Ալիկ Ալեքսանյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով
«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ալիկ (Ալեքսան) Ալեքսանյանի նկատմամբ կիրառված կալանքը փոխարինվել է տնային կալանքով՝ 3 ամիս ժամկետով։ Ալեքսանյանը կալանավորված էր 2026թ.-ի հունիսի 3-ից։
Ըստ մեղադրանքի՝ Ալեքսան Ալեքսանյանը մեղադրվում է նրա համար, որ, լինելով «Մեր ձևով» ազգային արժեքների պահպանության հասարակական կազմակերպության և «Ուժեղ Հայաստան» կուսակցության գործադիր մարմնի ղեկավարը, ինչպես նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու, Նարեկ Կարապետյանի և այլ անձանց հետ ստեղծել և ղեկավարել է հանցավոր կազմակերպություն։
Մեղադրանքի համաձայն՝ այդ կազմակերպության նպատակը եղել է ապօրինի գործունեության միջոցով ազդել 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքի և արդյունքների վրա։ Մասնավորապես, ըստ մեղադրանքի, նախատեսվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության, իսկ հետագայում՝ դրա հիման վրա ձևավորված դաշինքի օգտին ապահովել ավելի շատ ձայներ և ստեղծել այդ քաղաքական ուժի աջակիցների մեծ թվաքանակի տպավորություն։
Ըստ մեղադրանքի՝ Ալեքսանյանն ու Նարեկ Կարապետյանը նախապես համաձայնության են եկել և 2025թ. սեպտեմբերի 9-ին ստեղծել «Մեր ձևով» ազգային արժեքների պահպանության հասարակական կազմակերպությունը։ Մեղադրանքի համաձայն՝ կազմակերպությունը ստեղծվել է ոչ թե իր պաշտոնական նպատակներն իրականացնելու, այլ իրական նպատակը թաքցնելու համար։
Ըստ քննության՝ կազմակերպության միջոցով քաղաքացիներին նյութապես շահագրգռել են տարբեր հավաքների մասնակցելու, ինչպես նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության և հետագայում ձևավորված դաշինքի օգտին ընտրական գործընթացներին աջակցելու համար։
Մեղադրանքի համաձայն՝ այս մեխանիզմի միջոցով շրջանցվել են այն սահմանափակումները, որոնց պատճառով Նարեկ Կարապետյանի և նրա ընտանիքի հետ փոխկապակցված «Տաշիր» բարեգործական հիմնադրամը, «Ինտեկո էներգո» և «Տաշիր Կապիտալ» ընկերությունները չէին կարող քաղաքական կամ ընտրական նպատակներով գումարներ փոխանցել տարբեր անձանց և կազմակերպություններին։
Նախաքննական մարմնի տվյալներով՝ ՝ կազմակերպության միջոցով իրականացված գործունեության հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս։
Բացի այդ, Ալեքսան Ալեքսանյանը, Նարեկ Կարապետյանը և այլ անձինք մեղադրվում են իրենց պաշտոնեական լիազորություններն ու դրանցից բխող ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերի փողերի լվացում կատարելու մեջ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել