ԱԳՆ նախկին շենքի պահպանության և օգտագործման հայեցակարգն արժանացել է ԿԳՄՍՆ հավանությանը
Հանրապետության հրապարակում գտնվող Արտաքին գործերի նախարարության նախկին շենքի, որը պատկանում է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությանը, վերակառուցման հայեցակարգը սեպտեմբերի 30-ին արժանացել էԿրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից գործող գիտամեթոդական խորհրդի միաձայն հավանությանը։ Այս մասին հայտնում է ընկերությունը։
«Հայեցակարգը մշակվել է աշխարհահռչակ լոնդոնյան ճարտարապետական և դիզայներական «Foster + Partners» ընկերության, ինչպես նաև պատմական շենքերի վերականգնման ոլորտում մեծ փորձառություն ունեցող հայկական «Quadrum Architectural Office» ճարտարապետական գրասենյակի հետ համագործակցությամբ։
Նախագիծը նախատեսում է գոյություն ունեցող շենքի վերափոխումը բազմաֆունկցիոնալ համալիրի, որը կներառի հյուրանոցային, բնակելի, գրասենյակային և առևտրային տարածքներ, ինչպես նաև նոր հանրային տարածքներ։
Հաստատմանը նախորդել է շուրջ 18 ամիս տևած սերտ համագործակցություն ճարտարապետական թիմերի և ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից գործող գիտամեթոդական խորհրդի միջև։ Այդ ընթացքում հայեցակարգը շարունակաբար կատարելագործվել է կառուցողական երկխոսության արդյունքում՝ հաշվի առնելով Խորհրդի առաջարկություններն ու դիտարկումները։
Առանձնահատուկ ուշադրություն է հատկացվել շենքի ճարտարապետական և պատմական արժեքի, ինչպես նաև նրա առանձնահատուկ ժառանգական տարրերի պահպանման անհրաժեշտությանը։ Հայեցակարգի հաստատմամբ նախագիծն անցնում է զարգացման հաջորդ փուլ»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։
«Մեր նպատակն է նոր շունչ հաղորդել այս կարևոր նշանակության շինությանը՝ պահպանելով վերջինիս պատմական ինքնությունն ու Հանրապետության հրապարակի հետ ունեցած անմիջական կապը՝ միաժամանակ ստեղծելով ժամանակակից և կենսունակ միջավայր բնակիչների և այցելուների համար,» նշել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանը:
Ընդհանուր ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել ավելի քան 150 մլն ԱՄՆ դոլարի ներդրում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել