ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում նոր՝ «COP17» արծաթե հուշադրամը
2026 թվականի հոկտեմբերի 5-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «COP17» արծաթե հուշադրամը՝ նվիրված ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին: Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի կայքէջից։
«Կենսաբազմազանության կոնվենցիան գլոբալ բնապահպանական երեք կոնվենցիաներից մեկն է, որը համակարգում է միջազգային ջանքերը՝ ուղղված կենսաբազմազանության պահպանմանն ու վերականգնմանը, շրջակա միջավայրի հարակայունությանը և բնական ռեսուրսների կայուն օգտագործմանը:
Կոնվենցիայի շրջանակում որոշումներ կայացնող բարձրագույն մարմինը՝ Կողմերի համաժողովը կամ COP-ը (Conference of Parties), երկու տարին մեկ հրավիրում է 196 անդամ երկրների, որոնք միասին մշակում են կիրարկման մեխանիզմներ ու ապահովում դրանց իրականացումը:
Հայաստանը 2026 թվականին հյուրընկալում է COP17-ը և մինչև 2028 թիվը ստանձնում կոնվենցիայի նախագահությունը՝ հանձնառելով մեկտեղել մարդկության առջև ծառացած բնապահպանական մարտահրավերներին դիմագրավելու միջազգային ջանքերը։
COP17-ի պաշտոնական պատկերանիշը երևանյան կապտաթիթեռն է (Polyommatus eriwanensis)՝ Հայաստանի Կարմիր գրքում ընդգրկված էնդեմիկ տեսակ։
Դիմերես` ՀՀ զինանշանը և ոճավորված եռագույնը:
Դարձերես` COP17-ի պատկերանիշը՝ ոճավորված երևանյան կապտաթիթեռի տեսքով, «COP17, YEREVAN, ARMENIA», «TAKING ACTION FOR NATURE» («ԳՈՐԾԵԼՈՎ ՀԱՆՈՒՆ ԲՆՈՒԹՅԱՆ») մակագրությունները:
Էսքիզների հեղինակ՝ Աննա Կուրղինյան:
Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում»,- նշվում է հաղորդագրությունում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել