HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Այսօր՝ Կիպրոս-Հայաստան. կղզեբնակները վիճակագրական առավելություն ունեն

Այսօր՝ Երեւանի ժամանակով 20:00-ին, Նիկոսիայում կմեկնարկի Ազգերի լիգայի 2026-2027 թթ. խաղարկության Կիպրոս-Հայաստան հանդիպումը:

Երկու թիմերն ընդգրկված են C լիգայի 2-րդ խմբում, որտեղ նրանց մրցակիցներն են նաեւ Մոնտենեգրոն ու Լատվիան: 2 տուրից հետո Մոնտենեգրոն ունի 6 միավոր, Հայաստանը՝ 3, Կիպրոսն ու Լատվիան՝ 1-ական:

Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը սեպտեմբերի 30-ին Կիպրոս է մեկնել հետեւյալ կազմով.

Արսեն Բեգլարյան - «Ալաշկերտ»
Գոռ Մատինյան - «Սարդարապատ»
Ալեքսանդր Միշիեւ - «Ուրարտու»
Դավիթ Տերտերյան - «Ալաշկերտ»
Էրիկ Փիլոյան - «Ուրարտու»
Էրիկ Սիմոնյան -  «Փյունիկ»
Գեորգի Հարությունյան - «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա)
Նաիր Թիկնիզյան - «Օլիմպիակոս»» (Հունաստան)
Խարիտոն Այվազյան - «Ուրարտու»
Արգիշտի Պետրոսյան - ԲԿՄԱ
Կառլեն Հովհաննիսյան - «Ակրոն» (Ռուսաստան)
Ուգոչուկվու Իվու - «Ռուբին» (Ռուսաստան)
Նարեկ Աղասարյան - «Ուրարտու»
Կարեն Մուրադյան - «Արարատ-Արմենիա»
Արտյոմ Բանդիկյան - ԲԿՄԱ Մոսկվա (Ռուսաստան)
Էդուարդ Սպերցյան - «Ալ Ահլի» (Սաուդյան Արաբիա)
Կարեն Նալբանդյան - «Ալաշկերտ»
Գոռ Մանվելյան - «Նոա»
Արթուր Սերոբյան - «Արարատ-Արմենիա»
Էդգար Սեվիկյան - «Սեուտա» (Իսպանիա)
Նարեկ Գրիգորյան - «Ֆարուլ» (Ռումինիա)
Նարեկ Հովհաննիսյան - «Լեխիա» (Գդանսկ, Լեհաստան)
Արթուր Միրանյան - «Իրոնի Տիբերիաս» (Իսրայել)

Եթե նախապես հավաքական հրավիրված ֆուտբոլիստներից վնասվածքների պատճառով դուրս էր մնացել միանգամից 11 հոգի (Վահան Բիչախչյան, Ֆինն Գերագուսյան, Հրանտ-Լեոն Ռանոս, Դավիդ Դավիդյան, Կամո Հովհաննիսյան, Հովհաննես Հարությունյան, Հենրի Ավագյան, Նորբերտո Բրիասկո Բալեկյան, Էդգար Գրիգորյան, Ստյոպա Մկրտչյան, Սերգեյ Մուրադյան), ապա Լատվիայի հետ առաջին տուրի հանդիպումից հետո կազմից դուրս է մնացել նաեւ պաշտպան Խուլիո Բուենոն: Մոնտենեգրոյի հետ հանդիպումից հետո էլ դեղին քարտերի պատճառով մեկ խաղով որակազրկվել է Արթուր Սերոբյանը: Նա բաց կթողնի Կիպրոս-Հայաստան հանդիպումը, սակայն հնարավորություն կունենա մասնակցել հոկտեմբերի 5-ին կայանալիք Մոնտենեգրո-Հայաստան մրցավեճին: Կիպրոսի ու Մոնտենեգրոյի հետ հանդիպումները բաց կթողնեն Ժիրայր Շաղոյանն ու Օգնյեն Չանչարեւիչը: 

Կիպրոսի հետ Հայաստանի ընտրանին դիմակայության հարուստ փորձ ունի:

Այս թիմին առաջին անգամ հանդիպել ենք «Եվրո-1996»-ի ընտրական փուլում: 1994-ի հոկտեմբերի 8-ին Երեւանում գրանցվել է 0-0, իսկ նույն տարվա նոյեմբերի 16-ին Լիմասոլում դաշտի տերերը հաղթել են 2-0 հաշվով: 2000 թ. փետրվարի 4-ին Կիպրոսի ընկերական մրցաշարում Լիմասոլում դաշտի տերերը միայն ավելացված ժամանակում են կարողացել խփել վճռորոշ գոլն ու հաղթել 3-2 հաշվով (մերոնցից աչքի են ընկել Արթուր Պետրոսյանն ու Արման Քարամյանը): Ընդհանրապես, այս մրցաշարը միշտ էլ աչքի է ընկել սեփական հավաքականի օգտին կիպրացի մրցավարների կասկածելի որոշումներով (տարօրինակ է, բայց մրցաշարում Կիպրոսի խաղերը եւս նրանք են սպասարկել): 2006-ի մարտի 1-ին կրկին Կիպրոսի մրցաշարի շրջանակներում Լիմասոլում մերոնք 0-2 հաշվով պարտվել են կղզեբնակներին: 2007-ի սեպտեմբերի 8-ին Կիպրոսում կայացած հերթական ընկերական խաղն ավարտվել է դաշտի տերերի 3-1 հաշվով հաղթանակով (այս խաղի մրցավարը եւս կիպրացի էր): Մերոնցից միակ գոլը խփել է Ռոբերտ Արզումանյանը: Մի ընկերական խաղ էլ կայացել է 2017-ի նոյեմբերի 13-ին Երեւանում եւ ավարտվել է մեր թիմի հաղթանակով՝ 3-2: Աչքի են ընկել Հայկ Իշխանյանը, Վարազդատ Հարոյանն ու Հենրիխ Մխիթարյանը: Մինչ այս վերջին հանդիպումը, որը եւս ընկերական էր, կայացել է 2023 թ. մարտի 28-ին Երեւանում: Գրանցվել է 2-2: Մերոնցից դուբլի հեղինակ է դարձել Հրանտ-Լեոն Ռանոսը: 

Այսպիսով՝ հայ-կիպրական ֆուտբոլային դիմակայությունում մինչ այս կայացել է 7 հանդիպում: Մերոնք հաղթել են 1 անգամ, գրանցվել է 2 ոչ-ոքի, 4 անգամ էլ հաղթել են կղզեբնակները: Խփած ու բաց թողած գոլերի տարբերությունը՝ 8-14՝ ի վնաս մեզ: 

Կիպրոս-Հայաստան խաղը կսպասարկի ֆիննական մրցավարական անձնակազմը՝ Մոհամադ Էլ Էմարայի գլխավորությամբ: 

ՖԻՖԱ-ի վարկանիշային դասակարգման աղյուսակում ներկայում Հայաստանը 107-րդն է, իսկ Կիպրոսը` 124-րդը։

Կիպրոս-Հայաստան մրցավեճին զուգահեռ Ռիգայում կսկսվի Լատվիա-Մոնտենեգրո հանդիպումը: 

Լուսանկարը՝ Armenia National Teams, facebook.com

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter