HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Այսօր՝ Մոնտենեգրո-Հայաստան. դրական ակնկալիքներ գրեթե չկան

Այսօր՝ Երեւանի ժամանակով 22:45-ին, Պոդգորիցայում կմեկնարկի Ազգերի լիգայի 2026-2027 թթ. խաղարկության Մոնտենեգրո-Հայաստան հանդիպումը: Հիշեցնենք, որ թիմերն արդեն հանդիպել են Երեւանում, եւ հյուրերը հաղթել են 3-2 հաշվով:

3 տուրից հետո C լիգայի 2-րդ խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է Մոնտենեգրոն, որը 3 խաղում նույնքան հաղթանակ է տարել եւ 9 միավոր ունի: 4 միավորով երկրորդ տեղում Կիպրոսն է, որը Նիկոսիայում Հայաստանին 2-0 հաշվով հաղթելուց հետո շրջանցել է մեր ընտրանուն: Հայաստանի հավաքականը 3 միավորով երրորդ տեղում է, իսկ Լատվիան 1 միավորով եզրափակում է քառյակը:

Մոնտենեգրո-Հայաստան հանդիպումն սպասարկելու է լիտվական մրցավարական անձնակազմը՝ Մանֆրեդաս Լուկյանչուկասի գլխավորությամբ: 

Այսօրվա խաղին Հայաստանի ընտրանին մոտենում է ծանր կադրային կորուստներով: Եթե նախապես հավաքական հրավիրված ֆուտբոլիստներից վնասվածքների պատճառով դուրս էր մնացել միանգամից 11 հոգի (Վահան Բիչախչյան, Ֆինն Գերագուսյան, Հրանտ-Լեոն Ռանոս, Դավիդ Դավիդյան, Կամո Հովհաննիսյան, Հովհաննես Հարությունյան, Հենրի Ավագյան, Նորբերտո Բրիասկո Բալեկյան, Էդգար Գրիգորյան, Ստյոպա Մկրտչյան, Սերգեյ Մուրադյան), ապա Լատվիայի հետ առաջին տուրի հանդիպումից հետո կազմից դուրս է մնացել նաեւ պաշտպան Խուլիո Բուենոն: Մոնտենեգրոյի հետ այս խաղը բաց կթողնեն Ժիրայր Շաղոյանն ու Օգնյեն Չանչարեւիչը, որոնք չմասնակցեցին նաեւ Կիպրոսի հետ հանդիպմանը. Չանչարեւիչը, ըստ գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը, եւս վնասվածք է ստացել: Կիպրոսի հետ խաղից առաջ՝ նախախաղային մարզմանը, վնասվածք ստացավ Արթուր Ղարիբյանը, իսկ խաղի ընթացքում մրցակցի հարվածի հետեւանքով ծանր վնասվածք ստացավ պաշտպան Արտյոմ Բանդիկյանը: ՀՖՖ-ի տեղեկացմամբ՝ բժշկական հետազոտությունից հետո պարզ է դարձել, որ 21-ամյա ֆուտբոլիստը ստացել է սրունք-թաթային հոդի կապանների վնասվածք եւ ստիպված կլինի բաց թողնել 3 շաբաթ:

Ստացվում է, որ սեպտեմբեր-հոկտեմբերի 4 խաղերին նախապատրաստվելուց առաջ եւ դրանց ընթացքում հավաքականից դուրս է մնացել 15 ֆուտբոլիստ, ինչն առանց այն էլ որակյալ խաղացողների պակաս ունեցող մեր թիմի համար սարսափելի կորուստ է: 

Ահա այս ֆոնին, ինչպես նաեւ հաշվի առնելով Կիպրոսի հետ արտագնա մրցավեճում մեր թիմի ցույց տված անորակ, անատամ խաղը, դրական սպասելիքներ խմբի առաջատարի հետ հանդիպումից, որը կանայալու է նրա հարկի տակ, մեծ հաշվով չկան:

Մեծաթիվ կորուստների ֆոնին մեկխաղյա որակազրկումից հետո կրկին խաղալու հնարավորություն կունենա Արթուր Սերոբյանը, եւս մեկ հարձակվող՝ Արայիկ Էլոյանը, միացել է ազգային թիմին երիտասարդական հավաքականների Հայաստան-Իտալիա խաղից (0-1) հետո: 

Հիշեցնենք, որ Մոնտենեգրոյին առաջին անգամ հանդիպել ենք աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլում: 2016-ի նոյեմբերի 11-ին Երեւանում կայացած դրամատիկ խաղում մեր թիմն առաջին խաղակեսից հետո զիջում էր 0-2 հաշվով, սակայն Արտակ Գրիգորյանի, Վարազդատ Հարոյանի ու Գեւորգ Ղազարյանի գոլերը 3-2 հաշվով հաղթանակ պարգեւեցին հավաքականին: Պատասխան հանդիպումը կայացավ 2017-ի հունիսի 10-ին Պոդգորիցայում: Այն բավական անհաջող էր մերոնց համար, որոնք պարտվեցին 1-4 հաշվով: Խաղավերջում Հայաստանի միակ գոլը խփեց Ռուսլան Կորյանը: 

2022-ի մարտի 24-ին Երեւանում կայացած ընկերական խաղում Հայաստանի ընտրանին Վահան Բիչախչյանի գոլի շնորհիվ հաղթեց 1-0 հաշվով: Մի ընկերական հանդիպում էլ տեղի ունեցավ 2025-ի հունիսի 9-ին Պոդգորիցայում: Գրանցվեց 2-2: Մերոնցից դուբլի հեղինակ դարձավ Էդուարդ Սպերցյանը:

Օրեր առաջ՝ սեպտեմբերի 28-ին, Երեւանում կայացած խաղում էլ մեր թիմը ցավալի պարտություն կրեց 2-3 հաշվով: Մերոնցից աչքի ընկան Արթուր Սերոբյանն ու Էդուարդ Սպերցյանը:    

Այսպիսով՝ Հայաստանն ու Մոնտենեգրոն հանդիպել են 5 անգամ, 2 անգամ հաղթել է մեր թիմը, 1 անգամ գրանցվել է ոչ-ոքի, 2 անգամ էլ առավելության են հասել բալկանցիները: Խփած ու բաց թողած գոլերի տարբերությունը՝ 9-11՝ ի վնաս մեզ: 

Այս պահին ՖԻՖԱ-ի վարկանիշային դասակարգման աղյուսակում Հայաստանը 107-րդն է, իսկ Մոնտենեգրոն՝ 80-րդը:

Այսօր՝ Երեւանի ժամանակով 20:00-ին, C լիգայի 2-րդ խմբում կմեկնարկի Կիպրոս-Լատվիա հանդիպումը: 

Լուսանկարում՝ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպումը, 28.09.2026, աղբյուրը՝ Armenia National Teams, facebook.com

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter