HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարե Պետրոսյան

Հայաստանի հավաքականը երկու անպատասխան գնդակ ընդունեց Կիպրոսի ընտրանուց

Ազգերի լիգայի 2026/2027 թթ. խաղարկության երրրորդ տուրում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց։ Նիկոսիայում մեր ընտրանին երկու անպատասխան գնդակ ընդունեց Կիպրոսի ընտրանուց։

Տանտերերն ակտիվ սկսեցին հանդիպումը և արդեն 13-րդ վայրկյանին մոտ էին հաշիվը բացելուն. Մարկուս Էդվարդսի հեռահար հարվածից հետո Հայաստանի հավաքականի դարպասապահ Արսեն Բեգլարյանը հետ մղեց գնդակը: Շուտով Կիպրոսի հավաքականը բացեց հանդիպման հաշիվը. Էդվարդսի անկյունային փոխանցումից և Բեգլարյանի անվստահ գործողությունից հետո Լեոնիդաս Կոնոմիսը մոտ տարածությունից գրավեց դարպասը:

Քիչ անց տանտերերը կրկնապատկեցին առավելությունը. Հայաստանի հավաքականի պաշտպանների սխալից հետո Անդրոնիկոս Կակուլիսին հաշիվը դարձրեց 2:0: Նախքան ընդմիջումը հաշիվը կրճատելու հիանալի հնարավորություն ունեցավ Էդուարդ Սպերցյանը, սակայն նրա առաջին հարվածից հետո գնդակը դարպասային գծից հեռացրեց Նիկոլաս Պանայոտուն, իսկ Սպերցյանի երկրորդ հարվածը կասեցրեց դարպասապահ Ֆաբիանոն:

Երկրորդ խաղակեսի մեկնարկում Կիպրոսի հավաքականը մնաց 10 ֆուտբոլիստներով. Արտյոմ Բանդիկյանի նկատմամբ կոպիտ խախտման համար VAR համակարգի կիրառումից հետո դաշտից հեռացվեց Կոստաս Պիլեասը: Թվային առավելություն ստանալուց հետո Հայաստանի հավաքականը մեծացրեց ճնշումը, սակայն խաղի ելքը փոխել այդպես էլ չստացվեց։

Այս պարտությունից հետո Հայաստանի հավաքականը C լիգայի 2-րդ խմբում նահանջեց 3-րդ հորիզոնական։ 9 միավորով առաջատարը Մոնտենեգրոյի ընտրանին է, որը հաղթել է խմբի բոլոր մրցակիցներին, Կիպրոսի հավաքականը 4 միավորով երկրորդն է, 3 միավոր ունեն մերոնք, իսկ Լատվիան 1 միավորով եզրափակում է աղյուսակը։

Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 5-ին՝ հյուրընկալվելով Մոնտենեգրոյի ընտրանուն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter