Ով և որտեղ կարող է աշխատել «Ծառայողական օգտագործման համար» տեղեկության հետ
Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում և իրավաբանական անձանց մոտ «Ծառայողական օգտագործման համար» նշումով տեղեկության ստեղծման, փոխանցման, պահպանման և ոչնչացման համար մինչ այժմ միասնական կարգ չկա։ Ազգային անվտանգության ծառայության կողմից հանրային քննարկման ներկայացված Կառավարության որոշման նախագծով նախատեսվում է այդ գործընթացը կարգավորել՝ մեծ մասը տեղափոխելով էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ։
Գործող կարգավորման համաձայն՝ նման տեղեկության հետ աշխատելու կանոնները սահմանել են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների ղեկավարները։ Դրա հետևանքով տարբեր կառույցներում ծառայողական տեղեկության ստեղծման, հաշվառման, մշակման, փոխանցման և պահպանման ընթացակարգերը կարող էին տարբեր լինել։
Ըստ նախագծի հեղինակների՝ տարբեր մոտեցումները կարող են մեծացնել տեղեկության չարտոնված տարածման կամ դրան չարտոնված հասանելիության ռիսկը։ Հատկապես դա կարևոր է այն պայմաններում, երբ պետական մարմինների միջև տեղեկատվության փոխանակումն ավելի ու ավելի է իրականացվում թվային եղանակով, իսկ կիբերանվտանգության խնդիրներն ավելանում են։
Նախագիծը մշակվել է 2025թ. դեկտեմբերի 4-ին ընդունված «Պետական գաղտնիքի մասին» օրենքում փոփոխությունների արդյունքում։ Օրենքով նախատեսվել է, որ պետական կառավարման համակարգի մարմինների միջև «Ծառայողական օգտագործման համար» նշումով տեղեկության փաստաթղթաշրջանառությունը, այդ թվում՝ դրա պահպանումը, պետք է իրականացվի էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով։
Նախագծով սահմանվում են նաև այն դեպքերը, երբ տեղեկությունը կարող է շրջանառվել այդ համակարգից դուրս։ Մասնավորապես, պաշտպանության, ազգային անվտանգության, արտաքին հարաբերությունների և հասարակական կարգի պահպանության ոլորտներում լիազորված մարմինների համար նախատեսվում են բացառություններ, այդ թվում՝ թղթային տարբերակով փաստաթղթաշրջանառության հնարավորությունը։
Փաստաթուղթը սահմանում է նաև, թե ինչ պայմաններում կարող է ստեղծվել «Ծառայողական օգտագործման համար» նշումով տեղեկություն, ինչ պահանջներ պետք է ներկայացվեն այդպիսի փաստաթղթերին և ինչ անվտանգության չափանիշների պետք է համապատասխանեն դրանց շրջանառության համար օգտագործվող էլեկտրոնային համակարգերը։
Համապատասխան մարմնի աշխատակիցներին սահմանափակ տարածման ծառայողական տեղեկությանը հասանելիություն կարող է տրամադրվել միայն այն բանից հետո, երբ նրանք ծանոթանան «Պետական գաղտնիքի մասին» օրենքի և սահմանված կարգի պահանջներին։
Աշխատակիցներին այդ տեղեկությանը հասանելիություն տրամադրելու, այն փոփոխելու կամ դադարեցնելու, ինչպես նաև սահմանված պահանջների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու կարգը սահմանելու է համապատասխան մարմնի ղեկավարը՝ ներքին իրավական ակտով։
Եթե խախտվեն կարգի պահանջները կամ հրապարակվի սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն, իրավասու պաշտոնատար անձը պետք է նշանակի ծառայողական քննություն։ Դրա նպատակն է պարզել խախտման հանգամանքները, իրավախախտում թույլ տված անձանց շրջանակը և նրանց պատասխանատվության հարցը։
Առանձին կարգավորվելու են էլեկտրոնային համակարգում և դրանից դուրս փաստաթղթերի ստեղծման, հաշվառման, մշակման, փոխանցման և կատարման գործընթացները։ Նախատեսվում են նաև կանոններ թղթային փաստաթղթերի համար, ինչպես նաև ծառայողական տեղեկության պահպանման, դրա հասանելիության սահմանափակումների փոփոխման կամ վերացման ընթացակարգեր։
«Ծառայողական օգտագործման համար» (կամ ԾՕՀ) նշումով փաստաթղթերը կարելի է ստեղծել և խմբագրել միայն այն համակարգչային համակարգերով, որոնք պատկանում են տվյալ մարմնին և ապահովում են տեղեկության պաշտպանությունը։ Համակարգերը պետք է թույլ չտան փաստաթղթի պատահական կորուստը, չարտոնված մուտքը, օգտագործումը, փոփոխումը, ոչնչացումը, պատճենումը կամ տարածումը, ինչպես նաև այլ անօրինական միջամտությունները։
Սահմանափակ տարածման ծառայողական տեղեկությունը պետք է մշակվի միայն համապատասխան մարմնի վարչական շինություններում (աշխատասենյակներում)՝ այնպիսի պայմաններում, որոնք բացառում են մշակվող տեղեկության հասանելիությունն այլ անձանց համար։
Սահմանափակ տարածման ծառայողական տեղեկությունը համապատասխան մարմնի վարչական շենքից կամ աշխատասենյակից դուրս, ինչպես նաև տվյալ մարմնին չպատկանող համակարգչային համակարգերով կարելի է մշակել միայն բացառիկ դեպքերում։ Խոսքը, մասնավորապես, արտակարգ իրավիճակների, անհետաձգելի գործողությունների, գործուղումների կամ հնարավոր բացասական հետևանքների կանխման դեպքերի մասին է։ Դրա համար անհրաժեշտ է համապատասխան մարմնի ղեկավարի կամ նրա կողմից լիազորված պաշտոնատար անձի գրավոր թույլտվությունը։ Միաժամանակ պետք է պահպանվեն տեղեկության անվտանգության և դրա հասանելիությունը սահմանափակելու՝ կարգով նախատեսված բոլոր պահանջները։
Նախագծի հեղինակներն ակնկալում են, որ միասնական կանոնները կբարձրացնեն փաստաթղթաշրջանառության արդյունավետությունը և կնվազեցնեն ծառայողական տեղեկության չարտոնված բացահայտման ռիսկերը։
Միաժամանակ նոր համակարգի ներդրումը կարող է լրացուցիչ ծախսեր առաջացնել պետական բյուջեի համար, քանի որ անհրաժեշտ է համապատասխան էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգերի ներդրում։
Նախագծում նշվում է, որ այդ աշխատանքները նախատեսվում է իրականացնել պետական բյուջեով թվային փոխակերպման համար նախատեսված միջոցների հաշվին։ Դրանց վերջնական ծախսերը դեռ պետք է գնահատվեն և հաշվարկվեն։
Լուսանկարը՝ unsplash.com-ից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել