HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Ֆլայուան Արմենիայի» մոլդովացի տերերը չեն կատարի տեղի իշխանությունների պահանջը, փոխարենը բիզնեսը կընդլայնեն Մոլդովայից դուրս

Մոլդովական Fly One մասնավոր ավիաընկերության սեփականատերերը չեն վաճառի իրենց բաժնեմասերը, չնայած պետությունը պահանջել է վերահսկողության փոփոխություն կատարել ընկերությունում: Փոխարենը Fly One-ը պատրաստվում է ապագա կապիտալ ներդրումներն ու գործառնական ընդլայնումը իրականացնել Մոլդովայի սահմաններից դուրս: Այս մասին հայտնել է Fly One-ի տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Չեբոտարը։

Fly One-ը հայկական «Ֆլայուան Արմենիա» ավիաընկերության 46 %-ի փայատերն է: Չեբոտարի հայտարարությունը, թերեւս, նշանակում է, որ ներդրումները պետք է որ աճեն նաեւ Հայաստանում: Բացի Հայաստանից՝ Fly One-ը դուստր ընկերություններ ունի Ռումինիայում եւ Ուզբեկստանում:

Հիշեցնենք, որ Մոլդովայի պետական անվտանգության համար կարեւորություն ունեցող ներդրումների ուսումնասիրման խորհուրդն (CEIISS) այս տարվա հունիսի 22-ին որոշում էր կայացրել Fly One-ի վերահսկողության փոփոխություն կատարելու մասին: Մոլդովական ավիափոխադրողին իր սեփականատերերի շարքում փոփոխություններ անելու համար 90 օր ժամանակ էր տրվել: Ժամկետն ավարտվել է սեպտեմբերի 22-ին:

Պետական մարմինը նման որոշում կայացրել էր 11 ամսվա ուսումնասիրությունից հետո, որի ընթացքում վերլուծվել էր Fly One-ի գործելակերպն ավիափոխադրումների ոլորտում:

Ուսումնասիրության ընթացքում Խորհուրդը բազմիցս տեղեկատվություն եւ փաստաթղթեր էր պահանջել Fly One-ի եւ դրա դուստր ընկերություններից «Ֆլայուան Արմենիայի» միջեւ ֆինանսական գործարքների, ներդրումային կառուցվածքի եւ շահառու սեփականատերերի մասին: Սակայն պահանջված տեղեկատվության մի մասը տրամադրվել էր «ոչ ամբողջ ծավալով»:

Ուսումնասիրվել էր նաեւ Fly One-ի եւ «Ֆլայուան Արմենիայի» հետ փոխկապակցված անձանց ու միջազգային պատժամիջոցների տակ գտնվող անձանց միջեւ կապերի առկայությունը: Այս հանգամանքը ներառվել էր այն տարրերի շարքում, որոնք գնահատվել էին Խորհրդի կողմից որոշում կայացնելիս:

Խորհուրդն ընդգծել էր, որ Fly One-ի հանդեպ նման միջոցի կիրառումը նպատակ ունի պաշտպանել պետանվտանգության շահերը ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտում եւ ապահովել ներդրումային օրենսդրությանը հետեւելը:

«Ընկերության ուղեւորների եւ առեւտրային գործընկերների համար ոչ մի անմիջական փոփոխություն չի լինի: Fly One-ը շարունակում է իրականացնել կանոնավոր չվերթեր եւ կատարել իր պարտավորությունները ուղեւորների, գործընկերների եւ այլ տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ»,- հունիսին հայտարարել էր CEIISS-ը:

Fly One-ի 40 %-ը պատկանում է Մոլդովայի արդարադատության նախկին (2015-2017 թթ.) նախարար Վլադիմիր Չեբոտարի կնոջը՝ Մարիա Չեբոտարին, իսկ 10 %-ը՝ նախկին պաշտոնյայի քրոջը՝ Մարիանա Տաբույկեին: Ավիաընկերության մնացած 50 %-ը պատկանում է այդ երկրի քաղավիացիայի գերատեսչության նախկին (2015-2016 թթ.) ղեկավար Միրչա Մալեկայի ընտանիքին: 10 %-ը գրանցված է հենց Մալեկայի անունով, իսկ 40 %-ը՝ նախկին կնոջ՝ Ինա Մալեկայի:

Վլադիմիր Չեբոտար, աղբյուրը՝ thelist.md

Հաշվի առնելով միջազգային պատժամիջոցների տակ գտնվող անձանց հետ Fly One-ի եւ «Ֆլայուան Արմենիայի» ղեկավարության ենթադրյալ կապերի ուսումնասիրությունը, ինչի մասին հայտարարել էր CEIISS-ը, մոլդովական լրատվամիջոցներն անդրադարձել էին այդ երկրի ամենահարուստ մարդկանցից մեկին՝ օլիգարխ Վլադիմիր Պլախոտնյուկին, որի մերձավոր շրջապատից է եղել Վ. Չեբոտարը (նախկինում երկուսն էլ եղել են Մոլդովայի դեմոկրատական կուսակցության վերնախավում. Պլախոտնյուկը դրա նախագահն էր, իսկ Չեբոտարը՝ փոխնախագահներից մեկը): Բայց թե կոնկրետ ինչպիսի կապեր կամ բիզնես շահեր ունի Պլախոտնյուկը Fly One-ում, դժվար է ասել:

2026-ի ապրիլին մոլդովական դատարանը 19 տարվա ազատազրկման է դատապարտել Պլախոտնյուկին՝ նրան մեղավոր ճանաչելով հանցավոր խմբավորում ղեկավարելու, փողերի լվացման ու խարդախության մեջ: Դատարանը նաեւ որոշել է օլիգարխից ավելի քան 1,1 մլրդ լեյ արժեքով (մոտ 64 մլն դոլար) ակտիվներ բռնագանձել:

Պլախոտնյուկն Արեւմուտքի կողմից համարվում է պրոռուսական գործիչ: Ներկայում մոլդովացի օլիգարխը գտնվում է ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Կանադայի պատժամիջոցների տակ:

Այդուհանդերձ, Չեբոտարը հերքել էր, որ իր եւ Մալեկայի ընտանիքներից բացի կամ դրանց փոխարեն այլ շահառու սեփականատեր կա Fly One-ում. «Մենք ցուցաբերել ենք համագործակցելու, պարզաբանումներ տալու եւ անհրաժեշտ տվյալներ տրամադրելու պատրաստակամություն։ Ցավոք, երկխոսությունը միակողմանի էր։ Իշխանությունները հարցնում են, թե ովքեր են Fly One-ի վերջնական շահառու տերերը։ Միանգամայն պարզ է, թե ովքեր են շահառուները։ Նրանց մասին հայտարարվել է տարիներ շարունակ։ Գործընթացը միշտ էլ բացարձակ թափանցիկ է եղել»։

Ինչպես գրում է ch-aviation.com-ը, CEIISS-ի տված 90 օրվա ավարտից հետո՝ սեպտեմբերի 29-ին, Վլադիմիր Չեբոտարը, մոլդովական Cinema 1 հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Fly One-ի սեփականատերերը չեն կատարելու բաժնեմասերից հրաժարվելու՝ CEIISS-ի պահանջը: 

«Փայատերերը չեն վաճառի իրենց բաժնեմասերը։ Խումբը կշարունակի իր գործունեությունը, սակայն ապագա ներդրումների մի մասը ստիպված կլինի տեղափոխել Մոլդովայի Հանրապետությունից այլ պետություններ»,- ասել է Fly One-ի տնօրենների խորհրդի նախագահը:

Չեբոտարի խոսքով՝ Fly One-ը CEIISS-ի հունիսյան որոշումը դիտարկում է իբրեւ հարկադիր օտարման փորձ եւ վերանայում է իր միջազգային ընդլայնման ռազմավարությունը։

Ավիաընկերության ղեկավարն ու փաստացի փայատերերից մեկը նաեւ հայտնել է, որ խումբը կառուցվածքային առումով հնարավորություն ունի ներդրումները վերաուղղորդել Մոլդովայից դուրս, քանի որ ներկայում խմբի ընդհանուր գործունեության միայն 25-30 %-ն է բաժին հասնում Մոլդովայի շուկային: Ըստ Չեբոտարի՝ խմբի գործունեությունը ապակենտրոնացված է եւ իրականացվում է ծախսերի ու կառավարման անկախ կենտրոնների միջոցով, որոնք գործում են Ռումինիայում (FlyOne Airlines), Հայաստանում («Ֆլայուան Արմենիա») եւ Ուզբեկստանում (Flyone Asia)՝ այս երկների կողմից տրված օդանավ շահագործողի վկայականների (ՕՇՎ) հիման վրա:

«Նրանք չեն գիտակցում, որ մենք կախված չենք Մոլդովայում գործող ընկերությունից (նկատի ունի մոլդովական Fly One – հեղ.)։ Այն կազմում է մեր գործունեության 25-30 %-ը, մինչդեռ մեր աճի հիմնական ուղղությունները Մոլդովայի սահմաններից դուրս են»,- ասել է Վլադիմիր Չեբոտարը։

Նա հավելել է, որ CEIISS-ի հունիսյան որոշման հրապարակումից մեկ շաբաթ անց իրենց է զանգահարել ԵՄ անդամ երկրներից մեկի տրանսպորտի փոխնախարարը: Գնահատելով այս քայլը՝ Չեբոտարն ասել է. «Սեփական երկրումդ, որտեղ 600 աշխատատեղ ես ստեղծում եւ հարյուրավոր միլիոնների հարկեր վճարում, քեզ ասում են, թե պետք չես, մինչդեռ օտարերկրյա պետությունն անմիջապես հրավիրում է քեզ»։

ԵՄ անդամ միակ երկիրը, որտեղ այս պահին խումբը գործունեություն է ծավալում, Մոլդովայի հարեւան Ռումինիան է, բայց չի բացառվում, որ Չեբոտարն այլ երկիր է նկատի ունեցել:

Նախկինում Մոլդովայի արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցրած Վ. Չեբոտարը հայտարարել է, որ CEIISS-ի որոշումը չունի իրավական ուժ, քանի որ հունիսյան նիստի արձանագրությունը ստորագրվել է պաշտոնական նիստից դուրս՝ առանց անդամների պատշաճ մասնակցության։ Նա նաեւ պնդել է, որ համապատասխան օրենքն իրենց նկատմամբ կիրառվել է ոչ պատշաճ կերպով, եւ որ ընթացիկ գործառնական ծախսերը, ներառյալ՝ օդանավերի վարձակալությունը, վառելիքի ձեռքբերումը, վերգետնյա սպասարկումը եւ աերոնավիգացիան, Մոլդովայի օրենսդրությամբ հստակորեն ազատված են ռազմավարական ներդրումների ստուգման գործընթացից:

Չեբոտարը հայտնել է, որ ի պատասխան CEIISS-ի որոշման՝ Fly One-ը նախաձեռնել է միջազգային ներդրումային արբիտրաժ, ինչպես նաեւ դիմել է Քիշնեւի վերաքննիչ դատարան ու Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Մոլդովական ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահը նշել է, որ վերջին 3 տարվա ընթացքում Fly One-ը եւ նրա աշխատակիցները ենթարկվել են իրավապահ մարմինների 13 խուզարկությունների, հեռախոսազրույցների գաղտնալսման եւ հսկողության, ինչը նա որակել է իրենց բիզնեսը բռնի կերպով խլելու փորձ՝ ի շահ երրորդ կողմի:

Ըստ Չեբոտարի՝ Մոլդովայի իշխանություններն արդարացնում են անվտանգային ստուգումը, քանի որ Fly One-ը գործում է օդանավակայանի կարեւորագույն ենթակառուցվածքների մոտ եւ մշակում է տեղացի ուղեւորների տվյալները։

Անդրադառնալով Վլադիմիր Պլախոտնյուկի հետ ենթադրյալ կապերին՝ Չեբոտարը հերքել է, որ Դեմկուսի նախկին առաջնորդի հետ որեւէ բիզնես կապ ունի՝ նշելով, որ իրենց հարաբերությունները խստորեն սահմանափակվել են 2019 թվականից առաջ Դեմկուսի անդամ լինելով: Նկատենք, որ 2019-ից լինելով Մոլդովայի խորհրդարանի պատգամավոր Դեմոկրատական կուսակցությունից՝ Վ. Չեբոտարը մի քանի այլ կուսակիցների հետ 2020-ին լքել է Դեմկուսն ու հիմնել առանձին պատգամավորական խումբ, իսկ ավելի ուշ նոր կուսակցություն գրանցել:

Իսկ Fly One-ի վերաբերյալ Չեբոտարը հայտարարել է, որ ո՛չ ավիաընկերությունը, ո՛չ դրա սեփականատերերը ազգային կամ միջազգային պատժամիջոցների տակ չեն գտնվում: Ըստ էության, այս փաստը նա հակադրել է Պլախոտնյուկի շուրջ առկա իրավիճակին:

Հիշեցնենք, որ եթե հայկական «Ֆլայուան Արմենիա» ՍՊԸ-ի 46 %-ի տերը մոլդովական Fly One-ն է, ապա մնացած 54 %-ը պատկանում է գործարար, նախկին իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի մերձավորներին. 50 %-ը՝ գործարարի եղբորը՝ Էդուարդ Սուքիասյանին, իսկ 4 %-ը՝ գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանին:

Առաջին լուսանկարը՝ newsmaker.md-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter