Արջերին դեմքով ճանաչողը
Արեւը, կարծես, ցնցուղի պես ջրում է Ուրցաձորի սարերը: Ժամը 07:00-ին Նարինեն սովորականի պես արթնանում է, լվացվում, հագնում համազգեստը, հարդարում մազերն ու դնում գլխարկը, ապա հագնում վազքին դիմացող մարզակոշիկներն ու դուրս գալիս սենյակից: Փոքր պատշգամբում մի պահ կանգնում է, նայում հանդիպակաց սարերին ու ժպտում:
07:30-ը քոթոթների քնելու ժամն է, իսկ մեծ արջերն արդեն արթնացել են, սպասում են նոր օրվա անակնկալներին: Նարինեն անգիր գիտի, որ հսկա Փլանթն առաջինը վազելու է դեպի «երկաթե ծառը», որտեղ դնելու են սննդային շարոցները, Դաշան վազելու է՝ քարերի տակ որոնելու սնունդը, իսկ Բալուն շտապելու է անվադողի մոտ: Այս եւ նրանց «բախտակից» արջերը մի ժամանակ ապրել են գերության մեջ՝ կրելով ֆիզիկական եւ հոգեբանական խնդիրներ:
Նարինե Փիլոյանն աշխատում է Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում (WRC) որպես արջերի փրկության ծրագրի համակարգող: Անազատության ու գերության մեջ պահված գորշ արջերին վանդակներից ազատելուց հետո բերում են այստեղ՝ Ուրցաձորի վերականգնողական կենտրոն: Տեւական ժամանակ նեղ տարածքում փակի տակ պահված կենդանիներն ունենում են թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական խնդիրներ:
2025 թ. մարտի 20-ին Երեւանում անձրեւ էր տեղում: Երկար իրավական քաշքշուկներից հետո այդ օրն, ի վերջո, փրկարար կենտրոնի մասնագետները կարողացան Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տներից մեկի մութ ու կեղտոտ վանդակապատ տարածքից ազատել 3 արջերի ընտանիքը…
Նարինեն մոտենում է Խոսրովասարի ստորոտում գտնվող փրկարար կենտրոնի ազատավանդակներից մեկին, որտեղ այսօր ապրում են Արամը (արուն), Նաիրին (էգը) ու Լոլան (նրանց ձագը): Այս արջերը գուցե արդեն մոռացել են իրենց փրկության օրը: Բայց Նարինեն այն շատ լավ է հիշում, քանի որ առաջին անգամն էր, երբ նա միացել էր կենդանիների փրկության գործին: Արջերի սեփականատերը տեւական ժամանակ չէր ցանկանում հանձնել կենդանիներին, նաեւ ժխտում էր, որ նրանք պահվում են վատ պայմաններում: Իրավապահներն ու բնապահպանները միայն դատարանի որոշմամբ ու ժամեր տեւած բանակցությունների արդյունքում էին կարողացել մտնել տարածք, որտեղ մթության, խոնավության ու սեփական կեղտի մեջ պահվում էին 3 արջերը:
Նարինեն հիշում է, որ հայր արջը, որին հետո անվանեցին Արամ, նորմայից ավելի ծանր էր՝ 344 կգ: Կենդանին ճարպակալել էր սխալ սննդակարգի ու նեղ տարածքում բավարար չափով տեղաշարժվել չկարողանալու պատճառով: «Իսկ հիմա նայեք Արամին, տեսեք՝ ինչքան գեղեցիկ է, սիմպատիչնի»,- Արամի կողմ նայելով՝ ժպտում է Նարինեն:
Էգը՝ Նաիրին, ինչպես պատմում է Նարինեն, գերությունից ազատվելուց առաջ ձագեր էր ունեցել, սակայն նրանց ասել էին, թե դրանք սատկել են: Թե ինչ է եղել իրականում, պարզ չէ, չի բացառվում, որ այդ ձագերը տրվել կամ վաճառվել են ուրիշների: Արամի ու Նաիրիի հետ փրկության ժամանակ միայն մեկ ձագ է եղել՝ Լոլան: Փրկարար կենտրոն տեղափոխվելուց հետո տեսանելի է եղել Նաիրիի սթրեսային վիճակը: Նարինեն պատմում է, որ էգ արջն իր մեծ ձագին՝ Լոլային, ընդունում էր նոր ծնվածի պես, կաթով էր կերակրում, այդպես փորձում էր սթրեսը հաղթահարել: Մեր զրուցակիցը հիշում է, որ Նաիրիի մայրական բնազդն այնքան ուժեղ էր, որ փրկարար կենտրոնում, չունենալով սննդի խնդիր, շարունակում էր ամենալավ պատառները պահել Լոլայի համար: Իսկ Լոլան, լինելով «տան փոքրը», ըստ Նարինեի, մինչ օրս իրեն պահում է չարաճճի, «երես առած» երեխայի պես: Նա Ուրցաձորի այս կենտրոնի ամենաուրախն արջն է՝ Նարինեի ասելով: Բնապահպանները պարզել էին նաեւ, որ Լոլան եղբայր ունի, որին հաջողվել է փրկել եւ նույնպես բերել այս կենտրոն:
Փրկվելուց ամիսներ անց՝ ձմեռման սեզոնին, Արամը կարգի էր բերել որջը, ու կենտրոնի աշխատակիցներն ուրախացել էին: Երեքն էլ ձմեռել էին (կենտրոնում բնականին մոտ համապատասխան հարմարություններ են ստեղծվում արջերի համար, սակայն ոչ բոլորն են ձմեռում, քանի որ իրենց «նախկին կյանքում», ոչ բնական պայմաններում ապրելով, մեծ հաշվով, ձմեռման կարիք չեն ունեցել)…
Արամը, Նաիրին ու Լոլան անհամբեր սպասում են իրենց կերին: Փրկարար կենտրոնի աշխատակիցներից Հայկը սառնարանից բերում է սառեցված ձուկ, սերմերով սեւ հաց, խնձոր, գազար, եգիպտացորեն, բազուկ: Նարինեի հետ կշռում են, հետո վերցնում վուշի (կտավատի) թելն ու մեծ ասեղներով դրա վրա անցկացնում ձուկը, միրգն ու բանջարեղենը՝ ստանալով գույնզգույն շարաններ:
Գերությունից ազատվող կենդանիները, բացի ֆիզիկական խնդիրներից, որոնք արտահայտվում են, մասնավորապես, ճարպակալմամբ, ատամների, բերանի խոռոչի ու թաթերի տարբեր խնդիրներով, ունենում են նաեւ հոգեբանական պրոբլեմներ: Ֆիզիկական հարցերը լուծելուց հետո փրկարար կենտրոնում սկսում են աշխատել հոգեբանական խնդիրների ուղղությամբ: Լուծման ուղիներից մեկը կենդանիներին կերային զբաղվածությամբ ապահովելն է: Այսինքն՝ անել այնպես, որ կեր գտնելու համար, ինչպես բնության մեջ է, կենդանին փնտրի ազատավանդակում՝ քարերի տակ, հողի, ցախերի մեջ, ծառերի ճյուղերում, հընթացս ֆիզիկապես շարժման մեջ գտնվի, նաեւ աշխատեցնի իր բնազդը, ջանք թափի:
Կենդանու խնդիրների մասին խոսում է նրա վարքը: Փոքր, փակ տարածքում պահվող կենդանին հաճախ անդադար մի կետից մյուսն է գնում կամ կարող է շրջանաձեւ պտտվել, ինչը դրսից դիտողը կարող է չհասկանալ, բայց մասնագետները դա անվանում են ստերեոտիպիկ վարքագիծ, ինչը հոգեբանական շեղման վկայություն է:
«Նման վարքը հնարավոր է փոխել զբաղվածության միջոցով՝ սննդային, տարածքային փոփոխությամբ, բույրերի զբաղվածությամբ, քանի որ իրենք չեն կարող գնալ սարերը, տարբեր բույսերից հոտ քաշել, իրենց տարբեր վայրերում զգալ, փորձում ենք այդ վայրերը «բերել» իրենց ազատավանդակ,- բացատրում է Նարինեն,- որքան հաջող է մեր կողմից արված զբաղվածությունը, այնքան կենդանին ավելի երկարատեւ է զբաղվում այդ փնտրտուքով, այնքան ավելի հեշտ է անցնում նրա օրը»:
Արջերի սննդակարգն ու չափաբաժինները փոփոխվում են ըստ սեզոնի: Աշնանն, օրինակ, ավելի շատ են կերակրում, բարձր կալորիականությամբ սնունդ են տալիս, որպեսզի կենդանիները, ինչպես բնության մեջ է լինում, կարողանան ճարպակալել եւ ձմռան քուն մտնել: Իսկ երբ ձմեռելուց հետո արթնանում են, սննդի չափաբաժիններն ավելացվում են աստիճանաբար. սկզբում շատ կանաչեղեն են տալիս, որն ակտիվացնում է մարսողական համակարգը: Ընդ որում՝ արջերի սննակարգի մոտ 80 տոկոսը բուսական ծագման է, իսկ 20 տոկոսը՝ կենդանական, այդ թվում՝ ձուկ, որի սիրահար են այս ամենակեր գիշատիչները:
Չնայած կերային շարոցներն ու ազատավանդակներում շաղ տալու եւ թաքցնելու համար նախատեսված սննդի արկղերը պատրաստ են, Նարինեն մի պահ դադար է տալիս, վերցնում է մկրատն ու գնում արեւածաղիկների հետեւից: Այս տարի առաջին անգամ արեւածաղիկ են աճեցրել կենտրոնի բակում: Նարինեն ծաղիկներից գոհ է, բայց ավելի գոհ կլինի, եթե բրդոտներին եւս դուր գա: Մի քանի արեւածաղիկ է կտրում, ապա դառնում ազատավանդակից իրեն հետեւող Արամին, Նաիրիին ու Լոլային: «Նայեք, դուրներն արդեն գալիս է: Ձեր համար է»,- ասում է իրեն բնորոշ լիաթոք ծիծաղով:
Նարինեն էսթետ է. արեւածաղիկներն ամրացնում է ցախի խրձի մեջ, որտեղ ուտելիք է թաքցրել:
-Ուզում եմ նաեւ, որ գեղեցիկ լինի: Բնությունն ինքնին շատ գեղեցիկ է, իսկ ո՞վ ասաց, որ մենակ մեզ է այդ գեղեցիկը դուր գալիս: Շատ-շատ եմ ուրախանում, որ սիրուն բան ենք սարքում, իսկ իրենք գնում ու քանդում են։ Ինձ թվում է՝ դա էն արձագանքն է, որ իրենց շատ է դուր եկել։
-Բա չե՞ք ասում՝ էդքան տանջվեցի, սարքեցի, եկան մի վայրկյանում քանդեցին։
-Ես կվիրավորվեմ, եթե տանջվեմ, սարքեմ, իսկ իրենք ոչ մի ձեւ չքանդեն,- նորից ծիծաղում է կենդանիների խնամքի պատասխանատուն:
-Մի վայրկյան էլ չի տեւում,- կողքից արձագանքում է Հայկը:
Բոլոր նախապատրաստություններից հետո Հայկը սեղմում է կոճակն, ու ազատավանդակի հարեւան շինության երկաթե դուռը բացվում է. Արամը, Նաիրին ու Լոլան բնազդաբար մտնում են ներս: Նրանք գիտեն, որ երբ դուրս գան, ազատավանդակում կեր ու տարբեր անակնկալներ են գտնելու: Մինչ արջերը սպասում են, Նարինեն ու Հայկը նախ մաքրում են տարածքը, ապա տեղադրում կերը:
«Երկաթե ծառից» կախում են շարանները, ծառի ճյուղերին, հողի ու անվադողի մեջ թաքցնում են ուտելիքը: Հայկը խտացրած կաթ է քսում գերանին ու քարերին: Հայտնի է, որ քաղցրակեր բրդոտները հատկապես մեղրի սիրահար են, որը եւս լինում է նրանց «ճաշացանկում»: Նարինեն ջրամանն է մաքրում, ասում է՝ հետաքրքիր է, որ չնայած Արամը, Նաիրին ու Լոլան մյուսների նման մեծ ջրավազան ունեն, նախընտրում են փոքր ջրամանի մեջ մտնել ու զովանալ:
Երբ ամեն ինչ պատրաստ է, կենդանիներին դուրս են թողնում: Երեքն էլ վրա են հասնում ուտելիքին: Իսկապես, մեկ վայրկյան էլ չի անցնում, ու Նարինեի ծաղկային ձեւավորումն արդեն չկա: Ծիծաղում ենք: Քանդողը չարաճճի Լոլան է:
Նարինեն նայում է նրանց ու ժպտում: Նրա ժպիտի մեջ այնքան սեր ու ջերմություն կա:
Ասում է, որ այս կիսազատ պայմանները, բնականաբար, չեն կարող փոխարինել ազատությանը, հետեւաբար, իրենք պետք է կարողանան այնպես լցնել արջերի օրը, որ նրանք «չխելագարվեն»:
«Ինչո՞ւ պետք է այս շքեղ կենդանին հայտնվեր Կարմիր գրքում։ Չպետք է լիներ այնտեղ։ Հերիք չէ, որ Կարմիր գրքում է, մի հատ էլ՝ մարդկանց ձեռքը, ճաղերի հետեւում, ինչի դեմ փորձում ենք պայքարել»,- ասում է արջերի խնամատարը:
Հիշում է, որ երբ Արամենց ընտանիքին էին փրկում, սեփականատիրոջ համախոհները, հարեւանները մոտեցել ու պատմում էին, թե ինչքան է տերը սիրում արջերին, ինչպես է փոքրուց մեծացրել: «Ի՞նչ սեր է դա՝ կենդանիները սեփական կղանքի մեջ էին, ճաղերի հետեւում, չգիտես, թե ինչ են կերակրում, իրենց օրը չեն կարողանում անցկացնել, ու դա կոչվում է սե՞ր, զգացմու՞նք կենդանու նկատմամբ։ Բառեր չէի կարողանում գտնել, չէի կարողանում բացատրություն գտնել սիրո այդ դրսեւորմանը: Սերն ինքնին հենց ազատություն է, ո՞նց կարող է բանտարկությունը սեր կոչվել»,- ասում է նա:
Նարինեն չի ուզում, որ արջերն ընկերանան իրենց հետ եւ իրենց ընկալեն որպես բարեկամների: Նրա ցանկությունն է, որ արջերն իրենց մոտ զգան բնությանը, վայրի, բնական միջավայրին: «Նրանց հետ պետք է վարվել ինչպես վայրի կենդանիների, պարզապես պետք է ճանաչել: Իսկ սիրում ես, երբ ճանաչում ես: Արդյոք կենդանին ուզում է, որ գնաս ձեռք տաս, սիրես իրեն: Վայրի, գիշատիչ կենդանի է, եւ չեմ ուզում, որ մարդուն ընդունեն որպես ընկերոջ: Նրանք մարդուն պետք է ընդունեն այնպես, ինչպես բնության մեջ կընդունեն, որ մարդն էլ կարող է լինել վտանգավոր, ոնց որ իրենք մարդու համար: Սահմանը չպետք է խախտել եւ չմիջամտել բնությանը»,- ասում է մեր զրուցակիցը:
Արջերի խնամատարը նայում է ազատավանդակների բնակիչներին, իսկ հետո՝ Խոսրովասարին ու մյուս լեռներին: «Ես շատ կուզենայի, որ մենք իրենց նայեինք այս սարերի վրա, հեռվից իրենց հետեւելով, որովհետեւ իրենց տունը, իրենց բնօրրանն այդ ազատ սարերն են, բնությունն է, որտեղ իրենց կարող էին զգալ լիարժեք արջ, որտեղ որեւէ մեկը չի որոշում, թե երբ պետք է դուռը բացել, որ իրենք դուրս գան, կեր ուտեն,- նկատում է Նարինեն,- ճիշտ է, մենք էստեղ փորձում ենք իրենց ապահովել հնարավորինս արժանապատիվ կյանք, բայց սրտի խորքում, միեւնույնն է, հասկանում ենք, որ անգամ կիսազատ պայմաններն ազատությանը չեն փոխարինելու։ Փորձում ենք պայքարել արատավոր երեւույթի դեմ, որ մարդիկ այս կենդանիներին որպես զվարճանքի առարկա չնայեն՝ խեղաթյուրելով նրանց ճակատագրերը ճաղերի հետեւում, երեխաների ձեռքը բռնեն, գան, որ ժպտա իրենց երեխան, այնինչ պետք է ցույց տային, որ սա դաժանություն է»:
Մեր զրուցակիցն ասում է, որ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նպատակներից մեկը երեխաներին կրթելն է, նրանց բացատրելը, որ վայրի կենդանիներին բանտարկելը նշանակում է խոշտանգում, բնության խեղաթյուրում: Հույս ունեն, որ երբ այս սերունդը մեծանա, ավելի առողջ ու ճիշտ որոշումներ կկայացնի բնության վերաբերյալ: «Այս բրդոտ, շքեղ կենդանին, ես սիրում նրանց անվանել մեր բնության զարդ, պետք է լիներ բնության մեջ, ազատության մեջ»,- նշում է արջերի փրկության ծրագրի համակարգողը:
Կենսաֆիզիկայից մինչեւ գիշատիչների խնամք
Նարինեն մասնագիտությամբ կենսաֆիզիկոս է: Համալսարանն ավարտելուց հետո աշխատել է դպրոցում, կարճ ժամանակ էլ՝ Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտում: Հիմա շարունակում է աշխատել այս ինստիտուտի կենսաբժշկական հետազոտությունների լաբորատորիայում: Պատմում է, որ դեռ դպրոցում աշխատելու տարիներին բնասերների խմբակ էին հիմնել, որն էլ դարձավ դեպի բնապահպանական ոլորտ իր ճանապարհի սկիզբը:
Հիշում է՝ մինչեւ արջերի հետ անմիջական աշխատանքը գրասենյակում էր աշխատում՝ թղթաբանական գործ էր անում: Օրեր էին լինում, երբ այցելում էր փրկարար կենտրոն, հանդիպում աշխատակիցներին, որոնք ներկայացնում էին արջերին: «Գործընկեր ունեի, որ անուններով ճանաչում էր արջերին, ասում էր՝ սա այս արջն էր, մյուսը՝ այս, ու ինձ համար շոկային էր, ֆենոմենալ, մտածում էի՝ հնարավո՞ր է, որ ես էլ կարողանայի արջերին դեմքով ճանաչել, իսկ հիմա մտածում եմ՝ ո՞նց հնարավոր է իրենց դեմքով չճանաչել, ախր, իրենք էնքան տարբեր են ոչ միայն արտաքինով, այլեւ բնավորությամբ»,- ասում է Նարինեն ու ծիծաղում:
Եվ հիմա ինքն է արջերին ճանաչում թե՛ դեմքով, թե՛ բնավորությամբ: Անհատապես գիտի, թե կերային զբաղվածության ժամանակ որ արջն ինչին է նախապատվություն տալու, ինչին է առաջինը մոտենալու: Գիտի նաեւ արջերից յուրաքանչյուրին ամենաբնորոշ գծերը:
-Ամենախորամանկը Դիլին է: Որ մոտենում ես, սկսում է նայել՝ հնարավո՞ր է իրեն (մոտեցողին) կարողանամ ճանկել: Հետո որ տեսնում է՝ չէ, չի կարողանում, սկսում է անմեղ նայել: Ամենաուրախը մեր Լոլան է: Ամենամանկականը մեր Մաքսն է, որ նաեւ ամենածերն է: Ամենափնթփնթանը, բայց միեւնույն ժամանակ ամենից չհանձնվողը մեր Քլիվին է: Մի ոտքը չկա, բայց երբեք չես մտածի, որ մյուսներից մի պակաս բան ունի: Իր համար կմռթմռթա, կբողոքի, բայց չի հանձնվի: Ամենագեղեցիկը եւ ամենանրբիկը մեր Ռետան է: 2024-ին ենք փրկել: Շատ գեղեցիկ էր, որ նոր էինք բերել, ինձ թվաց, թե արջերի մեջ էլ, փաստորեն, լինում է թագուհի: Եթե չեմ սխալվում, պատմությունը իրեն անգամ տանում է մինչեւ կրկես, որտեղ ինչ-որ դեր է ունեցել: Երբ իրեն բերեցին, շատ-շատ սթրեսված էր, շատ երկար ժամանակ շրջապտույտներ էր անում: Հետո սկսեցինք աշխատել զբաղվածությունների միջոցով: Բայց իրեն լավագույնս օգնեց, երբ միացրինք մեր ավազակախմբին: Այստեղ մի խումբ ունենք, որին ես ավազակախումբ եմ ասում: Եթե անգամ մի քիչ վատառողջ, հոգեպես ընկճված մարդուն գցես այդտեղ, կառողջանա,- ասում է Նարինեն ու լիաթոք ծիծաղում:
-Իսկ ամենանեղացկո՞տը:
-Ամենանեղացկո՞տ: Հայկ, մեր արջերի մեջ նեղացկոտ արջ կա՞։ Մենք ըտենց ստից բնավորությամբ արջեր չունենք,- ասում է ու նորից ծիծաղում,- նեղանան ու չուտեն, չէ՞։
Նարինեն նարդոսի (լավանդա) բուրավետիչով սրվակը դնում է Բալուի, Փլանթի ու Դաշայի ազատավանդակի մոտ գտնվող քարին: Զարմացած վերցնում ենք, նայում: Բացատրում է՝ քանի որ արջերը հնարավորություն չունեն բնության մեջ ազատ շրջելու, բույրեր գտնելու, կենտրոնի աշխատակիցներն են հոտերը քսում քարերին ու խոտերին, որ հետո կենդանիները ոչ միայն հոտ քաշեն, այլեւ քսմսվելով իրենց վրա վերցնեն բույրը:
-Նարինե, արջերի՞ հետ եք ավելի հեշտ շփվում, թե՞ մարդկանց:
-Ես շատ-շատ սիրում եմ բնությունը, կենդանիներին: Հեշտ շփվել չեմ ասի, բայց ինձ համար միշտ առաջին տեղում մարդն է։ Ինձ համար մարդը բարձրագույն արժեք է: Յուրաքանչյուր տեսակ ձգտում է իր տեսակին: Ես մարդ եմ եւ ձգտելու եմ իմ տեսակին: Իմ վերաբերմունքն էլ կենդանուն նորից բխում է իմ մարդ տեսակից:
Արջերը, որ այլեւս չեն վերադառնա բնություն
Օրվա զրույցը, վազքը, կենդանիների մասին հետաքրքիր պատմություններն, իհարկե, մեզ ուրախացնում են: Բայց կա մի դրվագ, որ տխրեցնում է, ու այլ կերպ լինել չի կարող: Գերությունից փրկված այս հսկա գիշատիչներն այլեւս չեն կարող վերադառնալ բնություն, որքան էլ Ուրցաձորի փրկարար կենտրոնում առավելագույն ջանք գործադրվի նրանց բարեկեցության համար: Այս կենտրոնը նրանց վերջին հանգրվանն է:
«Նրանց չենք կարող վերադարձնել մայր բնություն, եւ դա աշխարհի փորձն է ցույց տալիս, որովհետեւ այս կենդանիները սովոր են մարդու ձեռքից կերակրվել, մարդուն ճանաչում են իբրեւ իրենց կերակրողի եւ, բնություն վերադառնալով, նորից մոտենալու են մարդուն։ Իսկ դա կարող է ճակատագրական լինել երկուսի համար էլ»,- բացատրում է մեր զրուցակիցն ու հավելում, որ երկար տարիներ անազատության մեջ պահված կենդանիների բնազդներն այնքան թուլացած են կամ նույնիսկ մարած բնության մեջ գոյատեւելու համար, որ նրանք նույն տեսակի կամ այլ վայրի գիշատիչների հետ մրցակցությունում պարտվելու են:
Բարեբախտաբար, քոթոթների դեպքում փորձն այլ է:
Քոթոթները կարող են վերադառնալ բնություն
Նարինեն նշում է, որ քոթոթները Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում հայտնվում են տարբեր հանգամանքներով: Օրինակ՝ երբ մարդիկ հայտնաբերում են բնության մեջ միայնակ, առանց մոր մնացած ձագի: Իսկ արջի քոթոթները մինչեւ 2 տարեկան ապրում են մոր հետ, որից տարբեր հմտություններ են սովորում, օրինակ՝ ինչպես պաշտպանվել թշնամիներից, ինչպես որս անել, որտեղ ձմեռել եւ այլն. «Ձագն առանց մոր բնության մեջ գոյատեւել չի կարող: Դրա համար ստիպված ենք լինում բերել փրկարար կենտրոն: Նրանց պահման պայմանները տարբերվում են մեծ արջերի պայմաններից»:
Քոթոթներին հետեւում են տեսախցիկներով, շուրջօրյա ռեժիմով: «Նրանք մեզ չեն տեսնում, մենք էլ իրենց չենք տեսնում, բայց հետեւում ենք կամերաներով, փորձում ենք հասկանալ վարքը, որպեսզի համապատասխան քայլեր կիրառենք: Կարելի է ասել, որ այս դեպքում ստանձնում ենք մոր դերը»,- ժպիտով նշում է Նարինեն:
Առհասարակ արգելվում է քոթոթների պահման վայրին նույնիսկ մոտենալը, որպեսզի նրանք չսովորեն մարդկանց հոտին, ձայնին, ներկայությանը: Ձագերի պահման վայրին միայն հաշված մարդիկ են մոտենում, ինչը թույլ է տալիս պահպանել նրանց վայրի բնազդները, իսկ որոշ ժամանակ անց, մասնագետների հետ խորհրդակցելուց հետո, բաց թողնել բնություն:
-Ե՞րբ եք Ձեզ հաղթող զգում:
-Երբ ստացվում է բնությունից փրկվածներին նորից վերադարձնել բնություն: Հասկանում ես, որ քեզ մոտ ստացվեց: Հիշում եմ իմ առաջին փորձը, երբ քոթոթների մոնիտորինգն էի անում, թե որն ինչ բնավորություն, խնդիր ունի: Մասնակցեցի իրենց բացթողմանը: Երբ դռները բացվեցին, եւ իրենք պետք է գնային իրենց բնօրրան, մեկը թեքվեց, նայեց մեզ ու շարունակեց ճանապարհը… Հասկանում ես, որ իզուր չէ այն աշխատանքը, որ անում ես:
Երբ գեղեցկուհի Ռետան, չարաճճի եւ ուրախ Լոլան, ծերուկ Մաքսը, փթնփնթան ու չհանձնվող Քլիվին, խորամանկ Դիլին եւ մյուսներն արդեն քնած են, Նարինեն վերցնում է համակարգիչն ու մոտենում փրկարար կենտրոնի աշխատակիցների համար նախատեսված շենքի հյուրասենյակում դրված սեղանին: Առօրեական դարձած վազքից հոգնած՝ նա հանում է իրենից անբաժան գլխարկն ու մի կողմ դնում: Արջերի փրկության ծրագրի համակարգողն ամփոփում է անցնող օրն ու կատարած աշխատանքը:
Դրսում Ուրցաձորի գիշերվա լռությունն է: Բակում լսվում է ծղրիդների չդադարող երգը, որը ժամանակ առ ժամանակ իրենց հաչոցով խլացնում են կենտրոնի պահապան շները: Մեծ արջերի օրն ավարտվել է, փոխարենը սկսվել է քոթոթների օրը, որոնք սովոր են գիշերային կյանքին: Նարինեն տեսախցիկներով հետեւում է փոքրիկ բրդոտներին, երբեմն ժպտում է, երբեմն էլ ուշադրությունը սեւեռում ինչ-որ դրվագի: Աչքերն արդեն հոգնած են, բայց ժպիտը նույնն է՝ մեղմ ու բարի: Նոր օրվան մնացել է մի քանի ժամ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել