HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

46 հա անտառը մնաց նախկիններին․ ո՞վ է մեղավոր

Ծաղկաձորի սկզբնամասում գտնվող 46 հեկտար անտառապատ հողերը չվերադարձվեցին պետությանը։ Դրանք ապօրինաբար էին սեփականաշնորհվել։ 8 տարի տևած դատական գործերի հիմնական մասն ավարտվել է բացասական ելքով։ Դատախազությունը համաձայն չէ Հակակոռուպցիոն դատարանի վճիռների հետ։ Իրավիճակն ավելի է բարդացել, քանի որ հողերի մի քանի սեփականատեր, օգտվելով այն հանգամանքից, որ գույքերի վրա արգելանք չկա, դրանք վաճառել են։

Ծաղկաձորի Մհեր Մկրտչյան փողոցում գտնվող անտառներն ապօրինի սեփականաշնորհվել էին 2007 թ․-ին, ինչը «Հետք»-ը բացահայտեց 2018 թ․-ին։ Դրանք ձեռք են բերել նախկին պաշտոնյաների հետ փոխկապակցված անձինք, այդ թվում՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վարորդը, թիկնապահը, Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի մերձավորը, Հրազդանի նախկին համայնքապետ Արամ Դանիելյանի կինը, Դանիելյանի խորհրդականը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Մարտուն Մաթևոսյանը և այլ պաշտոնյաներ։

Ծաղկաձորում անտառապատ տարածքների սեփականաշնորհման մասին «Հետքի» հրապարակումից հետո քրեական գործ հարուցվեց։ Այն քննվեց Հատուկ քննչական ծառայությունում, որը ղեկավարում էր Սասուն Խաչատրյանը։ 9 ամիս տևած նախաքննությունը սահմանափակվեց կեղծ աճուրդների փաստն արձանագրելով։ Քննիչի որոշումը հաստատվեց դատախազությունում։ Այդ փուլում գլխավոր դատախազն Արթուր Դավթյանն էր։ Դատախազությունը պետական շահերի պաշտպանության շրջանակում սկսեց դատարանում վիճարկել աճուրդների որոշումները։

Տարիներ տևած դատաքննություններից հետո անտառապատ որոշ տարածքներ վերադարձվեցին պետությանը։ Դրանք Կոտայքի մարզպետարանի կազմակերպած աճուրդներով վաճառվածներն էին, իսկ հողերի մյուս մասը՝ մոտ 50 հեկտարը, օտարվել էր Հրազդան համայնքի ղեկավարի որոշումներով։

Դրանց վերաբերյալ դատական հայցերը դատարան պետք է ներկայացներ Հրազդանի համայնքապետարանը։ Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանի պաշտոնավարման ժամանակ դատական հայցերը պատշաճ չներկայացվեցին, իսկ ներկայացված հայցերով էլ համայնքապետարանը դատական նիստերին պատշաճ ներկայություն չապահովեց։ Դրա հետևանքով հայցերը մեկը մյուսի հետևից մերժվեցին կամ մնացին առանց քննության։ Դատախազությունը, 2025 թ․-ին արդեն ունենալով համայնքային շահերի պաշտպանության նպատակով դատարան դիմելու իրավունք, դիմեց Հակակոռուպցիոն դատարան, սակայն՝ ապարդյուն։ Դատավորները, կրկին հայցային վաղեմություն կիրառելով, մերժեցին և շարունակում են մերժել դատախազության հայցերը։

Գլխավոր նկարում՝ Վճռաբեկ դատարանի Հակակոռուպցիոն պալատի նախագահ Արթուր Դավթյանը և Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter