Հայաստանը չի ապահովել հոր և դստեր վերամիավորումը․ ՄԻԵԴ-ը խախտում է արձանագրել
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Հայաստանի դեմ ներկայացված գործով արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում (Անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք)։ Դատարանի գնահատմամբ՝ Հայաստանի իշխանությունները բավարար և արագ քայլեր չեն ձեռնարկել քաղաքացուն իր դստեր հետ վերամիավորելու և նրանց հարաբերությունները պահպանելու համար։ ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է երեխայի հորը վճարել 4500 եվրո փոխհատուցում՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում։
«Հետքն» այս պատմությանն անդրադարձել էր դեռևս 2025թ. հունվարին։
Ավետյանը յոթամյա աղջկա հայրն է։ Ծնողները, որոնք ազգությամբ հայ են, բնակվել են ԱՄՆ-ում և ամուսնալուծվել են 2021թ.-ին։ 2023թ. մարտին ԱՄՆ դատարանը երեխայի խնամքն ամբողջությամբ հանձնել է հորը։ Հետագայում, առանց հոր համաձայնության, մայրը երեխային տեղափոխել է Հայաստան։
2024թ. հոկտեմբերին երեխայի մայրը մեկնել է ԱՄՆ՝ աղջկան թողնելով իր ծնողների՝ երեխայի մորական տատիկի և պապիկի խնամքին։ Ավետյանը 2024թ. հոկտեմբերի 12-ին եկել էր Հայաստան՝ երեխայի խնամքը ստանձնելու նպատակով, սակայն երեխայի մոր ծնողներն աղջկան չէին հանձնել հորը։
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի Գերագույն դատարանի Լոս Անջելեսի շրջանի քրեական բաժնի կողմից երեխայի առևանգման վարույթով նաև գործ է հարուցվել երեխայի մոր նկատմամբ։ 2024թ. հոկտեմբերի 7-ին ԱՄՆ-ի իրավապահ մարմինների կողմից նա ձերբակալվել, ապա կալանավորվել է։
2025թ. փետրվարին հայրը դիմել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով պարտավորեցնել երեխայի մոր ծնողներին վերադարձնել աղջկան։ Նա նաև խնդրել էր մինչև գործի վերջնական լուծումը երեխային իրեն հանձնելու ժամանակավոր միջոց կիրառել։
Դատարանը փետրվարի 21-ին երեխային հորը հանձնելու միջնորդությունը մերժել էր։ Սակայն նույն օրը դատարանը սեփական նախաձեռնությամբ որոշել էր հոր և դստեր հանդիպումների ժամանակացույց սահմանել։ Հայրը պետք է շաբաթական երեք անգամ՝ երեք ժամով, տեսներ աղջկան՝ առանց երեխայի տատիկի և պապիկի ներկայության։ Դատական որոշման կատարումը փոխանցվել էր Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը։ Փետրվարի 24-ին սկսվել էր կատարողական վարույթ։
Հարկադիր կատարողը մի քանի անգամ փորձել էր կազմակերպել հոր հանդիպումները երեխայի հետ, սակայն այդ հանդիպումները չէին կայացել։ Երեխայի մոր ծնողները տարբեր պատճառներով հետաձգել են դրանք, առաջարկել են հանդիպումներն անցկացնել իրենց բնակարանում կամ պարզապես բացակայել էին այնտեղից։
Տարբեր օրերին հարկադիր կատարողը, հոր և համայնքապետարանի ներկայացուցչի հետ գնացել էր տատիկի և պապիկի բնակարան՝ դատարանի սահմանած ժամերին։ Սակայն նրանք տանը չեն եղել։
Այդ ընթացքում հայրը բողոքարկել էր առաջին ատյանի դատարանի որոշումը։ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը ժամանակավոր միջոց էր կիրառել և պարտավորեցրել երեխայի տատիկին ու պապիկին աղջկան հանձնել հորը՝ մինչև հիմնական գործի ավարտը։
Վերաքննիչ դատարանը նշել էր՝ քանի դեռ երեխան փաստացի չի գտնվում մոր խնամքի տակ, նրա խնամքը պետք է իրականացնի հայրը։ Դատարանը նաև արձանագրել էր, որ հայրը երրորդ անձանց, այդ թվում՝ երեխայի տատի ու պապի նկատմամբ, երեխային դաստիարակելու նախապատվելի իրավունք ունի։ Սակայն այս որոշումը նույնպես չի կատարվել։
Հարկադիր կատարողը հոր հետ գնացել է երեխայի տատի և պապի բնակարան։ Երեխան և նրա տատը այնտեղ չեն եղել։ Պապը հայտնել է, որ չգիտի նրանց գտնվելու վայրը։
Նույն օրը հարկադիր կատարողը որոշել է երեխայի և տատի նկատմամբ հետախուզում հայտարարել և ոստիկանությանը խնդրել է իրականացնել որոնումը։ Սակայն ՄԻԵԴ-ը կարևոր խնդիր է արձանագրել հենց այս հատվածում։
ՄԻԵԴ-ի գնահատմամբ՝ Հայաստանի իշխանությունները չեն ներկայացրել որևէ ապացույց, որ որոնումը պաշտոնապես սկսելուց հետո իրականում կոնկրետ գործողություններ են իրականացվել երեխային գտնելու համար։ Օրինակ՝ իշխանությունները ցույց չեն տվել, որ հարցաքննվել է երեխայի պապը, հարցումներ են արվել հարազատներին, հարևաններին կամ համապատասխան հաստատություններին, կամ փորձ է արվել երեխայի գտնվելու վայրը պարզել մոր բջջային հեռախոսի տվյալներով։
ՄԻԵԴ-ը հատկապես մտահոգիչ է համարել այն հանգամանքը, որ երեխայի գտնվելու վայրը հայտնի չի եղել, ինչը դատարանի գնահատմամբ՝ լուրջ իրավիճակ է, սակայն իշխանությունները չեն ներկայացրել որոնման շրջանակում իրականացված որևէ կոնկրետ քայլի մասին տեղեկություն։ Բացի այդ, երեխայի տատի և պապի կողմից դատարանի որոշումները չկատարելու համար որևէ պատժամիջոց չի կիրառվել։
Դատարանն ընդգծել է, որ երեխայի հետ ապրող անձանց կողմից իշխանությունների հետ չհամագործակցելու դեպքում համապատասխան մարմինները պետք է կիրառեն անհրաժեշտ միջոցներ և, անհրաժեշտության դեպքում, պատժամիջոցներ։
Այդ ընթացքում երեխայի մայրը վերադարձել է Հայաստան և տեղափոխվել ծնողների բնակարան։ Ոստիկանությունը Հարկադիր կատարման ծառայությանը հայտնել է, որ երեխային և նրա տատիկին գտել են, նրանք գտնվում են տատիկի ու պապիկի բնակարանում։ Սակայն այստեղ ևս ՄԻԵԴ-ը խնդիր է արձանագրել։
Դատարանի համար պարզ չի եղել, որ երեխային գտնելը իշխանությունների իրականացրած կոնկրետ որոնողական գործողությունների արդյունքն է եղել։ Ըստ ՄԻԵԴ-ի՝ հնարավոր է, որ երեխայի գտնվելու վայրը պարզվել է զուտ այն պատճառով, որ մայրը դրանից կարճ ժամանակ առաջ վերադարձել է Հայաստան։
ՄԻԵԴ-ը նաև անդրադարձել է այն հարցին, թե ինչու երեխային գտնելու մասին հայրը ժամանակին չի տեղեկացվել։ Երեխային գտնելուց հետո իշխանությունները նրան անմիջապես չեն հայտնել այդ մասին։ Հարկադիր կատարողի՝ որոնումը դադարեցնելու որոշումը կայացվել է 2025թ.-ի հոկտեմբերի 9-ին, իսկ հաջորդ օրը հորը ուղարկվել է համապատասխան նամակ։ Այսինքն՝ երեխային գտնելուց մինչև հորը պաշտոնապես տեղեկացնելը անցել է մոտ չորսուկես ամիս։
ՄԻԵԴ-ը նման ուշացումը անհիմն է համարել։ Դատարանի գնահատմամբ՝ այդ ընթացքում հայրը կարող էր մնալ անորոշության և անհանգստության մեջ, իսկ ուշացումը կարող էր բացասաբար ազդել երեխայի հետ նրա շփման վրա։
Դատարանն ընդգծել է, որ ծնողի և երեխայի հարաբերություններում երկար ժամանակ անցնելը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ։
Սակայն, ՄԻԵԴ-ը չի ընդունել հոր այն պնդումը, թե Հայաստանի իշխանությունները պարտավոր էին անմիջապես ապահովել ԱՄՆ դատարանի որոշմամբ սահմանված նրա խնամակալության իրավունքը։ Եվրոպական դատարանը նշել է, որ ԱՄՆ դատարանի այդ որոշումը Հայաստանում դեռևս չէր ճանաչվել՝ օրենքով նախատեսված կարգով։
Այնուամենայնիվ, ՄԻԵԴ-ի ընդհանուր եզրակացությունը հստակ է՝ Հայաստանի իշխանությունները չեն ձեռնարկել բոլոր այն քայլերը, որոնք ողջամտորեն կարելի էր ակնկալել՝ հորը դստեր հետ վերամիավորելու և նրանց հարաբերությունները պահպանելու համար։
Նշենք, որ ՄԻԵԴ-ում Ավետյանի շահերն ու իրավունքները պաշտպանել են փաստաբաններ Արա Ղազարյանն ու Աշխեն Դաշյանը, իսկ Հայաստանում՝ նաև Հայկ Դավթյանը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել