկն առնվազն 30 տոկոսով, ինչպես նաև իրականացնել առնվազն 15 000 հա դեգրադացված անտառային էկոհամակարգերի վերականգնում։ Նախատեսվում է նաև ընդլայնել Երևանի կանաչապատ տարածքները՝ առնվազն 2 քմ/մարդ հաշվարկով։

Այսպիսով, Կենտրոնական բանկի քարտեզները ցույց են տալիս, թե որտեղ են կլիմայական վտանգներն առավել արտահայտված, իսկ Հայաստանի կենսաբազմազանության ազգային թիրախները՝ ինչպիսի միջոցներով է երկիրը նախատեսում արձագանքել այդ վտանգների մի մասին։ 

Ծրագիրն իրականացվել է Ասիական զարգացման բանկի աջակցությամբ։ Քարտեզները հասանելի են այստեղ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter